Շատ անգամ ենք լսել, որ Հայաստան ասելով մարդիկ պատկերացնում են միայն Երևանը, բայց ինչու՞ պետք է կոնկրետանանք միայն մայրաքաղաքի վրա: Շատ հարցերում մյուս մեծ ու փոքր քաղաքները առանձնացվել ու դարձել են անտեսված. ո՞վ է սրանում մեղավոր` կառավարությո՞ւնը, թե՞ հասարակությունը:  
Բերենք մի քանի վառ օրինակներ ասվածը ապացուցելու համար, թերևս ամենահասարակը. եթե Երևանում ասֆալտապատումը կատարվում է նորագույն ու ժամանակակից տեխնիկայով, ապա մարզերում երկար ժամանակ ճանապարհները մնում են անմխիթար վիճակում, իսկ եթե աշխատանքներ էլ կատարվում են, ապա միայն կառավարության որևէ անդամի` տվյալ քաղաք այցելելուց առաջ: Կամ Երևանի ամեն մի թաղում կան միանգամից մի քանի սուպերմարկետներ, իսկ ասենք ողջ Գյումրիում դրանք մեկ-երկուսն են, ինչու՞ չբացել մեծ խանութներ նաև այլ քաղաքներում` ստեղծելով և՛ աշխատատեղեր, և՛ քաղաքացիների համար նորմալ պայմաններ: Մեկ այլ օրինակ`Գյումրին արհեստների ու արվեստների քաղաք է, ինչու՞ չստեղծել պայմաններ ու մեծամասշտաբ միջոցառումների մի մասն էլ այստեղ անցկացնել: Դա կվերացնի քաղաքում տիրող մռայլ մթնոլորտը, գյումրեցիներին կներառի ակտիվ հասարակական կյանքի մեջ, և ի վերջո, քայլեր կտարվեն նաև տուրիզմը զարգացնելու համար:
Իհարկե, Երևանը մեր մայրաքաղաքն է, ուստի ամեն ինչ պետք է անել այն բարեկարգ ու գեղեցիկ դարձնելու, մյուս քաղաքներից տարբերելու համար: Ճիշտ է, Երևանում է կենտրոնացված Հայաստանի բնակչության կեսը, այստեղ են կատարվում մեծամասշտաբ միջոցառումները, կառավարական հանդիպումներն ու խոշոր գործարքները, բայց դա չի նշանակում, որ մյուս քաղաքներում չպիտի ստեղծել պայմաններ գոնե միջին չափով ապրելու համար: Գոնե ստեղծվեն աշխատատեղեր նվազագույն աշխատավարձով, որ մարդիկ իրենց ընտանիքները պահեն, գոնե վարկեր տրամադրեն քիչ թե շատ տանելի պայմաններով: Հետո էլ ասում են` արտագաղթը շատացել է, ի՞նչ անեն մարդիկ, որոնք չեն կարող նույնիսկ իրենց հացի փողը վաստակել, ինչքան էլ սիրեն իրենց երկիրը կամ քաղաքը, այդ սերը չի կշտացնի երեխաներին, ու նրանք էլ ստիպված ելք են որոնում այլ երկրներում:
Բայց եթե Երևանում տարվող աշխատանքների կեսի կեսն էլ տարվեն մյուս քաղաքներում, կունենանք համաչափ զարգացող երկիր, ոչ թե կծաղկեցնենք միայն Երևանը:
Թերևս ճիշտ կլիներ այստեղ խոսել նաև որոշ երևանցիների մոտ քարացած այն կարծրատիպի մասին, թե իրենք ավելի բարձր են այլ քաղաքներում կամ մանավանդ գյուղերում բնակվողներից, թե իրենք ազնվական են, մյուսներն էլ հասարակ «ռայոնցիներ»: Բայց թե ի՞նչն է ստիպում նրանց այդկերպ մտածել, այդպես էլ պարզ չէ. միգուցե մարզաբնակների բարբա՞ռը, չէ՞ որ երևանցիներին թվում է, թե իրենք խոսում են գրական հայերենով` շատ դեպքերում մոռանալով, որ հայերենի օժանդակ բայը ոչ թե ա-ն է (ասում ա, խոսում ա), այլ է-ն (ասում է, խոսում է): Եվ բացի այդ, օրինակ Գյումրու բարբառր ավելի մոտ է գրական հայերենին, քան երևանյան խոսելաձևը, որն այսօր նաև հեռուստատեսության լեզուն է դարձել: 
Բայց մի պահ մտածենք. չէ՞ որ բոլորս էլ հասարակ մահկանացուներ ենք, բոլորս էլ ունենք նույն իրավունքները (չնայած այս պայմանը շատ դեպքերում չի գործում), և ի վերջո, բոլորս էլ հայ ենք: Ի՞նչ կապ ունի, թե ով որտեղ է բնակվում, ով ինչ մեքենա է վարում, ով ում խնամի-ծանոթ-բարեկամն է, դրանով չէ, որ որոշվում է մարդու տեսակը, կան այլ` ավելի բարձր հատկանիշներ ու արժեքներ մարդուն գնահատելու համար: 
Ուստի վերջ տանք այն սխալ տեսակետին, թե Հայաստանը միայն Երևանն է, հորդորենք իշխանություններին հանրապետության մյուս քաղաքները ևս ուշադրության կենտրոնում պահել: Եվ վերջապես, եկեք չտարանջատենք Երևան, Գյումրի, Կապան, Սպիտակ կամ երևանցի, վանաձորցի, աշտարակցի, սևանցի, քանզի ինչպես կասեր գյումրեցին. «Մարդս մարդ եղնի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել