Tert.am-ը գրում է.

1991-1992թթ. Հայաստանի նախագահի օգնական, արտաքին գործերի նախկին փոխնախարար և Իտալիայում Հայաստանի նախկին դեսպան, 2009 թվականից Թաֆթս համալսարանի Ֆլետչերի Իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Շուգարյանի հետ Tert.am-ը զրուցել  է 2009 թվականին  Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների՝ Հայաստանի կողմից «առոչինչ» ճանաչելու որոշման և հայ-թուրքական հարաբերությունների՝ փակուղում հայտնվելու մասին:

Ըստ նրա՝ հայկական կողմը պետք է շարունակի դրսևորել պատրաստակամություն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթաց սկսելու կամ  երկխոսությունը ինչ-որ մի մակարդակի վրա պահելու: Նրա խոսքով՝ հիմա պետք են քայլեր՝ փոքր ծրագրերի իրականացման համար:

-Պարո՛ն Շուգարյան, Հայաստանը տարբեր միջազգային ատյաններում ամենաբարձր մակարդակներով հայտարարում է, որ մինչև գարուն առոչինչ է ճանաչելու հայ-թուրքական հարաբերությունները:

Արդեն հայկական կողմն է վերջ դնում իր նախաձեռնած՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացին: Սպասելի՞ էր Ձեզ համար նման զարգացում:

-Իրականում հայկական կողմը չէ կարգավորման գործընթացին վերջ դնողը: Թուրքական կողմն է փակուղու մեջ դրել այդ գործընթացը:  Հիմա արդեն պատճառների մասին կարող ենք խոսել՝ վերլուծելով և՛ մեթոդաբանական, և՛ քաղաքական հարցերը: Իմ խորին համոզմամբ՝ մեթոդաբանական սխալ է տեղի ունեցել, և դա արվել է առաջին հերթին միջնորդների կողմից, տվյալ դեպքում, հատկապես ամերիկացիների: Բայց և մեթոդաբանական սխալը եղել է Թուրքիայի դրդումով: Խոսքը նրա մասին է, որ երկու բանակցային գործընթաց, առաջինը՝ հաշտեցմանն ուղղված, և երկրորդը՝ կարգավորմանն ուղղված, խառնվել էին իրար:

Դա երկար տարիներ Թուրքիան միտումնավոր էր ցանկանում անել: Ի՞նչ նկատի ունեմ․ կարգավորման գործընթացում, որը միայն ենթադրում է երկու երկրների միջև  դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում՝ առանց նախապայմանների, պետք է մասնակցեն միայն երկու երկրների ներկայացուցիչներ, և դա պետք է լինի առանց նախապայմանների:

Երկրորդ՝ հաշտեցման գործընթացը շատ ավելի երկար, շատ ավելի բարդ և զգայուն գործընթաց է: Բայց այստեղ՝ արձանագրությունների տեքստի մեջ, որը պետք է վերաբերի միայն կարգավորմանը, կա հատված պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին: Դա մեզ համար անընդունելի կետ է, որովհետև մենք չենք կարող կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանությունը: Կարելի է ինչ-որ «ինտերպրետացիաներ», բացատրություններ գտնել, բայց, համենայն դեպս, հիմա ավելի ճիշտ կլինի դրանից խուսափել, և երկար տարիներ  դրանից խուսափել ենք: Ես խոսեցի մեթոդաբանական սխալի մասին:

Կային երկրներ, որոնք դրա վրա աչք փակեցին, գործընթացում ներգրավված միջնորդ երկրներ կային, որ ուղղակի չէին մտածում այդ մասին: Իսկ Թուրքիայի համար, վստահ եմ, դա հիմնական նպատակներից մեկն էր:

Հայկական կողմը փորձ կանի անորոշ դարձնել այդ կետը և հնարավորություններ ստեղծել տարբեր «ինտերպրետացիաների» համար՝ ինքն իր ձևով այդ կետը մեկնաբանի, թուրքական կողմը՝ իր: Դա կոչվում է քաղաքագիտական երկիմաստություն:

-Պարո՛ն Շուգարյան, Ձեր կարծիքով, ինչու՞ այն ժամանակ Թուրքիան միջազգային հանրությանը, ի վերջո` Հայաստանին, ընդառաջ գնաց և համաձայնեց սկսել հարաբերությունների կարգավորման գործընթաց: Սակայն արձանագրությունների ստորագրման շեմին նախապայմաններ առաջ բերեց և հետո պնդեց դրանց իրականացումը:

-Ես ասացի՝ խոսքը գնում է մեթոդաբանական և քաղաքական պատճառների և սխալի մասին: Խոսեցի մեթոդաբանական սխալի մասին: Հիմա անցնենք քաղաքականին․այն, որ Թուրքիան չէր պատրաստվում որևէ կարգավորման գնալ մինչև ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը, իսկ ամբողջ գործընթացը  դառնում էր իմիտացիա, ակնհայտ էր:

Հարցնում եք՝ ինչու Թուրքիան նման քայլի գնաց: Պատասխանը պարզ է․ որովհետև շահ ուներ: Ե՞րբ է այդ գործընթացը սկսել․ մինչև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, այսինքն՝ այն ժամանակ, երբ վտանգ էր հասունանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման: Տեսեք՝ ովքեր էին այն ժամանակվա միջնորդները: Ճիշտ է, Շվեյցարիան էր պաշտոնապես միջնորդ համարվում, բայց այն ավելի շատ օժանդակող էր, միջնորդը Միացյալ Նահանգներն էր:

Պետք է նկատել նաև՝ Շվեյցարիայի խորհրդարանը 2003 թվականին ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, գործադիր իշխանությունը չէր ճանաչել այն: Ինչպես գիտեք՝ գործադիր իշխանությունները, ի տարբերություն օրենսդիրների, միշտ գործ են ունենում ամենօրյա հարաբերությունների, պրակտիկ շահերի հետ: Դրա համար Շվեյցարիան Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո փորձեց կարգավորել Թուրքիայի հետ լարված հարաբերությունները՝ վերականգնելով նաև իր վաղեմի՝ «ամենաչեզոք», «ամենաօբյեկտիվ» միջնորդի անունը: Փաստորեն, այստեղ էլ միջնորդ լինելով՝ շվեյցարացիները փորձեցին փոխհատուցել առաջին հերթին Թուրքիային:

Թուրքիային էլ այս գործընթացը պետք էր՝ աշխարհին ցույց տալու համար, որ նա պատրաստ է Հայաստանի հետ երկխոսությանը, և դա անում է այն ժամանակ, երբ միջնորդը մի երկիր է, որը ճանաչել է ցեղասպանությունը:  Դա լայնահայաց անաչառության նշան էր:

Մյուս կողմից՝ դա ուղերձ էր միջազգային հանրությանը, որ տեսե՛ք՝ մենք շատ լուրջ բանակցությունների ենք պատրաստվում՝ Հայաստանի հետ մեր հարաբերությունները կարգավորելու: Նրանք ասում էին, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը պիտի կանգնի այդ գործընթացի համար: Այդ ուղերձն առաջին հերթին ԱՄՆ-ին էր ուղղված, եվրոպական երկրներին և այլն: Բացի դրանից՝ պարզ էր, որ Թուրքիան շարունակում էր պահել սահմանը փակ և շարունակում էր առաջարկել նախապայմաններ:

Իրականում բոլոր մասնակիցները այս կամ այն ձևով հայ-թուրքական «ֆուտբոլային  դիվանագիտությունից» բոլորը շահող դուրս եկան: Ես դա անվանում եմ՝ կատարյալ կամ արտակարգ դիվանագիտական ձախողում, երբ հասնում ես մի մակարդակի, երբ աշխարհի խաղացողներ են ներգրավվում կարգավորման գործընթացում, երբ հեռախոսազրույցներ են լինում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Հայաստանի և Թուրքիայի նախագահների միջև, երբ նույնիսկ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը զանգում է Ադրբեջան, որ խանգարի Ադրբեջանի ցասմանը, բացատրի՝ ինչ է տեղի ունենում, երբ ստորագրում ես արձանագրություններ, բայց ձախողում է լինում:

Իհարկե, Հայաստանը շահեց այս գործընթացում․վերադարձավ միջազգային քարտեզի վրա: Այն ժամանակ մի քանի օր շարունակ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում Հայաստանն էր: Եվ ուշադրության կենտրոնում էր ոչ միայն այն պատճառով, որ կատարվում էր ինչ-որ կարևոր իրադարձություն, և դրան սպասում էին ԱՄՆ պետքարտուղարը, Ռուսաստանի արտգործնախարարը և այլն, այլ այն պատճառով, որ Հայաստանն ինքն էր նախաձեռնել այդ կարգավորման գործընթացը և առաջին անգամ Թուրքիայի հետ նման երկխոսության մեջ էր մտել:

Մի պահ վերհիշենք Սերժ Սարգսյանի՝ վերջերս Մյունխենում արած հայտարարությունը: Այնտեղ էլ խոսք կար այդ մասին: Ես նորից ուզում եմ վերադառնալ հարաբերությունների կարգավորման և հաշտեցման գործընթացներին: Նախագահն ասաց, որ մեծ ռիսկերի է գնացել այդ ժամանակ, աշխարհով է շրջել, սփյուռքի այն երկրներում եղել, որտեղ կար քննադատություն այդ կարգավորման վերաբերյալ: Եթե այդ արձանագրությունները վերաբերեին միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա այնքան էլ կարիք չէր լինի նույնիսկ այդ ճամփորդությունների և հանդիպումների, և սփյուռքի քննադատությանն էլ Հայաստանը չէր արժանանա, որովհետև այդ գործընթացի մեջ կա միայն երկու մասնակից՝ Հայաստանն ու Թուրքիան, և դա առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների ստեղծում է և սահմանի բացում: Ուրիշ ոչինչ:

Բայց երբ այստեղ միտումնավոր ավելացնում ես պատմաբանների հանձնաժողով, չորս անգամ սահմանների մասին ես խոսում՝ տարբեր ձևերով, ստեղծվում է իրավիճակ, երբ հայկական կողմն է վատ դրության մեջ հայտնվում և, փաստորեն, ստիպված է լինում բացատրություններ տալ շատ ավելի մեծ լսարանների:

-Այո՛, մի պահ Հայաստանն այդ ժամանակ հայտնվեց միջազգային քարտեզի վրա, միջազգային հանրությունը զբաղված էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, բայց Հայաստանի ցանկությունը՝ սահմաններ բացել, շրջափակումից դուրս գալ, այդպես էլ չիրականացավ: Հայկական կողմը, Ձեր կարծիքով, ճի՞շտ էր հաշվարկել իր քայլերը:

-Համոզված եմ ասում, իհարկե, ճիշտ է հաշվարկել իր քայլերը Հայաստանը: Դա, ինչպես ասացի, Հայաստանին վերադարձրեց  միջազգային քարտեզ, բացի դրանից, ցույց տվեց և դեռ ցույց կտա (ավելի երկարաժամկետ պլանով եմ ասում), որ Հայաստանը  խաղ չի խաղում, այլ իրոք պատրաստ է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները՝ մտնելով այս գործընթացի մեջ:

Դա ցույց կտա նաև (նորից երկարաժամկետ կտրվածքով), որ Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն սկսելը իսկապես խաղ էր՝ իր նպատակներին հասնելու համար: Այդ խաղը միայն կարճաժամկետ կամ միջնաժամկետ օգուտ է բերել Թուրքիային:

-Բանակցությունների գնացող կողմերը պետք է ընկալեն, որ եթե չգնան դրան, կորցնելու բան կունենան կամ կշահեն ինչ-որ բաներ: Հայաստանն ուներ խնդիր շրջափակումից դուրս գալու, Թուրքիան ի՞նչ կկորցներ, եթե չգնար բանակցությունների:

-Թուրքիան, ասացի արդեն, կարողացավ կանգնեցնել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը: Կարողացավ նաև սխալ կարծիք ստեղծել միջազգային հանրությունում, որ Թուրքիան իրոք իր հարևանների հետ «զրո խնդիրների» քաղաքականություն է վարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել