ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին պարգևատրել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով:

Շնորհավորելով Աշոտ Ղուլյանին պարգևատրման առթիվ՝ Արա Բաբլոյանը նշել է. «Հարգարժա՛ն պարոն Ղուլյան, հարգելի գործընկերներ, օրերս լրացավ Արցախյան շարժման 30-ամյակը, իսկ այսօր Արցախում նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը:

Թու՛յլ տվեք այս տոնական օրերի առթիվ շնորհավորել բոլորիս:
Արցախյան շարժումը պատմական և շրջադարձային իրադարձություն էր մեր ժողովրդի կյանքում: Այդ շարժման ծնունդ են հայկական երկու պետությունները:
Հարգելի՛ պարոն Ղուլյան, Դուք՝ որպես պետական և քաղաքական գործիչ, և Ձեր ղեկավարած Արցախի Ազգային ժողովը ծանրակշիռ ներդրում ունեք Արցախի անկախ պետականության կայացման և ամրապնդման գործում:

Թու՛յլ տվեք Արցախյան շարժման 30-ամյակի առթիվ, ինչպես նաև միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Ձեզ հանձնել ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալը:

Վստահ եմ, որ այսուհետ ևս կշարունակեք Ձեր փորձն ու գիտելիքները ծառայեցնել Արցախի բարգավաճմանն ու հզորացմանը»:

Շնորհակալություն հայտնելով պարգևատրման համար՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն իր խոսքում նշել է. «ՀՀ ԱԺ մեծարգո՛ նախագահ, հարգելի՛ գործընկերներ, անչափ զգացված եմ հաճելի ապրումների համար՝ ՀՀ Աժ պատվո մեդալով պարգևատրվելու կապակցությամբ:

Այս պարգևն ընդունում եմ որպես համագործակցության բարձր մակարդակի արտահայտություն, նաև ապագայում մեր փոխհարաբերությունների զարգացման կարևոր նախանշան:
Ինձ համար մեծ պատիվ է ՀՀ խորհրդարանի բարձրագույն պարգևին արժանանալը: Կարծում եմ՝ շատ խորհրդանշական է, որ պարգևատրումը տեղի է ունենում այս օրերին, երբ նշում ենք մեր ժողովրդի համար կարևոր իրադարձության 30-ամյակը: Այս իրադաձությունները ցույց են տալիս, թե համազգային միասնության դեպքում ինչպիսի հնարավորություններ ունենք մենք և ինչ նպատակներ կարող ենք դնել մեր առջև ու դրանք իրագործել:

Ես շնորհակալություն եմ հայտնում նաև ՀՀ ԱԺ նախորդ նախագահներին և պատգամավորներին, ովքեր իմ խորհրդարանական գործունեության ավելի քան տասը տարիների ընթացքում օգնել են, որպեսզի մեր փոխգործակցությունն իրականանա: Այսօր երկու հայկական հանրապետությունների խորհրդարանների կապերը կարող ենք ամրապնդել նաև մեր մարդկային և մասնագիտական գաղափարներով: Սա պարզապես լավ հնարավորություն է, որ մենք կարողանանք երկու խորհրդարանների հարաբերությունները դիտարկել մեկ այլ տեսանկյունից: Շնորհակալ եմ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել