168.am-ը գրում է

Ավելի վաղ երբեք չցուցադրված հարյուր ֆոտոնեգատիվներից բաղկացած հավաքածուն, որոնցում The Beatles լեգենդար բրիտանական խումբը պատկերված է ԱՄՆ կատարած իր առաջին շրջագայության ժամանակ, մարտի 24-ին աճուրդի կհանվի լիվերպուլյան քառյակի համար հարազատ Մերսիսայդ անգլիական կոմսության տարածքում գտնվող Նյութոն-լե-Ուիլոուս փոքրիկ քաղաքում:

Այդ մասին հայտնել է Press Association գործակալությունը: Լուսանկարների հեղինակը ֆոտոնկարիչ Մայք Միթչելն է, որը 1964 թվականին կայացած հյուրախաղերի ժամանակ ընդամենը 18 տարեկան էր:

Սկզբում նա բրիտանական քառյակին լուսանկարչական ժապավենի վրա գրանցել էր Վաշինգտոնի Յունիոն-սթեյշն երկաթուղային կայարան ժամանելու պահին, այնուհետեւ նկարահանել է մամուլի ասուլիսն ու համերգը ԱՄՆ-ի մայրաքաղաքում, ինչպես նաեւ ելույթը Բալթիմոր (Մերիլենդի նահանգ) քաղաքում:

Այս շարքից Միթչելի 46 լուսանկարները, որոնք վերականգնվել են թվային տեխնոլոգիաների օգնությամբ, 2011 թվականին Նյու Յորքում Christie՚s-ի աճուրդում վաճառվել են 362 հազար դոլարով:

Իսկ այժմ պոտենցիալ գնորդներին առաջարկվում է ամբողջական հավաքածուն, որը ներառում է 400 նեգատիվ, որոնք, բացի արդեն հիշատակվածներից, երբեք եւ ոչ մի տեղ հրապարակավ չեն ցուցադրվել՝ գումարած նույն այն լուսանկարների հեղինակային իրավունքները, որոնք աճուրդով վաճառվել են ԱՄՆ-ում: Այդ հավաքածուի գնահատման արժեքը կազմում է 250 հազար ֆունտ ստեռլինգ (ավելի քան 345 հազար դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել