Հայտնի է, որ ոչ մի հնագույն մշակույթում չեն արվել այնքան գյուտեր, որոնք նպաստել են ընդհանուր զարգացմանը, որքան չինական մշակույթում: Ձեզ ենք ներկայացնում հնագույն ազգի կարևորագույն հայտնագործությունները:

Վառոդ

Սկսենք ամենահայտնի հին չինական հայտնագործությունից: Ըստ լեգենդի՝ վառոդը պատահաբար է ստեղծվել, երբ հին չինացի ալքիմիկոսները փորձել են խառնուրդ ստեղծել, որը նրանց անմահություն կպարգևեր: Ճակատագրի հեգնանքով նրանց հաջողվել է ստեղծել մի բան, որի օգնությամբ հեշտությամբ հնարավոր կլիներ մարդու կյանքը խլել:

Առաջին վառոդը ստեղծվել է կալիումի նիտրատի, փայտածխի ու ծծմբի խառնուրդից: Առաջին անգամ այս խառնուրդը նկարագրել են 1044 թ. մի գրքում, որը պատմում էր կարևորագոյւն ռազմական տեխնիկայի մասին: Գրքում խոսվում էր նաև այն մասին, որ վառոդի գյուտը վաղուց է արվել, և գոյություն ունի երեք տեսակի վառոդ, որոնք չինացիներն օգտագործել են ազդանշանային հրթիռների և հրավառությունների ստեղծման մեջ: Ավելի ուշ վառոդը սկսել են կիրառել ռազմական նպատակներով:

Ավելի ուշ մարդիկ հասկացել են, որ այս խառնուրդին մետաղներ ավելացնելիս վառ գույներ են ստացվում: Հենց դա հասկանալու շնորհիվ էլ մեզ այսօր հայտնի են գունավոր հրավառությունները:

 

Թուղթ

Մինչ այսօր հստակ չէ, թե ով է առաջինն իր մտքերը թղթին հանձնել՝ բանավոր խոսքը գրավորի վերածելով: Այս հարցի շուրջ երկբայություններ կան Միջագետքի շումերների, ներկայիս Աֆղանստանի տարածքում բնակվող հարապների ու Եգիպտոսում բնակվող կոմիտների մեջ: Սակայն հայտնի է, որ առաջին լեզուներն ի հայտ են եկել 5000 տարի առաջ: Կարելի է նաև ասել, որ դրանք առավել վաղ են հայտնվել, եթե հաշվի առնենք դրանց գեղարվեստական արտահայտումները, պատկերները: Երբ լեզուները սկսեցին զարգանալ, մարդիկ սկսեցին գրել յուրաքանչյուր բանի վրա, եթե այն երկար  էր պահպանվում: Կավե աղյուսակներ, բամբուկ, պապիրուս, քար. սա միայն մի փոքր մասն է այն մակերևույթների, որոնց վրա գրել են հնագույն մարդիկ:

Իրավիճակը կտրուկ փոփոխվեց այն բանից հետո, երբ Ցայ Լուն անունով մի չինացի հայտնագործեց ժամանակակից թղթի նախատիպը: Մ.թ.ա. 105 թ. նա փայտի մանրաթելերից և ջրի խառնուրդից թուղթ ստեղծեց:

 

Սայլակ

Յուգո Լյանգ անունով գեներալը, ով ապրել է Հան դինաստիայի ժամանակաշրջանում, ստեղծել է զամբյուղ, որը տեղաշարժվում էր անիվների վրա և նախատեսված էր երկրորդ դարում ծանր բեռներ տեղափոխելու համար: Լյանգի «զամբյուղը» մի թերություն ուներ. այն բռնակներ չուներ: Բռնակներն ավելի ուշ ստեղծվեցին, երբ սայլակն արդեն զարգացման փուլում էր:

Ի սկզբանե սայլը նախատեսված էր ռազմական նպատակներով օգտագործելու համար: Այն չինացիներին մեծ առավելություններ էր տալիս թշնամիների հետ հարաբերություններում, քանի որ դրանք տարատեսակ եղանակներով էին կիրառվում պատերազմների ժամանակ:

Կա նաև վարկած, որ գյուտի հեղինակը ֆերմեր Կո Յուն է, ով ապրել է մ.թ.ա. առաջին դարում: Չնայած որ այս մարդու գոյությունը մինչ այսօր կասկածի տակ է, ամեն դեպքում կա կապ Յուգոյի ու Կոյի մեջ: Ինչպես և գեներալը, ֆերմերը ևս գաղտնի է պահել իր հայտնագործությունը՝ այն նկարագրելու համար հատուկ կոդ մշակելով:

Ալկոհոլ

Չինացիներին հարկավոր է շնորհակալություն հայտնել նաև էթանոլի և իզոպրոպիլային ալկոհոլի ստեղծման համար, որոնք ժամանակակից ալկոհոլային խմիչքների հիմքն են հանդիսանում: Ի դեպ՝ մարդկանց կողմից արված քիչ հայտնագործություններ կան, որոնք մարդուն միաժամանակ ուրախություն ու դժբախտություն են պատճառում:

Մ.թ.ա. 3-րդ դարի սկզբում չինացիները մտածում էին՝ ինչպես ֆերմենտացիայի միջոցով կատարելագործել այնպիսի արտադրանքներ, ինչպիսիք էին քացախն ու սոյայի սոուսը: Հետագայում նման կերպով պատրաստվեց ալկոհոլը:

Սակայն վերջին հնագիտական պեղումները խոսում են այն մասին, որ ալկոհոլը չինացիները ստեղծել են ավելի վաղ: Կերամիկայի կտորների վրա, որոնք գտնվել են Հենան պրովինցիայում և ունեն 9,000 տարվա հնություն, հայտնաբերվել են ալկոհոլի հետքեր:

Մետաքս

Մոնղոլները, բյուզանդացիները, հույներն ու հռոմեացիները միշտ տառապել են չինացիների՝ վառոդ ունենալու պատճառով: Սակայն մետաքսի շնորհիվ չինացիներին հաջողվեց իրենց և այլ մշակույթների միջև հարթել բոլոր հակասությունները: Մետաքսի պահանջարկն այնքան մեծ էր, որ այս բարակ կտորը առևտրի շնորհիվ Չինաստանը կապում էր այլ երկրների հետ: Այդ եղանակով մետաքսը հանգեցրեց Մետաքսի ճանապարհի ստեղծմանը, որը ձգվում էր Չինաստանից մինչև Միջերկրածովյան տարածք, Աֆրիկա, Մերձավոր Արևելք և Եվրոպա:

Երկար ժամանակ չինացիները մետաքսի գոյությունը կարողացել են գաղտնի պահել, սակայն կորցրել են վերահսկողությունը դրա նկատմամբ հետագայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել