Հաշված րոպեներ են մնացել Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ավարտին: Հնարավորինս հետևեցի դրա ընթացքին՝ ստիպված եմ անել մի քանի ցավալի դատողություններ: 
1. ՀՀԿ-ն և գործող քաղաքապետը վարեցին իներցիոն քարոզարշավ, ընդ որում ակնհայտ էր, որ Տ. Մարգարյանի վարկանիշը իր հարազատ կուսակցության վարկանիշից բարձր է: Դա երևում էր նաև իրենց պաստառներում: Սա ևս վկայում է գործող ընտրական համակարգի անկատարության և անարդարության մասին: Սակայն այդպես էլ պարզ չդարձավ՝ որն է «Ավելի լավ Երևանը»,  և ինչն էր խանգարում այն կերտել մինչ այժմ:
2. Հետաքրքիր և խելացի մարտավարություն կիրառեց ՕԵԿ-ը: Ճիշտ էր այսպես կոչված «Քաղաքապետի թեկնածուի» ընտրությունը, և եթե այն լիներ ուղղակի, հավանաբար Ա. Երիցյանը կստանար շատ ավելի մեծ թվով քվեներ: Հավանական է, որ նրա շնորհիվ անցողիկ շեմը կհաղթահարվի: Գովելի էր նրա կողմից «երևանցի լինելու» շեշտադրումը, սակայն պարզ է, որ այդ ամենը լավ է, բայց բավարար չէ:
3. Կրկին բախվեցինք դարի նոնսենսին՝ լավ, ինչպես է լինում, որ սոցիալապես անապահով խավի մեծ թվով ներկայացուցիչներ քվեարկում են հօգուտ իրենց այդքան անհրաժեշտ սոցիալական արդարության գաղափարի հետ որևէ կապ չունեցող ԲՀԿ-ի: Այդտեղ անորոշությունը ուղղակի վխտում էր՝ ընդհուպ մինչև քաղաքապետի թեկնածուի անորոշությունը: Ավելին՝ պարզվեց, որ Երևանի քաղաքապետի պաշտոնեական պիտանիությունը գնահատվելու է Առինջում: 
4. ՀԱԿ-ը որոշեց հարություն առնել, սակայն որդեգրած մարտավարությամբ բան դուրս չի գա: Մի կապիտալիստին մյուսներից պոկելը թե՛ բարդ է, թե՛ անհասկանալի: Ի վերջո՝ կապիտալը հայրենիք չունի, անկախ իր տվյալ պահի նախընտրություններից: Պարզ չէր նաև այն, թե ինչպես են նրանք պատրաստվում լուծել քաղաքի խնդիրները:
5. Եվս մեկ անգամ հիասթափեցրեց ՀՅԴ-ն: Այն հավանաբար պարբերաբար հակված է լինում մոռանալու իր ծրագրի «սոցիալիստական» եզրույթը, որը կարող է այսօր մեծ էֆեկտ տալ: Նույնպես հասկանալի չէ ընտրությունների ավելորդ քաղաքականացման իմաստը և խնդիրները լուծելու որդեգրած ուղին:
6. Ամենադառը հիասթափությունն էր «Բարև, Երևան» դաշինքը: Տպավորությունն այնպիսին էր, որ մարդիկ հաղթելու ցանկություն բացարձակ չունեն: Ավելին՝ չհաջողված «Բարևի հեղափոխությունը» ընտրողների մոտ ուժեղացրեց հիասթափության զգացումը, ինչպես նաև համոզումն առա այն, որ այդ ուժը չի համարձակվում ստանձնել պատասխանատվություն:
7. Հաճելիորեն զարմացրեց նորեկը՝ «Առաքելությունը»: Ճիշտ է, այնտեղ ևս ամեն ինչ չէ, որ հստակ ու կայացած է, սակայն առկա է բավականին հետաքրքիր ծրագիր, կամք և վճռականության որոշակի աստիճան: Միակ բանը, որ իրենց դեմ է աշխատում՝ երիտասարդ կուսակցականների անփորձությունն է:

Սակայն այս ամենից տուժում է գործընթացի գլխավոր դերակատարը՝ երևանցին: Ու առաջին հերթին այն պատճառով, որ, ի տարբերություն մյուս համայնքների բնակիչների, զրկված է թեկնածու առաջադրելու հնարավորությունից և մնացել է կուսակցությունների հույսին, ինչն անարդար է և ոտնահարում է նրա իրավունքները:

Ընկերներ, ծանոթներ ունեմ հավանաբար բոլոր ցուցակներում: Սակայն ստիպված եմ կատարել հստակ ընտրություն: Եվ այն ծրագրային է: Թող ներեն ինձ իմ բոլոր ծանոթներն ու ընկերները, սակայն հենց այդ պատճառով ես քվեարկելու եմ «Առաքելություն» կուսակցության օգտին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել