«Արթնացիր». մարտի 1-ից մեծ էկրան կբարձրանա ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի նոր ֆիլմը:  Ռեժիսորի առաջին ֆիլմի՝«Չներվածների» հաջողությունը նպաստեց, որ  պրեմիերայից մոտ 3 տարի անց Տիգրանը ներկայանա նոր աշխատանքով: Մինչ պրեմիերան բազմաժանր երիտասարդական դրամայի մասին BlogNews.am-ը զրուցել է ռեժիսորի հետ ու բացահայտել սյուժետային որոշ մանրամասներ:

Հետաքրքիր շրջադարձեր, հոգեբանական ապրումներ, պայքար, սեր ու այդ ամենի կիզակետում՝ երիտասարդ հերոսներ. «Արթնացիր»-ը բազմաժանր համամարդկային ֆիլմ է, որը, ռեժիսորի խոսքով, աշխարհագրական սահմաններ ու սահմանափակում չի ճանաչում. «Առհասարակ, բազմաժանրությունը ես համարում եմ ժամանակակից կինոյի հրամայականը: Եվրոպացիները նկարահանում են ֆիլմեր բոլորի համար, ու քանի որ ինքս էլ սիրում եմ եվրոպական ֆիլմեր, նույն ձեռագիրը փորձում եմ որդեգրել: Այս ֆիլմում ևս հանդիսատեսը կնկատի եվրոպական կինոյի տարրեր՝ կադրերի էսթետիկայից մինչև կերպարներ: «Արթնացիր»-ը համամարդկային բնույթ ունի, ու յուրաքանչյուրը կգտնի իրեն այս ֆիլմում»։

Հուզիչ ու էմոցիոնալ տեսարաններից մինչև դինամիկ ու ակտիվ գործողություններ. ռեժիսորը վստահեցնում է՝ «Արթնացիր»-ը միանշանակ տարբերվում է այսօր շուկայում եղած ֆիլմերից. «Հայաստանյան կինոշուկան ողողված է բավական հաջողված կոմեդիաներով ու իրադարձային ֆիլմերով: Մենք ընտրել ենք միջանկյալ տարբերակը, այսինքն՝ մարդ նայում է պատմություն քաղաքում ապրող իր նման երիտասարդների մասին, ովքեր որոշակի հանգամանքների բերումով հայտնվել են որոշակի դրամատիկ իրավիճակներում, ինչը ֆիլմն ավելի լարված ու հետաքրքիր է դարձնում»:

27867729_1598061430301277_9182493873624302773_n

Տիգրանը ոչ միայն ռեժիսորն է, այլև՝ գլխավոր դերակատարը, ով մարմնավորում է երիտասարդ ու հաջողակ ճարտարապետի. «Ֆիլմի գլխավոր հերոսը` Կարենը, հաջողակ ճարտարապետ է, ով մտադրված է ամուսնության առաջարկություն անել իր ընկերուհուն` Լիլիթին, սակայն պատահական հեռախոսազանգը փոխում է բոլորի պլանները, և այն, ինչ թաքցնում է Լիլիթը, ֆիլմի ընթացքում աստիճանաբար սկսում է բացահայտվել։ Իսկ թե ինչ է լինում հետո, հանդիսատեսը կտեսնի միայն կինոդահլիճում»:

Ֆիլմի դերասանական կազմն աստղային չէ, ու դա Տիգրանի սկզբունքներից է՝ ասպարեզ բերել նոր դեմքերի, որոնց մինչ այս հանդիսատեսը չի տեսել. «Առանձնահատուկ ուզում եմ ընդգծել «Սթեյջ 7» դերասանական ստուդիայից Օֆելյա Հարությունյանի մասնակցությունը, ով գլխավոր դերակատարներից մեկն է: Այս ֆիլմը նրա համար դեբյուտային է, ու նրա դերասանական խաղի համար պատասխանատու եմ անձամբ ես: Երբևէ որևէ այլ մասնագետ կամ ռեժիսոր չի աշխատել Օֆելյայի հետ, ու այն, ինչ հանդիսատեսը կտեսնի էկրանին, իր տաղանդի ու իմ կատարած ռեժիսորական աշխատանքի արդյունքն է: Ֆիլմում նկարահանվել են նաև Աննա Գևորգյանը, Միլենա Ավանեսյանը՝ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնից (հայտնի է նաև Մհեր Մկրտչյանի «Հոսանքին հակառակ» բազմասերիանոց ֆիլմից), Ադամ Կարապետյանը, ով իմ ստուդիայի նախկին շրջանավարտներից է, Ստեփան Հովհաննիսյանը, ով շատերին հայտնի է «Ազիզյանները» սիթքոմից, ու շատ այլ անուններ: Նույնիսկ էպիզոդիկ դերերը վստահվել են պրոֆեսիոնալ դերասանների»:

28166615_1603949656379121_2971512337267754460_n22780340_1478323168941771_9084896931630082883_nՌեժիսորն ամենևին էլ մտավախություն չունի, որ աստղային կազմի բացակայությունը կարող է ինչ-որ կերպ անդրադառնալ ֆիլմի հաջողության վրա. «Իհարկե, մենք ունենք լավ դերասաններ, որոնց մասնակցությամբ ֆիլմերը նայում եմ, ու միշտ էլ հաճելի կլինի նրանցից ոմանց հետ աշխատելը: Բայց այս անգամ խնդիր չենք ունեցել հայտնի կամ ոչ հայտնի դերասանների ընտրելու: Ես ընտրել եմ նրանց, ում տեսել եմ այդ կերպարում և ում համար որ գրված է եղել սցենարը: Կարծում եմ՝ հաջողության վրա դա բացասական չի անդրադառնա, քանի որ բոլորն էլ սկզբից հայտնի չեն լինում ու ինչ-որ նախագծերի շնորհիվ են ձեռք բերում հայտնիությունը: Գուցե «Արթնացիր»-ը հենց այդ ֆիլմը լինի դերասաններից շատերի համար: Կան դերասաններ, որոնց ամեն օր տեսնում ենք ֆիլմերում, սիթքոմներում ու գովազդներում: Դրա մեջ մի քիչ հոգնեցնող բան կա․ ժամանակ առ ժամանակ կարիք ենք ունենում նոր դեմքերի»:

Ֆիլմի ստեղծողները ոչինչ չեն խնայել լավ որակի արտադրանք ստանալու համար. «Ֆիլմում ներկայացված է քաղաքային կոլորիտը: Շատ լուրջ նախապատրաստական աշխատանք ենք տարել տեղանքների ընտրության հարցում, ինչպես նաև լուսանկարչական և կադրային էսթետիկայի առումով: Կա հիանալի օպերատորական աշխատանք՝ ուղղաթիռով նկարահանումներ և այլն: Ծախսատար չէ միայն այն առումով, որ ֆիլմում չեն ներառվել թանկ վճարվող դերասաններ: Կարծում եմ՝ հաջողության դեպքում մենք հետ կբերենք այն գումարը, որը ներդրել ենք ֆիլմում»:

28168099_1597578760349544_5532049992568637244_n22554831_1477502195690535_3303480433357503293_n - Copy1 ժամ 30 րոպե տևողությամբ կինոժապավենի նկարահանումները սկսվել էին դեռ նախորդ ձմեռվանից: Ռեժիսորը խոստովանում է՝ ընթացքը հեշտ չի անցել. «Նկարահանումներն իրականացրել ենք Երևանում և հարակից վայրերում: Ֆիլմում տեսնելու ենք շատ գեղեցիկ ձմեռ ու արևոտ ամառ: Քանի որ նկարահանումներն սկսվել են նախորդ ձմռանը, ունենք ձմեռային գեղեցիկ տեսարաններ ու առատ ձյուն: Էկրանային 15 րոպե գործողություններից հետո անցնում է ժամանակ, ու գործողությունները տեղափոխվում են արդեն ամառ: Ընթացքում եղած դադարները մենք օգտագործել ենք ավելի լավ պատրաստվելու համար: Հետարտադրական շրջանում ֆիլմը մոնտաժվել է երկու տարբեր ստուդիաներում: Կողքից նայելիս գեղագիտական հաճույք եմ ստանում, որովհետև գեղեցիկ աշխատանք է ստացվել: Ի դեպ` ֆիլմի սաունդթրեյքները «Նեմրա» խմբինն է, որն էլ ավելի է գեղեցկացնում մեր ֆիլմը»:

Ըստ ռեժիսորի՝ ֆիլմի փառատոնային ուղու մասին խոսելը դեռ վաղ է: Նա այդ մասին կմտածի հանդիսատեսի արձագանքներից հետո միայն, սակայն սփյուռքի համար ցուցադրություններ նախատեսված են: 

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել