Tert.am-ը գրում է.

ՀՀ-ում ստեղծվել է բավականին կոշտ պատային իրավիճակ: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նա գտնում է, որ քաղաքական փակուղի է, ճահիճ է, որից ելք փնտրելն այն ձևով, ինչպես արվում է քաղաքական էլիտայի, հատկապես իշխանական էլիտայի կողմից, որևէ բանի չի բերի, ելք չունեն այս իրավիճակից: Նրա խոսքով՝ քաղաքական դաշտն ամայացնում են, սպանում են ընդդիմությանը, հետո  ընդդիմությունից պահանջում, որ դրոշակը ձեռքը պայքարի: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հնարավորությանը՝  Արամ Կարապետյանն ասաց, թե դա հայաստանյան քաղաքական դաշտի տիպիկ օրինակ է՝ մարդը փաստացի ասել է մի բան, հիմա բացատրում է, թե ինչու այն ժամանակվա ասածը պետք չէ ընդունել այնպես, ինչպես ասվել է:

-Պարո՛ն Կարապետյան, երկիրն ամբողջությամբ խորհրդարանական համակարգի անցման շեմին է, կառավարություն պետք է փոխվի, ընդդիմադիր որոշ ուժեր փորձում են պայքարել:

Ի վերջո, քաղաքական խճանկարում ի՞նչ պատկեր է ստեղծվել:

-Ամեն բան հստակ է, այսինքն՝ որևէ քաղաքագիտական վերլուծության խնդիր չկա. ՀՀ-ում ստեղծվել է բավականին կոշտ պատային իրավիճակ: Պարզ է, որ ընդդիմությունը չունի  ֆինանսական ու քաղաքական այն հնարավորությունները, որ հենց այդ պահին իրավիճակ փոխի, իսկ իշխող կուսակցությունն էլ պատանդ է դառել այն ամենին, ինչ մինչև հիմա ասել է և չի արել: ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրեցինք, բայց վերջում պարզվեց, որ այս փաստաթուղթը ՀՀ-ին որևէ բան չի տալու, ՌԴ-ում ընտրություններ անցան, նախագահն էլ մեծ ձայներ հավաքեց, բայց ՀՀ-ում ներդրումներ չի կատարվում, ստրատեգիական օգնություն չի տրվում: Ադրբեջանն արդեն Երևանի գրավման մասին է  խոսում, Թուրքիան շարունակ գնում է  առաջ: Հիմա էլ ԱՄՆ-ի հետ է սկսվել որոշակի դիալոգ, շատ լավ է, որևէ մեկը վատ բան չի ասում, բայց ռեալ, թե ինչ է սա տալիս Հայաստանին, բացի նրանից, որ այս կամ այն մարդիկ այստեղ ու այնտեղ հանդիպումներ են ունենում, ոչ մի բան չի փոխվում: Նույնիսկ այն թվերը, որոնք ասվում են ՀՀ տնտեսության մասին՝ 7.5 տոկոս աճ և այլն, միևնույն է, իրավամբ պետք է արձանագրենք, որ մեր կյանքում փոփոխություն չենք զգում: Այսինքն՝ բոլոր ասպարեզներում՝ տնտեսական, քաղաքական, գեոքաղաքական և այլն փոփոխություններ չկան: Ներդրումների թվեր էին ասում, ներդրողների ակումբը մինչև 3 միլիարդի ներդրում պիտի աներ և այլն, սակայն սրանք բաներ են, որոնք կյանքի ռեալության հետ որևէ կապ չունեն:

Քաղաքական փակուղի է, ճահիճ է, որից ելք փնտրելն այն ձևով, ինչպես արվում է քաղաքական էլիտայի, հատկապես իշխանական էլիտայի կողմից, որևէ բան չի բերի, ելք չունեն այս իրավիճակից:

-Դուք մի շարք խնդիրներ մատնանշեցիք, այդ դեպքում ո՞ւր է ընդդիմությունը, ինչո՞ւ այնպիսի քաղաքական օրակարգ չի ձևավորում, որ շարժում սկսի, ինչը գոնե կստիպի իշխանություններին այլ կերպ գործել:

-Շատերը չեն ցանկանում պատասխանել այս հարցին, բայց ես կպատասխանեմ: Շատ հետաքրքիր բան է կատարվում՝ իշխանությունն ամեն օր, ամեն ժամ սպանում է ընդդիմությանը: Կատակով ասեմ, բայց կարծում եմ, որ այս իշխանության ամենամեծ ստացված գործը Հայաստանի քաղաքական դաշտն ամայացնել է, այն  իրենց մոտ շատ լավ ստացվել է: Ասացեք խնդրեմ՝ դասական քաղաքականության մեջ ընդդիմությունն ինչպե՞ս է գործում, այսինքն՝ դասական քաղաքականության մեջ մաքուր, իշխանության հետ չհամագործակցող ընդդիմությունն ունենում է երկրի ներսում հովանավորներ, ֆինանսական ռեսուրսներ, քաղաքական միտք, համապատասխան քաղաքական կադրեր, ամբողջ աշխարհում է այդպես: Եթե դրսից է փողեր բերում, ասում են՝ գունավոր հեղափոխություն է, դրսից են սնվում և այլն: Հիմա ասեք խնդրեմ, թե ՀՀ-ում ինչպե՞ս եք պատկերացնում, որ ընդդիմությանը ֆինանսավորի գործարար, ինչպե՞ս եք պատկերացնում սա՝ առանց իշխանութան թույլատվության: 

- Կարո՞ղ ենք ենթադրել, որ Ձեր ասած՝ դասական, մաքուր ընդդիմություն չեք համարում նաև «Ելք» դաշինքին:

- Ես դրա մասին չեմ խոսում, ես ընդհանրապես քաղաքագիտական կատեգորիա եմ ասում: Ես չեմ մտնի նման թեմայով որևէ մեկի հետ բանավեճի մեջ, այդ ժամանակներն արդեն անցել են: Հիմա ՀՀ-ին շատ էլ ավելի վատ ժամանակներ են սպասում: Խոսքը այն մասին է, որ նախքան ընդդիմության հաղթելը քննարկելը, պետք է նայել ռեալ իրավիճակը: Իշխանության ռեալ իրավիճակը մենք տեսնում ենք՝ իշխանությունը վատ է կառավարում երկիրը: Հենց իշխանության վիճակը վատթարանում է,  բոլորը շուռ են գալիս ընդդիմությանն ասում՝ ինչո՞ւ գործ չես անում: Բռնության կանխարգելման դեմ օրենք ընդունեցին, հիմա նույնն է, որ ամեն օր կնոջը ծեծեն տանը, հետո, եթե մի բան այն չլինի, ասեն՝ ինչու երեխան լավ հագնված չէ, լավ չի սովորում:Ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան թշնամու նման քաղաքական դաշտն ամայացնում են, սպանում են, ջարդում են, նստեցնում են մարդկանց, չեն թողնում, որ հանկարծ մեկը շնչի, բայց հենց մի բան այն չի լինում, գալիս ասում են՝ ընդդիմություն, ինչո՞ւ ոտքի չես կանգնում, դրոշակդ վերցնում ու ընկնում առաջ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել