Երգչուհի Իջինը վերջերս հանգստանում էր Դոհայում և հանգստի ընթացքում հաճախ էր իր հետևորդների հետ կիսվում իր լուսանկարներով և ստացված տպավորություններով: Երգչուհին BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչ տեսակ հանգիստ է նախընտրում և թե ինչպես է նախապատրաստվում դրան:

«Ես նախընտրում եմ հանգստանալ տաք երկրներում, որտեղ կա ավազ, ծով, և կարելի է ոչինչ չանել, միայն պառկել, հանգստանալ, երբ կարող ես պարզապես ուղեղդ անջատել և մտածել միայն լավ արևայրուքի մասին: Սիրում եմ նաև շատ քնել և անդադար ուտել, գիրք կարդալ և ֆիլմեր դիտել: Իմ ստեղծագործական կյանքում էքստրիմն այնքան շատ է, որ հանգստի ժամանակ նախընտրում եմ ավելի պասիվ լինել»,- պատմում է երգչուհին։

Ինչպես նշում է երգչուհին, բնույթով էքստրեմալ մարդ չէ, այն, ինչ չի կարողանում վերահսկել իր համար չէ. «Էսքտրիմն իմ կյանքում այլ ձև է արտահայտվում և այլ բնագավառներում, օրինակ՝ ինչ-որ նոր գաղափարների ժամանակ, բայց ինչ կապված է ֆիզիկականի հետ, դա ինձ համար լրիվ փակ թեմա է: Եթե տվյալ սպորտաձևը կարող է վնասել իմ առողջությունը, ես միանշանակ չեմ անի, քանի որ շատ լուրջ եմ վերաբերվում իմ առողջությանը»:

«Կան երկրներ, որոնք կարող եմ այցելել իրենց մշակույթն ուսումնասիրելու համար։ Այդ ժամանակ օրս հագեցած է լինում տարբեր էքսկուրսիաներով: Եղել է, օրինակ, երբ մեկ շաբաթով Փարիզում էինք, որից հետո միանգամից գնացի Իբիցա: Փարիզում բոլոր թանգարաններում և պատմամշակութային վայրերում եղանք, որից հետո մեկնեցինք Իբիցա գեղեցիկ արևայրուքի հետևից»: 

Երգչուհին խոստովանում է՝ իր համար հանգիստը պլանավորելը մեծ գլխացավանք է. մեկ ամիս առաջ սկսում է հավաքել ճապրուկը. «Ես չափազանց շատ բան կարող եմ ինձ հետ տանել։ Օրինակ՝ մեկ ճամպրուկում կարող են լինել խնամքի միջոցներ՝ մարմնի, վարսերի համար, որոնք, իհարկե, ինձ հետ ամենուր են լինում: Իսկ ինչ վերաբերում է հագուստին, ես յուրաքանչյուր օրվա համար պլանավորում եմ՝ ինչ եմ կրելու առավոտյան, ցերեկը, երեկոյան: Որոշում եմ, թե տվյալ հագուստի հետ ինչ կոշիկ եմ կրելու: Բնույթով պերֆեկցիոնիստ եմ, այդ իսկ պատճառով սիրում եմ, երբ ամեն ինչ արդեն իսկ դասավորված և որոշված է»,- եզրափակեց Իջինը։

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել