Նկատե՞լ եք, թե ինչ ծավալների է հասել բամբասանքը պատերի տակ, սոցցանցերում, մամուլում, տաբլոիդներում, հեռուստածրագրերում... Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ի՞նչ կլինի, եթե X երկրի X իշխանություն որոշի ընթացք տալ այդ բամբասանքներին, ու, ասենք, 37 թվի նման դրանք քննարկվեն տրոյկաներում՝ համապատասխան հետևանքներով։ Դովլաթովն է, չէ՞, ասել. «Мы без конца ругаем товарища Сталина, и, разумеется, за дело. И всё же я хочу спросить — кто написал четыре миллиона доносов?»։

Մեր օրերում ֆեյքերի գործունեությունն ու ֆեյք լուրերի տարածումը թույլ է տալիս կարծել, որ 37 թվի մսաղացը ոչ թե Վիսարիոնովիչի միանձնյա կապրիզն էր, այլ նաև միլիոնավոր մարդկանց ցանկությունը։ Լիկբեզի կարգով նշենք, որ եթե 1938-ին Եժովին փոխարինած Բերիային չհաջողվեր կասեցնել, Մահարու ասած, մարդամթերման մեքենայի ընթացքը, 4 միլիոն դանոսները 10 էին դառնալու։

Իհարկե, մեր օրերում հեշտ է ամեն ինչ բարդել ստալինենց վրա, մաքրել զանգվածներին, չխոսել հասարակական բարքերից՝ փորձելով փակել այդ կեղտոտ էջը... Բայց, գրողը տանի, չի ստացվելու, որովհետև պատմությունն ավելի հիշաչար է, քան մարդիկ ։) Ինչո՞ւ եմ սրա մասին խոսում, որովհետև կարևոր եմ համարում ազդարարելը, որ խոսքի ազատությունն առանց խոսքի պատասխանատվության բամբասանք է, ուրիշ ոչինչ, 37 թվի դանոս, անոնիմկա։ Կարծո՞ւմ եք, այս ծավալների բամբասանքն ու արդյունաբերական մասշտաբների հասած թերթակայքային պատվերները մի նոր վայիս չեն բերելո՞ւ։ Չնայած կարծելն այս պարագայում ոչ մի օգուտ չի տա, հուսալ է պետք, ավելի ճիշտ՝ աղոթել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել