168.am-ը գրում է.

Ադրբեջանում գործունեություն ծավալող 30 բանկերի ակտիվները 2018 թ. հունվարին կազմել են 28 մլրդ 169,7 մանաթ: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի ֆինանսական շուկաների վերահսկիչ պալատի փոխանցմամբ` այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 4 մլրդ 237,4 մլն մանաթով:

2018 թ. հունվարի 31-ի դրությամբ Ադրբեջանում գործող բանկերի ընդհանուր ակտիվները կազմել են 28 մլրդ 169,7 մլն մանաթ, իսկ ընդհանուր պարտավորությունները` 24 մլրդ 367,9 մլն մանաթ:

Ադրբեջանի ֆինանսական շուկաների վերահսկիչ պալատի փոխանցմամբ՝ 2018-ի հունվարի 1-ի դրությամբ երկրում բանկային մասնաճյուղերի ընդհանուր թիվը եղել է 509:

Պալատի փոխանցմամբ՝ Ադրբեջանում բանկային մասնաճյուղերի թիվը նախորդ տարվա սկզբի համեմատ նվազել է 60-ով:

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ բանկերի թվի նվազումը նավթի համաշխարհային գների անկման, Ադրբեջանի նավթի արդյունահանման ծավալների նվազման, ինչպես նաև նախորդ երկու տարում մանաթի փոխարժեքի թռիչքային տատանումների հետևանքով Ադրբեջանում սկսված տնտեսական ճգնաժամային իրավիճակի արդյունք է: Երկրում սկսված տնտեսական ճգնաժամի պատճառով բնակչության մեծ մասը չի կարողանում մարել բանկային պարտքերը, ինչի արդյունքում բանկերը նույնպես հայտնվել են դժվարին կացության մեջ և սկսել են նվազեցնել իրենց մասնաճյուղերի թիվը: Նախորդ երկու տարում այդ երկրում փակվել է մեկ տասնյակից ավելի բանկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել