Այս աղջկան շատերն են ճանաչում։ Նա երեք տարի առաջ հայտարարեց, որ միայն KFC ընկերության արտադրած ուտելիքով է սնվելու։ BlogNews-ը ձեզ է ներկայացնում 21-ամյա Ջորջիա Սքոթնիին, ով տառապում է սննդային վարքի սելեկտիվ խանգարումից։ Նա դրա մասին իմացել է դեռ մանուկ հասակում։ Աղջիկն ասում է, որ այդ հիվանդության պատճառով, KFC-ի սննդից բացի, ոչինչ չի կարողացել ուտել։

Այդ խնդիրը հաճախ է հանդիպում երեխաների շրջանում․ որպես կանոն, մեծ մասամբ սննդային խանգարումը տարիքի հետ տեղի է տալիս, ինչպես պնդում է The Huffington Post-ի խմբագիրը։ Հազվադեպ է հիվանդությունը շարունակվում նաև հասուն տարիքում։ Նման խանգարումով մարդկանց համար սնունդը և դրա ընտրությունը ամենամեծ գլխացավանքներից մեկն է։

«Փոքր ժամանակ ես համառ աղջնակ էի։ Սկզբում սնվում էի միայն Southern Fried Chicken-ով և չիփսերով, բայց հետո, երբ համտեսեցի KFC-ի տապակած հավը, այևս չկարողացա հրաժարվել դրանից ու ամեն օր միայն KFC էի գնում ուտելու,- ասում է Սքոթնին։- Այն ժամանակ դա ինձ դուր էր գալիս, բայց հիմա հասկանում եմ՝ ինչ վատ գաղափար էր։ Արդեն ի վիճակի չեմ ուրիշ համեղ ճաշատեսակներ, օրինակ՝ սոուսներ ուտել, որովհետև ահավոր վատանում եմ դրանից»։

Սակայն Սքոթնին պնդում է, որ հիպնոթերապիայի սեանսից հետո ինքը կարող է սննդի ավելի լայն ընտրանիից օգտվել, այդ թվում՝ մրգից։

Նա ասում է, որ բժիշկների օգնությանը դիմելու գաղափարը իրեն հուշեց ընկերը՝ 25-ամյա Առնոլդ Դինը։

«Հենց ընկերս ստիպեց դիմել այդ քայլին։ Ճիշտ է, երկար ժամանակ համառում էի, բայց չկարողացա նրան հաղթել»,- ասում է Սքոթնին։

Ընկերոջ խորհուրդը չէր միայն, որ նրան ստիպեց դիմել բժշկական միջամտության։ Աղջիկը խոստովանում է, որ հոգու խորքում ինքը միշտ էլ ցանկացել է փոխել սնվելու սովորությունները։ Զույգը մտադիր է ճանապարհորդել, աշխարհ տեսնել։ Այդ ժամանակ էլ նրանք եզրակացրել են, որ սննդային խանգարումը խոչընդոտներ կառաջացնի։

«Երբ մենք որոշեցինք, որ ճամփորդելու ենք, ես հասկացա, որ պետք է ինչ-որ բան փոխել, թե չէ ես ուղղակի սովից մեռնելու էի,- ասում է Սքոթնին։- Կյանքում երբեք միրգ ու բանջարեղեն չէի կերել, մտքովս էլ չէր անցնի, որ ընթրիքին ինչ-որ տապակած բան կուտեմ։ Հավատս չի գալիս՝ ինչ լավ ուտելիքներ եմ բաց թողել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել