Tert.am-ը գրում է.

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում եվրոպացի պատգամավորների հարցերին ՀՀ արտգործնախարարի հնչեցրած պատասխաններին, ինչպես նաև ԼՂ խնդրի կարգավորմանը, ասում է, որ որևէ դեպքում ռուսական զորքերը Հայաստանն Ադրբեջանից չեն պաշտպանելու։ Նա նաև նշում է, որ հարձակման դեպքում Կրեմլից փորձելու են ուղղակի հեռախոսազանգերով կասեցնել Նախիջևանից դեպի Երևան առաջխաղացումը: Քաղաքագետի վսահեցմամբ՝ ռուսական զորքերի միջամտությունը ռազմական առումով ընդդեմ Ադրբեջանի՝ ուղղակի անհնար է:

 

-ՀՀ արտգործնախարարն օրերս Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում,  պատասխանելով եվրոպացի պատգամավորների հարցին,  մասնավորապես, Սլովենիայից Իվո Վայգլի այն հարցին, թե  ի՞նչ են անում ռուսական զորքերը Հայաստանում, իսկապե՞ս Հայաստանի ինքնավարությունը նրանց ներկայությունից է կախված, ասել էր. «Ռուսաստանը չի ստիպել մեզ տեղակայել իր զորքերը, Հայաստանն է խնդրել»:

Ընդ որում,  Նալբանդյանը  պնդել էր՝ ռուսները հանձն են առել պաշտպանել Հայաստանը ցանկացած հարձակման դեպքում: Սակայն  այստեղ ավելի կարևորն այն է, որ այս համատեքստում մեջբերել էր Ալիևի՝ Զանգեզուրի ու Երևանի մասին հայտարարությունները (որ  Ադրբեջանի առաջնորդը հավակնություններ ունի անգամ մայրաքաղաք Երևանի նկատմամբ, որ եվրոպացիների համար պետք  է, որ  հասկանալի լինի՝ ինչ իրավիճակ է տարածաշրջանում): Ռուսական զորքի ներկայությունը՝ որպես  անվտանգություն ու կայունություն ապահովող գործոն,   մեկնաբանության ֆոնին  որքանո՞վ էր տեղին Ալիևին հիշատակելը՝ դիվանագիտական մակարդակով, եթե անգամ սա ճշմարտություն է:

-Դիվանագիտական մակարդակով տեղին է, շատ տեղին, անչափ տեղին: Այլ հարց է, որ կոնտեքստը ճիշտ ներկայացված չէ: Որևէ դեպքում ռուսական զորքերը Հայաստանն Ադրբեջանից չեն պաշտպանելու: Ուղղակի չեն պաշտպանելու և վերջ: Փորձելու են Կրեմլից հեռախոսազանգերով կասեցնել առաջխաղացումը Նախիջևանից դեպի Երևան: Եվ շատ հնարավոր է, որ Բաքվում կիրառեն այն հնարքը, որ բազում նախագահներ կիրառել են այլ գերտերությունների ղեկավարների հանդեպ: Ուղղակի որոշակի ժամանակ՝ մինչև սեփական ռազմական օպերացիայի անդառնալիության կետը հատելը և հարմար ռազմավարական դիրքեր գրավելը, չեն պատասխանել այդ զանգերին: Ռուսական զորքերի միջամտությունը ռազմական առումով ընդդեմ Ադրբեջանի՝ ուղղակի անհնար է: Դրանք կշարժվեն և կդիրքավորվեն Երևանի մատույցներում՝ այն էլ՝ միայն կանխելու համար ադրբեջանական բանակի մուտքը մայրաքաղաք, եթե, հանկարծ, մի մղձավանջային սցենարով դեպքերն այդպես զարգանան:

Այնպես որ, չգիտեմ, Նալբանդյանը հավատո՞ւմ է իր այդ փաստարկին, թե ոչ, բայց իրական պատկերը հասկանալի է ոչ միայն յուրաքանչյուր նախարարի, այլև՝ յուրաքանչյուր պարզ քաղաքացու:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին խնդրելուն, ապա դա սեփական երկրի երեսը փրկելու համար է ասվել: Այդտեղ նույնպես Նալբանդյանը դիվանագիտական միակ ելքն է գտել և բարեհաջող դուրս բերել Հայաստանին նեղ հարցադրումից: Թե ով և որքան է այդ փաստարկին հավատացել, դա դարձյալ այլ խնդիր է:

-«Ղարաբաղյան խնդիրը հայտնվել է փակուղում, և այս իրավիճակում անհրաժեշտ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարություններն ավելի շատ ջանքեր գործադրեն»,-հայտարարեց եվրոպացի պատգամավորներից մեկը, ինչին ի պատասխան՝ Նալբանդյանը պնդեց՝ Բաքուն փորձում է տարանջատել սեղանին դրված առաջարկները, մինչդեռ համանախագահները դրանք դիտարկում են մեկ ամբողջությամբ մեջ: Այս ընդգծումն ու սկզբունքների վերահաստատումը՝ Ղարաբաղի վերջական կարգավիճակ ՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտությամբ, միջանկյալ կարգավիճակի ճանաչում՝ միջազգային հանրության կողմից,  Լաչինի միջանցք, անվտանգության բազմաշերտ երաշխիքներ, խաղաղապահ ուժերի տեղակայում, հողերի վերադարձ, ընդամենն ընդգծում էր այն, որ Երևանը կառուցողակա՞ն է, Երևանը պատրա՞ստ է և այսպես շարունա՞կ:

-Այն, ինչ պնդել է այդ եվրոպացի պատգամավորը, տարրական և շարքային տգիտության արդյունք է: Եվ տգետ կլիշեներով է մտածում եվրոպացի քաղաքական գործիչների մի հսկայական զանգված: Դա տխուր հանգամանք է, բայց վաղուց դադարել է զարմացնելուց: Հիմա զարմանալի է, երբ մարդիկ իրական պատկերին են տիրապետում և ունեն բավարար ինտելեկտ՝ ճշմարտությունը հասկանալու համար:

Հիմա՝ պատասխանի մասին. այդ ամբողջ տեսությունը և թեզերը Հայաստանի համար ինքնասպանական են: Դա՝ եթե բնորոշենք միայն մինիմումով: Եվ դրանց հեղինակը նույնպես Նալբանդյանը չէ, առաջին նախագահն է: Նալբանդյանը փորձում է դրանց դիվանագիտական ծխածածկույթ հաղորդել և համապատասխան հիմնավորումներ ապահովել: Հատկապես զավեշտալի են «անվտանգության բազմաշերտ երաշխիքներ» և «խաղաղապահ ուժերի տեղակայում» գաղափարները: Գոյություն չունեցող և մեծապես վարկաբեկված ուտոպիստական այդպիսի գաղափարների, կարծեմ, հիմա միայն Հայաստանում են դեռևս հավատում, թերևս մի քանի հոգի՝ ՄԱԿ-ի քարտուղարությունում: Անվտանգության որևէ երաշխիք արդի աշխարհում գոյություն չունի: Դրանք այլևս աղբանոց նետված գաղափարներ են միջազգային քաղաքականության մեջ: Չկան այդպիսի երաշխիքներ, չկան երաշխավորներ, եթե անգամ տասը կնիքով և ստորագրությամբ երաշխիքներ տրամադրեն: ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և այլք գրավոր երաշխիքներ էին տրամադրել Ուկրաինային՝ պաշտպանելու նրա տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, եթե Ուկրաինան հրաժարվի խորհրդային իր միջուկային զենքի պաշարներից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել