Սիրիայում ԻՊ-ի պարտությունից, այդ երկրի բանակի, ՌԴ օդատիեզերական ուժերի և Իրանի զինուժի կողմից մայրաքաղաք Դամասկոսի արվարձան Արևելյան Ղութան այնտեղ կենտրոնացած ահաբեկիչներից և զինյալ ընդդիմությունից գրեթե կիսով չափ մաքրելուց հետո ԱՄՆ-ին մնաց Սիրիայում իշխանափոխության հասնելու միայն մեկ հնարավորություն։

Դատելով ամենից՝ Ասադին իշխանությունից հեռացնելուն, նրա վարչակարգը տապալելուն և Սիրիայում իշխանափոխության հասնելուն նպատակաուղղված իր քաղաքականության ձախողումից հետո, ԱՄՆ-ն, Սիրիայում իրավիճակի կտրուկ փոփոխության հասնելու և Բաշար Ասադի վարչակարգը տապալելու այլ հնարավորություն այլևս չունենալով, պատրաստվում էր մարտավարական նշանակության, փոքր հզորությամբ միջուկային զենք կիրառել Սիրիայի առավել կարևոր օբյեկտներից մեկի կամ մի քանիսի նկատմամբ (օրինակ` կառավարության շենք, խոշոր զորամասեր և այլն):

Ըստ էության` ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությունը հետախուզական տվյալների և համապատասխան վերլուծությունների հիման վրա հանգել էր հենց այս եզրակացության, և մարտի 1-ին Պուտինի հայտնի ելույթը հենց վերոնշյալ հարվածը կանխելու նպատակ ուներ: Այս եզրակացությանը կարելի է հանգել մի շարք փաստերի վերլուծության հիման վրա:

Հասկանալի է, որ միջուկային հարվածով Սիրիայում իրավիճակի կտրուկ փոփոխությունից ու Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո ռուսական և իրանական զինված ուժերը Սիրիայում այլևս անելիք չէին ունենա ու ստիպված կլինեին լքել այդ երկիրը: Իր այդ հարվածը հիմնավորելու համար ԱՄՆ-ն քաղաքական և քարոզչական ասպարեզում վաղուց է նախապատրաստական աշխատանք կատարում` Ասադին, Սիրիայի կառավարությանը և բանակին անհիմն կերպով կամ շինծու հիմքերով մեղադրելով Սիրիայի զինված ընդդիմության (որին ԱՄՆ-ը զինել և հովանավորում է) նկատմամբ զանգվածային բնաջնջման զենքի մեկ այլ տեսակի` քիմիական զենքի կիրառման մեջ: Սադրանքի տրամաբանությունը հետևյալն է․ Սիրիայի իշխանությունները զանգվածային բնաջնջման զենք են կիրառել, ինչը մեզ իրավունք է տալիս նրա նկատմամբ նույնպես զանգվածային բնաջնջման զենք կիրառել:

Սա շատ էական հանգամանք է, քանի որ Սիրիայում ԻՊ-ը, ահաբեկչական մյուս կազմակերպությունները և զինյալ ընդդիմությունը հիմա նախկին ուժը չունեն և այլևս չեն կարող լուծել վարչակարգի տապալման խնդիր: Կարող ենք վստահեցնել, որ այժմ Արլ. Ղութայում գտնվող ահաբեկիչների և զինյալ ընդդիմության մնացորդներն են փորձում թունավորել Սիրիայի իշխանությունների և խաղաղ ժողովրդի կյանքն այնքանով, որքանով դա հնարավոր է: Ի հակակշիռ այս ամենի` Սիրիայում գտնվող, Արևմուտքի հովանավորությունը և աջակցությունն ունեցող ուժերն այլևս ի վիճակի չեն տապալելու Ասադի վարչակարգը և հասնելու իրենց մյուս նպատակներին` զուգահեռաբար իրականացնելով ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների նպատակները: Ահա այս իրավիճակում է, որ Թրամփը, ռազմաքաղաքական ղեկավարությունը Սիրիայի իշխանությանը վերստին սկսեցին մեղադրել զինյալ ընդդիմության նկատմամբ քիմիական զենք կիրառելու մեջ կամ հաճախացրին և խստացրին ավելի վաղ հնչող մեղադրանքները` հող նախապատրաստելով միջուկային հարվածի համար: Դա այս պահին ու տեսանելի ապագայում Սիրիայում իրենց նպատակներին հասնելու` Ասադի վարչակարգը տապալելու, իր ներկայիս տեսքով այդ պետության գոյությանը վերջ տալու միակ միջոցն է, ինչը ԱՄՆ-ն շատ լավ գիտակցում է:

Միջուկային մարտալիցքի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ այն ոչ միայն իր բնույթով, այլև կիրառման հետևանքներով էապես տարբեր է սովորական ռազմամթերքից: Միջուկային ռումբի կամ մարտագլխիկի պայթյունը հանգեցնում է ռադիոակտիվ ճառագայթման, շրջակա միջավայրի ռադիոակտիվ վարակվածության, պայթյունից նույնիսկ ամիսներ ու տարիներ հետո մարդկային մեծաթիվ զոհերի:

Շատ կարևոր է նկատի ունենալ, որ միջուկային զենքի կիրառումն ունակ է հոգեբանորեն կոտրելու նաև նրանց, ովքեր սովորական պատերազմի դեպքում չեն կոտրվում: Աչքի առաջ ունենալով Հիրոսիմայի ու Նագասակիի փորձը, ողջ մնացածներն աշխատելու են պայթյունի վայրից շատ հեռու փախչել, երկար ժամանակ չվերադառնալ։ Ոչ միայն մարդկանց, տեխնիկայի, կոմունիկացիաների կորուստն է ահռելի լինում, այլև ճառագայթված շինությունները դառնում են ապրելու կամ աշխատելու համար անպիտան, երկրի տնտեսությանը պատճառվում է ահավոր մեծ վնաս, որի տակից մի այնպիսի պետություն, ինչպիսին երկարամյա պատերազմում հյուծված Սիրիան է, կարող է և դուրս չգալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել