Tert.am-ը գրում է.

ՀՀ արդարադատության նախկին նախարար, Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է ցմահ ազատազրկման դատապարտվածների գործերին՝ նշելով, որ սա իսկապես բարդագույն հարց է։ Ըստ նրա՝ ցմահ դատապարտյալների զգալի մասը դատապարտվել է այն ժամանակներում, երբ դատավարական ընթացակարգերը շատ անկատար էին, հետաքննության և նախաքննության մարմինների գործունեության որակական լրիվ ուրիշ պատկեր էր։ Հովհաննես Մանուկյանը խոսում է նաև ընդհանուր իրավասության դատարան ձևավորելու, դատական տուգանքի, ինչպես նաև այլ հարցերի մասին։ 


- Պարո՛ն Մանուկյան, Երևանի մեկ միասնական ընդհանուր իրավասության դատարան ձևավորվեց: Երբ Դուք արդարադատության նախարար էիք, արդեն  ձևավորվել էին Հյուսիսային և Հարավային դատարաններ, որոնց գործունեությունը կրճատվեց: Ինչո՞վ է տարբերվում Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այդ դատարաններից և արդյոք Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նույն ճակատագրին չի՞ արժանանա:


- Տարածքային մասնագիտացված դատարանները ստեղծվել էին Դատական օրենսգրքի ընդունմամբ։ Այդ ժամանակ ես պաշտոնավարում էի վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում։ Ի դեպ, ասեմ, որ ես այդ լուծման ակտիվ կողմնակիցը չէի, սակայն օրենսգիրքը մշակող մասնագիտական հանձնաժողովը նման կարծիք էր ձևավորել և օրենսդիրը համաձայնել էր այդ մոտեցմանը։ Բայց այս երկու դատարանակազմական լուծումները ես չէի համեմատի, քանզի տարբեր հարցեր են լուծվել այս որոշումներով։ Նախկինում գործող տարածքային մասնագիտացված դատարաններն ստեղծվել էին քրեական և քաղաքացիական առավել բարդ գործերը մասնագիտական տեսանկյունից ավելի արհեստավարժ դատարանների կողմից քննության միջոցով առավել որակյալ արդարադատություն ապահովելու նպատակով։ Նպատակին հասա՞նք, թե՞ ոչ․ իմ կարծիքով՝ ոչ։ Պատճառներից չխոսենք, առավել ևս օրվա ակտուալ թեման այլ է։ Երևանի միասնական առաջին ատյանի դատարանի ստեղծումն այլ խնդիրների լուծմանն էր ուղղված․ ապահովել դատավորների համաչափ ծանրաբեռնվածությունը: Այս խնդիրն օրհասական էր դարձել հատկապես քրեական գործերով մինչդատական վարույթի հետ կապված, փորձել ավելի մատչելի և արագ դարձնել արդարադատությունը Երևանում։ Ժամանակի ընթացքում կերևա այս որոշման արդյունավետությունը։ Կապրենք կտեսնենք։

- Ձեր կարծիքով, դատական տուգանքն ի՞նչ խնդիր լուծելու համար է: Առհասարակ սա հատկապես փաստաբանին չի՞ կաշկանդի, որովհետև յուրաքանչյուր բառից հետո դատարանը կարող է նրան ենթարկել դատական տուգանք սանկցիայի: Ձեր նախարար լինելու օրոք նման անհրաժեշտությո՞ւն կար:

 

- Ես զարմանում եմ, թե ինչու է մեր հասարակության տարբեր շերտերում նման թյուր պատկերացում դատարանի և դատական պրոցեսի մասին, առավել ևս ինչո՞ւ ենք դատավորին դիտարկում երջանկահիշատակ Վլադիմիր Նազարյանի բառերով ասած «խելագարության կանխավարկածի»  համատեքստում։ Ինչո՞ւ պիտի դատավորը փաստաբանին հանիրավի տուգանի, ո՞րն է դատավորի մոտիվացիան․․․ Չ՞է որ դատավարության պատասխանատուն դատավորն է և վերջնական հարցումը պրոցեսի և դատական ակտի որակն իրենից է կախված։ Իհարկե, կան մասնագիտական ցածր պատրաստվածությամբ կամ էթիկական կանոնների եզրով քայլող դատավորներ, բայց անմիտ է դա ընդհանրացնել և այդ համատեքստում կայացնել ինստիտուցիոնալ կարևոր որոշումները։ Առավել ևս, երբ օրենսդիրը այնպիսի պաշտպանիչ գործիքներ է նախատեսել, ինչպիսիք են դատավորի պարտականությունը բոլոր հնարավոր միջոցները գործադրելու մինչև սանկցիայի մասին որոշում կայացնելը, դրանց կիրառման հստակ հիմքերի սահմանումը, բողոքարկման հնարավորությունը և այլն։ Քանի որ մեր զրույցը մասնագիտական, ակադեմիական չէ և նպատակը հանրության տեղեկացվածությանը նպաստելն է, ես ինձ թույլ տամ որոշակի կոպիտ համեմատություն․ պատկերացնո՞ւմ եք արդյոք սպորտային մրցավար, որը չունի տուգանքներ կամ այլ սանկցիաներ կիրառելու իրավունք․․․ Այնպես որ, դատական սանկցիաները, մասնավորապես տուգանքը, անհրաժեշտ գործիքներ են դատավարության բնականոն ընթացքն ապահովելու համար և դրանց անհրաժեշտությունը եղել է, կա և կլինի անկախ կոնկրետ նախարարից, դատավորից կամ որևէ այլ սուբյեկտից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել