44-ամյա Մոնիկա Լևինսկին, ինչպես այլ հայտնիներ, նույնպես շոշափել է սեռական ոտնձգությունների թեման։ Vanity Fair ամսագրի համար գրած իր հոդվածում նա խոսել է #MeToo շարժման մասին։ Այս շարժման շնորհիվ, ըստ նրա, մարդիկ վերջապես կարողացել են տեսնել, թե ինչի է բերում պաշտոնական դիրքի չարաշահումը։

Ինչպես գրում է Լևինսկին, այն բանից հետո, երբ Քլինթոնի հետ իր կապի մասին հայտնի դարձավ հանրությանը, նա իսկական սթրես է ապրել։

«Ես հասկացա, թե որքան տարբեր ենք եղել ես և Քլինթոնը։ Այն իմաստով, որ նա ուներ իշխանություն և ուժ, իսկ ես ընդամենը ստաժոր էի և այդ ամենը ես չունեի»,– գրում է Լևինսկին։

1998 թվականին՝ այն բանից հետո, երբ Մոնիկայի և Քլինթոնի հարաբերությունները դարձան հանրության սեփականությունը, իսկական սկանդալ բռնկվեց։ Արդյունքում ԱՄՆ նախագահին ուզում էին պաշտոնանկ անել, նրանից ուզում էր հեռանալ կինը։ Սակայն այդ ամենը տեղի չունեցավ։ Նախագահական աթոռից նա չզրկվեց, իսկ Հիլարին նրան ներեց։ Իսկ Լևինսկիի համար այս սկանդալի հետևանքներն ավելի լուրջ էին. նա ծաղրի էր ենթարկվում և խայտառակվում։ Նրա կարծիքով՝ եթե ինքն էլ նախագահի հետ հավասար դիրքերում լիներ, դա տեղի չէր ունենա։ Դրա համար էլ հիմա, երբ այս թեման այսքան բարձրաձայնվում է, Լևինսկին որոշել է կրկին հիշել սկանդալի մասին։

«#MeToo շարժման շնորհիվ ես հասկացա, որ շատ ուղիներ կան այս խնդիրները լուծելու համար, շատ անվտանգ տարբերակներ։ Հուսով եմ, որ հիմա մեր երկիրը եկել է նրան, որ հաղթահարի այս հարցերում բոլոր դժվարությունները։ Հուսով եմ, որ արդյունքում սա կբերի համակարգի առողջացմանը»,– գրում է Լևինսկին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել