Աստղային դերասաններ, թանկարժեք ու շքեղ նկարահանումներ, տարբերվող գաղափար ու հետաքրքիր սցենար. BlogNews.am-ին հայտնի են դարձել բացառիկ մանրամասներ այն մասին, որ շուտով կինոշուկայում կհայտնվի ֆիլմ, որը նոր որակ կբերի հայկական ֆիլմարտադրություն:
«Կտակ». այսպես է կոչվում արկածային նոր կատակերգությունը, որտեղ հնարավոր է՝ հանդես գան դերասաններ Հովհաննես Ազոյանն ու Լևոն Սարգսյանը: Դերասանների ակնհայտ նմանությունն է դարձել սցենարի հիմքը: Երկվորյակ եղբայրների մասին պատմությունը սկսվում է նրանց ծնողների ամուսնալուծմամբ այն ժամանակ, երբ տղաները դեռ փոքր են: Մայրը վերցնում է մի տղային և տեղափոխվում Լոս Անջելես, իսկ հայրը մյուս եղբոր հետ մեկնում է Մոսկվա: Եղբայրները մեծանում են իրարից անկախ, առանց մեկը մյուսի գոյության մասին իմանալու: Նրանք ինչքան էլ որ նման են արտաքնապես, նույնքան տարբեր են բնավորությամբ և մտածելակերպով: Եղբայրներից Ալեքսը (Լևոն Սարգսյան), ով մեծացել և դաստիարակվել է Ամերիկայում, լինելով ամերիկյան արժեքների կրող, այդուհանդերձ պահպանել է հայկական արմատներն ու օր առաջ ցանկանում է վերադառնալ հայրենիք, ինչն, իհարկե, չես կարող ասել մյուս եղբոր՝ Արմենի մասին (Հովհանես Ազոյան), ով, մեծանալով Մոսկվայում, ձեռք է բերում տիպիկ ռուսաստանաբնակ հայի խորամանկություն: Եվ ահա մի օր եղբայրները միաժամանակ նամակ են ստանում Հայաստանից այն մասին, որ նրանց պապը թողել է կտակ, որը ստանալու համար նրանք անհապաղ պետք է Հայաստան մեկնեն: Եվ միայն Հայաստանում կտակը բացելու ժամանակ նրանք կիմանան միմյանց գոյության մասին: Պարզվում է՝ կտակին արժանանալն այդքան էլ հեշտ գործ չէ, քանի որ պապը նրանց համար փորձություններ է պատրաստել, որոնք հաղթահարելուց հետո միայն պարզ կլինի, թե ում է բաժին հասնելու կտակը:
Գաղափարն արդյո՞ք կվերածվի կինոժապավենի՝ ինչ-որ չափով պայմանավորված է նաև հասարակական արձագանքից: BlogNews.am-ի հետ զրույցում սցենարի հեղինակ Սիփան Քարամյանը բացել է որոշ փակագծեր ու պատմել սցենարի, նմանատիպ սյուժեով ֆիլմի ու դրա նպատակի մասին:
Երիտասարդ ու տաղանդավոր տղան, նկատելով Հովհաննեսի ու Լևոնի անհերքելի նմանությունը, միանգամից որոշել է ստեղծել այնպիսի բան, որը նրանց կարող է միավորել մեկ տեղում. «Առանձին-առանձին նրանք երկուսն էլ տաղանդավոր դերասաններ են, բայց ինչպիսին կլինեն նրանք միասին մեկ ֆիլմում, այ դա արդեն ամենահետաքրքիրն է ու ֆիլմի ամբողջ սցենարի մեխը: Նմանատիպ սցենար հնարավոր է գտնել համաշխարհային կինեմատոգրաֆիայում: Դժվար մենք այսքան հետաքրքիր սցենար կարողանայինք ստանալ, եթե չլիներ Լևոնի և Հովհաննեսի նմանությունը: Կա կրեատիվ միտք ու անսպառ էնտուզիազմ, որն ուզում եմ օգտագործել ու նոր բան առաջարկել հանդիսատեսին»:
Սիփանի կարծիքով՝ ֆիլմը միանշանակ տարբերվելու է շուկայում եղած բոլոր ֆիլմերից, այն ոչ միայն ծիծաղաշարժ է, այլև հիմքում ունի կարևոր ուղերձ. «Ֆիլմում կա հայրենադարձության գաղափարը: Ավարտի մասին ես չեմ պատմի, բայց վստահեցնում եմ, որ եղբայրների միասնությունն ու Հայաստանում մշտական բնակություն հաստատելու իրենց ցանկությունը ոգևորիչ կլինի նաև մյուսների համար»:
Ստեղծագործական թիմը բաց է առաջարկների ու կրեատիվ մտքերի համար. «Մենք ուրախ կլինենք լսել հանդիսատեսի կարծիքն ու իմանալ՝ կցանկանային էկրաններին տեսնել նմանատիպ ֆիլմ, թե ոչ: Մեր նպատակն ինտերակտիվությունն է: Ուզում ենք՝ այն հանդիսատեսը, որը գնալու է ֆիլմը դիտելու, մինչև ֆիլմի ստեղծվելը մասնակցություն ունենա դրա ստեղծման գործընթացին, հաճախ հենց իրենք ուղղորդեն՝ ինչ գծեր կուզենային տեսնել»,- եզրափակեց Սիփանը:
Իսկ ձեզ դուր եկա՞վ ֆիլմի գաղափարը: