«Գիտեք, երբ գիտակցում եմ, որ արդեն 50 տարեկան եմ, մարմինս մի տեսակ փշաքաղվում է: Հասկանում եմ, որ կյանքիս կեսն արդեն անցել եմ, և մի զարմացեք․ ես որոշել եմ 100 տարի ապրել: Ի դեպ՝ մի բան որ որոշում ես և հավատում ես այդ որոշմանը, այն իրականանում է։ Օրինակ՝ այս երեկոյի մասին ես քսան տարեկանում էի երազում։ Տեսնո՞ւմ եք, կատարվեց:

Տարիների ապրածս կյանքն իրենն անում է, անծանոթներն ասում են՝ «Գրիշ, լավ էլի, հիսո՞ւն»։ Մարդիկ կան, ում անձնագիրս եմ ցույց տալիս, որ հավատան։ Ինչ հետաքրքր բան է․ այս կյանքում շատ բաներ պարբերաբար կրկնվում են։ Օրինակ՝ երկու-երեք տարեկանում հարցնում էին՝ տղա՞ ես, թե՞ աղջիկ, ասում էի՝ տղա, չէին հավատում, էլի «անձնագիրս» էի ցույց տալիս: Ինչքան էլ արտաքնապես չի զգացվում, բայց հիսուն ապրածս տարիներն իրենցն անում են: Էն, որ զարթուցիչը հիսուն անգամ զնգում է, ալարում ես արթնանաս, էն, որ երիտասարդ տարիքում սիրուն աղջիկ էիր տեսնում, սիրտդ հազարի վրա խփում էր, հիմա հիսունի վրա է խփում, եթե կինդ կողքդ ա, երեսունի, որ աչքի չընկնես :) 

Ի վերջո, հիթային «50 տարի» երգը, որ երգում էի երեսուն տարեկանում, և ինձ թվում էր՝ երգում եմ տարիքով մարդկանց մասին, այսօր եկավ և չոքեց իմ դուռը»: Հենց այսպես Գրիշան ողջունեց իր հոբելյանական համերգին ներկա հյուրերին և զբաղեցրեց իր տեղը դահլիճում: 

Երեկոյի հանդիսավարն էր Հրանտ Թոխատյանը, ում հավատն էլ չէր գալիս, որ Գրիշան արդեն հիսուն տարեկան է. «Ընդամենը մի ամիս առաջ, երբ շնորհավորում էին իմ վաթսունը, իմ հավատն էլ չէր գալիս, որ այդքան եմ: Երկար մտածում էի՝ լավ, միլիոն տարի Գրիշիկին ճանաչում եմ, ո՞նց է անում, որ այսքան երիտասարդ է մնում։ Ուզում էի գտնել բանաձևը, հետո մտածեցի՝ կարող է, որ երկու անգամ է ամուսնացել, գաղտնիքը դրա մեջ է։ Հետո մտածեցի՝ եթե այդպես լիներ, բա ե՞ս։ Հետո մտածեցի՝ հա՜, կինն է շատ գեղեցիկ, երիտասարդ, հետո մտածեցի՝ եթե այդպես լիներ, բա ե՞ս։ Հետո ասեցի՝ երևի ամբողջ օրը շփվում է գեղեցիկ, երիտասարդ աղջիկների հետ․․․ Մտածեցի, որ այդպես լիներ, ես՝ էհե՜յ: Այս ամենից հետո հասկացա, որ ոչ, երիտասարդ է, քանի որ հոգով է այդպիսին, ուզում է լինել երիտասարդ, կյանքը մեջը եռում է: Կարծում եմ՝ երբ մյուս անգամ հավաքվենք Գրիշայի հարյուրամյակին, նույն ձև է լինելու Գրիշիկը և եթե դեմ չլինի, համերգն էլ ես կվարեմ: Չգիտեմ՝ ինչ վիճակի կլինեմ, բայց կփորձեմ վարել»:

Համերգային ծրագիրը սկսվեց Հայքի «Քամի փչի» երգի նոր տարբերակով, իսկ բեմում Նարեկն էր, Սոնա Ռուբենյանը և Գևորգ Մարտիրոսյանը: Համերգի ընթացքում երգեցին նաև Սևակ Խանաղյանը, Արամ mp3-ը, Սոնա Ռուբենյանը և Գարիկ Պապոյանը, Ֆորշը, Հայկոն, Արթուր Գրիգորյանը, Մալխասը, իսկ BlogNews.am-ը ներկայացնում է հետաքրքիր դրվագները։ 

Ինչպես Հրանտը նշեց, բեմում ոչ մի օտար մարդ չկար։ Հայքից հետո ելույթ ունեցավ Աշոտ Ղազարյանը։ «Սովորաբար Աշոտի մուտքը միշտ լինում է համերգի վերջում։ Երբ հանդիսատեսը սկսում է մի փոքր ձանձրանալ, Աշոտը գալիս է, միանգամից բոլորը թարմանում են։ Բայց այս անգամ նա երկրորդն է գալիս։ Մտածեցինք՝ միանգամից պետք է այդ թարմությունը գա: Բացի այդ՝ ես, Գրիշան, Աշոտը հասկացանք, թե0 ինչ գեղեցիկ հեռախոսահամար ենք մենք՝ 50-60-70 )»,- նշեց Հրանտ Թոխատյանը։

Աշոտը կատարեց Գրիշայի ամենասիրելի երգերից մեկը՝ «Գալիս ես ու անց կենում». «Այս երգը ես և Գրիշան իր ձայնասկավառակներից մեկի համար ձայնագրեցինք: Ամիսներ առաջ, երբ Գրիշան ինձ զանգեց, ասաց, որ իր 50-ամյակն են նշում, ուզում է՝ ես էլ ներկա լինեմ: Այս թեմայով մի բան պատմեմ։ Ուրեմն՝ անգլիացիները հա՛մ կին ունեն, հա՛մ սիրուհի, բայց քանի որ ջենթլմեն ազգ են, ավելի շատ սիրում են իրենց կանանց։ Ֆրանսիացին հա՛մ կին ունի, հա՛մ սիրուհի, բայց սիրում է սիրուհուն։ Ամերիկացին կին էլ ունի, սիրուհի էլ, երկուսին էլ սիրում է, ռուսը կին էլ ունի, սիրուհի էլ ունի, բայց օղի է սիրում: Հայը հա՛մ կին ունի, հա՛մ սիրուհի, բայց պարզվում է՝ ավելի շատ Գրիշա Աղախանյանին է սիրում»:

Գրիշա Աղախանյանի՝ շոումենի կարիերան սկսվեց «Շանթ» հեռուստաընկերությունից, առաջին նախագիծը «Թաքնված տաղանդն» էր, հաջորդեցին «Ժողովրդական երգիչ»-ը, «X Factor»-ը, «Պարիր, թե կարող ես»-ը: Նախագծերն այսպես գալիս-գնում էին, բայց Գրիշան մնում էր: Բոլոր նախագծերի ժամանակ նա մասնակիցների կողքին էր, ինչպես ասում են՝ «պոդերժկա» էր անում:

Երեկոյի ժամանակ Գրիշայի համար անակնկալ էր Գարիկ Մարտիրոսյանի տեսաուղերձ-շնորհավորանքը, ով հիշեց իրենց անցած տարիները և ստեղծագործական կյանքը, ինչպես նաև նորանոր հաջողություններ և առողջություն մաղթեց:

Երեկոյի ավարտին Գրիշան կատարեց Top 10 of Rabiz ձայնասկավառակի «50 տարի», «Գարուն է բացվել», «Անապատի արև» և «Քեֆ ենք անում» արդեն հիթ դարձած երգերը։ 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել