Երգիչ Գև Գևորգյանը ներկայացրել է իր՝ թվով երրորդ՝ «Երանի» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Երաժշտության հեղինակը Կարեն Գրիգորյանն է, խոսքերինը՝ Հարութ Հարությունյանը, գործիքավորումն արել է Արման Ալբերտը, ով, ի դեպ, երգչի երաժշտական պրոդյուսերն է: Տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը, պրոդյուսերը՝Դավիթ Մելքոնյանը, ոճաբանը՝ Արամ Նիկոլյանը: Մինչ պրեմիերան BlogNews.am-ը երգչի հետ զրուցել է նրա ստեղծագործական կյանքի, առաջարկների և այն մասին, թե ինչպես որոշեց զբաղվել պրոֆեսիոնալ երգով:
«Ամեն ինչ սկսվեց Արման Էլբերտի հետ համագործակցությունից: Ես վաղուց երգում էի, բայց պրոֆեսիոնալ չէի զբաղվում երգարվեստով: Նկարահանեցինք առաջին տեսահոլովակս «Էս սիրունը ո՞վ ա» երգի հիման վրա, որի արձագանքները բավականին դրական էին: Դրանից հետո ներկայացրեցի «Այ, այ, այ» երգը, որը համագործակցություն էր Ֆրանսիայից հրավիրված ռեփեր Robby El Sol-ի հետ: Իսկ արդեն երրորդ տեսահոլովակի բոլոր նախապատրաստական աշխատանքները և ամբողջ գործընթացն իրականացրեց իմ պրոդյուսեր Դավիթ Մելքոնյանը»,-պատմում է Գևը։
Երգիչը փորձում է այնպիսի աշխատանքներ ներկայացնել, որոնք դուր կգան հանդիսատեսին, որոնց շնորհիվ կսիրեն նաև իր ներկայացրած աշխատանքները. «Իհարկե, կոմերցիոն երգերն ավելի շատ պահանջարկ ունեն, ես նույնպես փորձում եմ այդպիսիք ներկայացնել, որոնք ընկալելի կլինեն հանդիսատեսի համար: Այդ ամենի հետ մեկտեղ մենք հաշվի ենք առնում նաև որակը: Այս ճանապարհին ես միայնակ չեմ, ամեն ինչ քննարկում ենք մեր թիմի հետ»:
Ակումբում չերգելը սկզբունքային է թե՛ Գևի, թե՛ վերջինիս պրոդյուսերի համար․ «Այլ բան է, եթե պարզապես հրավիրեն տվյալ ակումբից: Այս շրջանում շատ առաջարկներ կան դրսից, շատերը ցանկանում են լսել «Էս սիրունը ո՞վ ա» երգը: Ունենք մի քանի երգեր, որոնք դեռ ընթացքի մեջ են, հերթով պատրաստվում ենք ներկայացնել»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի