Այսօր տեղի ունեցավ Պանարմենիան մեդիա դպրոցի երկրորդ սերնդի սաների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: 2016 թվականից մեկնարկած նախագիծը շատ ուսանողների համար աշխատանքային ուղի է հարթել: Վեց ամիս տևած դասընթացների արդյունքում Պանարմենիան մեդիա դպրոցի սաները սովորել են հետևյալ մասնագիտությունները՝ հաղորդավարական աշխատանք, մոնտաժ, օպերատորական արվեստ, լրագրություն, պրոդյուսերական աշխատանք, սպորտային մեկնաբան, սցենարական աշխատանք: Մասնագիտությունների շարքը համալրվել է, և այժմ ընդունելություն է մեդիակոմերցիա, հեռուստատեսային դիմահարդարում և երգարվեստի ստուդիա մասնագիտացումներով:  

«Մենք արդեն ունենք ստացված կրթական նախագիծ և հենց այդ պատճառով էլ բացում ենք 3 նոր խումբ՝ մեդիակոմերցիա, հեռուստատեսային դիմահարդարում և երգարվեստի ստուդիա»:

BlogNews.am-ի հետ զրույցում Պանարմենիան մեդիա դպրոցի տնօրեն Նաիրա Իսահակյանը նշեց՝ մեդիա կոմերցիան ապագայի պահանջված մասնագիտությունն է․ «Ուսանողները կստանան գովազդային արշավների վաճառքի և իրականացման համար գիտելիքներ, կմշակեն PR ռազմավարություն, կծանոթանան գովազդային գործիքներին և ծրագրերին: Նրանք կսովորեն արդյունավետ կառավարել սոցցանցային էջերը և կզարգացնեն ստրատեգիկ մտածելակերպը»:

«Երգարվեստի ստուդիա դասընթացի ժամանակ կուսուցանենք էստրադային երգ, բեմական կեցվածք, վոկալային տեխնիկա և ճիշտ շնչառության գաղտնիքները, իսկ հեռուստատեսային դիմահարդարման ժամանակ կուսուցանվեն հեռուստատեսային, թատերական  և կինոյի դիմահարդարման հիմունքները»,- նշեց մեդիա դպրոցի տնօրեն Նաիրա Իսահակյանը։

Այս պահին ուսանողները պրակտիկայի փուլում են՝ յուրաքանչյուրն իր նախընտրած ուղղություններով: 120 ուսանողներից 25-ն այսօր աշխատում է հեռուստատեսությունում: 

«Սովորել եմ հաղորդավարության բաժնում, հիմա «Արմնյուզ» հեռուստաընկերությունում աշխատում եմ որպես լրագրող: Հաղորդավար դառնալն այնքան էլ հեշտ չէ, պետք է առայժմ հմտանալ լրագրության մեջ»,- նշում է Աննա Մելիքյանը:

Ռուբեն Եսայանը սովորել է հաղորդավարության բաժնում, այդ ընթացքում զարգացնելով գիտելիքները՝ սկսել է աշխատել «Սթենդ ափ» նախագծում որպես սցենարիստ. «Սիրելով հումորային ժանրը և իմանալով, որ նման նախագիծ կա, դիմեցի նախագծի պրոդյուսերին, գրեցի սցենար, որից հետո անցա աշխատանքի»:

«Պանարմենիան մեդիա դպրոցը նախ ինձ տվեց գիտելիք, երկրորդը՝ լավ ընկերներ և ծանոթներ: Մինչև դպրոց գալը զբաղվում էի դիզայնով և իմացա, որ այստեղ կան նման դասընթացներ: Ընդունվեցի մոնտաժի կուրս, որից հետո էլ աշխատանքի անցա «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ում՝ որպես դիզայներ»,- պատմում է Նարեկ Խաչատրյանը:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝  Շաքե Արմենիի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել