Tert.am-ը գրում է.

Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի փոփոխությունը փաստացիորեն ցույց է տվել, որ Իրանն ազդում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների ներքին քաղաքական զարգացումների վրա:

Tert.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ եթե հայտնի է, որ Միացյալ Նահանգները զանազան խողովակներով փորձում է ազդել Իրանի ներքաղաքական իրավիճակի վրա, ապա ակնհայտ է դառնում, որ Իրանն էլ հակաազդեցություն ունի Միացյալ Նահանգներում, ընդհուպ մինչև այն, որ Իրանի խնդիրը ԱՄՆ-ի ներքաղաքական օրակարգում կարող է բերել պետքարտուղարի փոփոխության:

«Նոր պետքարտուղարի՝ Մայք Պոմպեոյի նշանակման մասին հիմա զանազան կարծիքներ են շրջանառվում: Հիմնական գերակշիռ մտայնությունն այն է, որ նոր պետքարտուղարը Թրամփի քաղաքական ուղեգծին ավելի համահունչ դիրքորոշում ունի՝ Իրանի հետ Միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնության համատեքստում:

Եվ ակնհայտ է, որ առնվազն հռետորաբանության մակարդակում Միացյալ Նահանգները կգնա ավելի խստացման»,- ասաց նա:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, նրան այդ պաշտոնում փոխարինելու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Պոմպեոն:

Նշենք նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռեքս Թիլերսոնին պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու պատճառը բացատրել էր նրանց միջև առկա տարաձայնություններով, որոնցից գլխավորն Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի նկատմամբ մոտեցումն է:

Գործնական տիրույթում, ըստ Վարդան Ոսկանյանի, ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ կիրառվող քաղաքականության հարցում միայնակ է: Նկատեց՝ այս հարցում Եվրամիությունը չունի համաձայնություն ԱՄՆ-ի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել