Armtimes.com-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը հրավիրել է ՌԴ տարածքում առաքելություն իրականացնող բոլոր օտարերկրյա պետությունների դեսպաններին՝ քննարկելու ՌԴ նախկին սպա, լրտեսության մեջ մեղադրվող Սերգեյ Սկրիպալի գործը: Հանդիպումը նշանակված է վաղը՝ մարտի 21-ին, փոխանցում է RT-ն:

Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հստակեցրել է հանդիպման թեման՝ նշելով, որ հիմնական քննարկումը Մեծ Բրիտանիայի վերջին հայտարարությունների շուրջ է լինելու:

Նախարարության աշխատակիցները փորձելու են դեսպաններին ներկայացնել Ռուսաստանի տեսակետը, հակադարձումներն ու դիրքորոշումը՝ Սկրիպալի թունավորման գործի մասին:

Ավելի վաղ ռուս դիվանագետները, որոնց վտարել են Լոնդոնից, հայրենիք՝ Ռուսաստան են վերադարձել այսօր: Դիվանագիտական կառույցների 23 անդամներն ու նրանց ընտանիքների անդամները Մոսկվա են հասել հատուկ չվերթով:

Ռուս-բրիտանական սկանդալն հասունացավ ռուս նախկին սպա, Մեծ Բրիտանիայից քաղաքական ապաստան խնդրած ու վերջին տարիներին այդ երկրի քաղաքացի համարվող Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր՝ Յուլյա Սկրիպալի թունավորումից հետո:

Պառլամենտում ելույթի ժամանակ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ուղիղ ձեւով մեղադրել էր Ռուսաստանին՝ Սերգեյ Սկրիպալի թունավորման համար ու խոստացել էր պատժիչ քայլերի գնալ: Ավելի ուշ Մեյը հայտարարել էր, որ սառեցվում են ռուս-բրիտանական բոլոր երկկողմ հարաբերությունները՝ դիվանագիտական ասպարեզում, սառեցվում են քաղաքական համագործակցությունները, սկսվելու է վերահսկողությունը՝ Մեծ Բրիտանիա մտնող մասնավոր ինքնաթիռների վրա, ինչպես նաեւ ռուսների համար կխստացվեն ստուգումները սահմանային անցակետերում:

Բարձրաստիճան պաշտոնյաներն ու արքայական ընտանիքի անդամները ներկա չեն լինելու Ռուսաստանում անցկացվելիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Լոնդոնը նաեւ ներկայացրել էր 23 դիվանագետների ցանկը, որոնք պետք է լքեին երկիրը:

Ռուսական կողմը Մեյի հայտարարությունը կոպիտ պրովոկացիա էր որակել,հետ էր կանչել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Մեծ Բրիտանիա, պահանել թունավորման գործի նյութերը՝ նշելով, որ ռուսական կողմը կապ չունի այդ ամենի հետ:

Նախագահական ընտրություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն,անդրադառնալով այս հնչեղ գործին, նշել էր, որ իրենց կողմից առնվազն հիմարություն կլիներ ընտրությունների նախաշեմին ու Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ նման քայլերի գնալ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան անգիտակից վիճակում հայտնաբերվել են մարտի 4-ին Մեծ Բրիտանիայի Սոլսբերիի այգու նստարանին:

Նրանց տեղափոխել են հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում, նրանք մինչեւ հիմա կոմայի մեջ են, բժիշկները նրանց վիճակը կայուն ծանր են գնահատում: Ոստիկանությունում պարզել են, որ նրանք թունավորվել են նյարդակաթվածահարող նյութով, թունավորված են եղել եւս 20 մարդ, այդ թվում՝ ոստիկան, որն առաջինն է այցելել դեպքի վայր եւ Սկրիպալի տուն: Թունավորման փաստով հարուցվել է քրեական գործ մահափորձի հանցակազմով:

Սերգեյ Սկրիպալը Մեծ Բրիտանիայից քաղաքական ապաստան էր ստացել 2010 թվականին, հանդիսանում էր Մեծ Բրիտանիայի քաղաքացի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել