Armtimes.com-ը գրում է.

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ընդունել է, որ «Լավ երեկո» հաղորդման մարտիության թողարկման ընթացքում էթիկայի նորմերը խախտվել են: Այս մասին հեռուստաընկերությունն ասել է «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան: Հաղորդման ընթացքում ցուցադրվել էր Արուս Տիգրանյանի՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների հետ արված հարցազրույցը: Այն արվել էր հումորային համատեքստում, սակայն հանրությունը դրա մեջ ոչ թե հումոր, այլ ծաղր էր տեսել ու խստորեն քննադատել: Սա զայրացրել էր նաև ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին: Նա նշել էր, որ լուրջ քննարկում է ունենալու հեռուստաընկերության ղեկավարության հետ:

«Հանրային հեռուստաընկերությունն այս թեմայով, իհարկե, ունեցել է քննարկում նախարարի հետ։ Ցավում ենք, որ մեր ստեղծագործական խմբի՝ առանց ենթատեքստի արած նյութը, հումորային կոնտեքստից վերածվել է նման խնդրի և հասարակության որոշ շրջանակների մոտ դժգոհություն է առաջացրել: Հավատացնում ենք, որ ստեղծագործական խումբը որևէ մեկին վիրավորելու միտում չի ունեցել, իսկ էթիկայի նորմերի խախտման պատճառով, «Լավ երեկո» ժամանցային հաղորդման ստեղծագործական խումբը նկատողություն է ստացել: Տեղեկացնում ենք նաև, որ թողարկումը հանվել է թե ՛ յութուբյան էջից, թե ՛մեր պաշտոնական կայքից»,- ՀԺ-ին հայտնել է Հանրայինը:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս աղմուկի մասին խոսել էր «Լավ երեկոյի» հաղորդավար Արամ MP3-ը: Նա նշել էր, որ հաղորդման մեջ ծաղր չկա:

Հ.գ. Տեսանյութն առկա է յութուբյան այլ ալիքներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել