Շուտով Յուքոմ ցանցում հեռարձակվող «Արմենիա Պրեմիումի» եթերում կցուցադրվի Գոռ Վարդանյանի «Հրեշների գայլը» դրամա-թրիլերը: Մտահղացման հեղինակը Գոռն է, իսկ սցենարի ստեղծման վրա մեծ խումբ է աշխատել: ««Հրեշների գայլն» ուսուցողական ֆիլմ է, որը պարտադիր պետք է նայել: Ֆիլմում ցույց ենք տալիս հասարակության մեջ ոստիկանի կարևոր դերը, մարդկային հարաբերությունները, պայքարն անարդարության դեմ, կյանքի վատ կողմերը, որոնց դեմ պետք է պայքարել: «Հրեշների գայլը» համացանցում մեծ աղմուկ առաջացրեց: Պետք է նշեմ, որ յուրաքանչյուր սերիա մոտ 3 միլիոն դիտում էր ունենում, ինչը խոսում է բարձր ռեյթինգի մասին: Մինչ օրս, երբ շփվում եմ մարդկանց հետ, բոլորը խոսում են այդ ֆիլմից և դրական արտահայտվում իմ կերտած կերպարի մասին»,- Blognews.am-ի հետ զրույցում նշում է Գոռը:
«Հրեշների գայլը» քրեական պատմություն է, որտեղ կան պետական պաշտոնյաներ, օլիգարխներ, հանցագործներ, պատգամավորներ և բիզնեսմեններ: Ի դեպ՝ այս ֆիլմում Գոռն առաջին անգամ նկարահանվել է ոստիկանական համազգեստով, իսկ հարցին` ինչու «Հրեշների գայլ», Գոռը պարզաբանում է. «Գայլն այն կենդանին է, որը չի վարժվում և ապրում է իր օրենքներով, իսկ հրեշներն այն մարդիկ են, ովքեր իրենց արարքներով մեծ խնդիր են դարձել մարդկանց գլխին: Մեր հերոսի տեսակն այնպիսին է, որ չի կաշառվում, չի տրվում հրեշների գայթակղությանը և չի դառնում նրանցից մեկը: Նա այն գայլերից է, ով պայքարում է հրեշների դեմ»:
Գոռի բոլոր ֆիլմերը հաճախ քննադատվում են թե՛ տեսարանների առումով, թե՛ երկխոսությունների, հաճախ՝ նաև սյուժեի: Այս ամենը նրան շատ չի անհանգստացնում, ասում է` եթե քննադատում են, ապա ինչ-որ բան իրենից ներկայացնում է. «Որքան շատ վատ բաներ են խոսում, նշանակում է՝ այդքան լավն է ֆիլմը: Հաճախ քննադատությունները լինում են երկու տեսակի։ Խելացի, վերլուծական քննադատություններն, իհարկե, պետք է լսել, որպեսզի քո հաջորդ նախագծում դրանք թույլ չտաս: Կան մարդիկ, ովքեր պարզապես ամբողջ կյանքում բազմոցի վրա նստած արևածաղիկ են մաքրել։ Այդ մարդկանց կարծիքն ընդհանրապես ինձ չի հետաքրքրում, ավելին` այս դեպքում ավելի հետաքրքիր է, որ նրանք պարզապես խոսեն»:
«Որպես ֆեդերացիայի նախագահ, որպես մանկավարժ, այժմ՝ Երևանի սպորտի պատասխանատու, համակարգող՝ ես օրինակ եմ երեխաների և երիտասարդների համար: Ցանկացած քայլ պետք է արվի այնպես, որ դա լինի օրինակելի, իսկ ես այդ հարցերում ուշադիր եմ»:
«Հրեշների գայլը» ֆիլմում պոմիդորով ձվածեղի տեսարանը համացանցում այնքան էր տարածվել, որ դարձել էր մեմ: Այն անգամ օգտագործվում էր մարդկանց առօրյա խոսքում։ Գոռը կարծում է, դա շատ լավ PR քայլ դարձավ իրենց ֆիլմի համար. «Շատ լավ եղավ այդպես։ Լավ չեղա՞վ: Մեծ PR էր դա, բավականին լավ ստացվեց: Միլիոնավոր մարդիկ այդ մի տառի վրա սկսեցին PR անել մեզ, և անկեղծ ասած՝ մտածում էի՝ իմ նոր ֆիլմում ևս նման վրիպում լինի։ Եթե հանկարծ եղավ նման պահ, չեմ շտկելու, թողնելու եմ այդպես: Եթե իմանայի՝ այդքան մեծ կլիներ արձագանքը, երևի մի երկու տեղ էլ այդպես կթողնեի»:
Պարզվում է` ունեին տեսարանի մեկ այլ տարբերակ, որն առանց սխալների էր, բայց, ինչպես պարզվում է, կոլորիտային համարել են սխալ տարբերակը․ «Ես գնացի այդ գաղափարին, որ թողնենք սխալ տարբերակը՝ մտածելով, որ այսպես կոլորիտով է։ Արդյունքում պարզվեց՝ ճիշտ որոշում էր, քանի որ մեծ արձագանք ստացավ, իսկ ես իմ աշխատանքին պրոֆեսիոնալ եմ վերաբերվում: Պարզվում է՝ կան շատ մարդիկ, ովքեր նստած սպասում են, թե երբ եմ սխալ բան ասելու։ Չգիտեի, որ այդպես է: Եթե այդպես ուրախանում են, կարելի է ամեն նախագծում մի տառը սխալ արտաբերել»:
Գոռը հաճախ նշում է, որ իր ֆիլմերը բավականին ուսուցողական են և հասարակությանը ինչ-որ բան սովորեցնող։ Այն հարցին՝ արդյոք իր ֆիլմերը նայում են իր երեխաները, պատասխանում է. «Ինձ համար առաջնայինն իմ ընտանիքն է։ Բնականաբար, երբ նոր գործ եմ անում, հաշվի եմ առնում, թե իմ ընտանիքը դրանից ինչ է քաղում, որից հետո դա փոխանցվում է մնացած ընտանիքներին: Եթե մի բան անընդունելի է իմ ընտանիքի համար, դա չի կարելի փոխանցել ուրիշներին: Իհարկե, իմ երեխաները նայում են իմ ֆիլմերը, պարտադիր պետք է նայեն»: