Երիտասարդ ու տաղանդավոր երգիչ Սեդրակ Պապյանին հանրությունը ճանաչում է Առաջին ալիքի «Իմ բանակը» ֆիլմաշարի համանուն երգի տեսահոլովակից և «Երգ երգոց» հաղորդաշարում նրա՝ գրեթե ամենշաբաթյա ելույթներով: Շոու-բիզնեսում իր առաջին քայլերն անող երգիչը երեկ ներկայացրեց իր՝ թվով 3-րդ տեսահոլովակը: BlogNews.am-ը Սեդրակի հետ զբոսնել է մայրաքաղաքում, զրուցել ընտանիքի, ստեղծագործական հաջողությունների, շոու-բիզնեսում առաջ գնալու սկզբունքների ու երազանքների մասին:
Հպարտ եմ, որ տավուշցի եմ
Արմատներով Տավուշի Բերդ համայնքից եմ ու շատ հպարտ եմ այդ փաստով: Ցանկացած քայլ անելիս ձգտում եմ պահպանել ծննդավայրիս ժողովրդին հատուկ մարդկային առաքինությունները: Տավուշցիները շատ բարի ու հայրենասիրական ոգով լցված մարդիկ են: Երբ մեծանում ես սահմանամերձ գոտում ու չդադարող կրակահերթի տակ, այդ ամենը չի կարող չանդրադառնալ քո մարդ տեսակի ձևավորման վրա: Կարող եմ ասել, որ ինչ-որ կերպ նաև իմ հողն ու ջուրն են նպաստել մասնագիտությանս ընտրությանը:
Իմ առաջին քննադատը հայրս է
Ծնվել եմ երաժշտասերների ընտանիքում, որտեղ մշտապես հնչել են ազգային, ժողովրդական երգեր: Երաժշտության նկատմամբ սերն իմ մեջ սերմանել է հայրս: Նա տիրապետում է մի քանի երաժշտական գործիքների ու երգում քաղաքային ֆոլկ ժանրում: Միշտ լսել եմ նրա, տատիկիս, պապիկիս ձայնը: Ու նրանց մաքրամաքուր կատարումներն իրենց խորը հետքն են թողել երաժշտական ճաշակիս ձևավորման վրա: 6 տարեկանից հաճախել եմ երաժշտական դպրոց և ես էլ տիրապետում եմ փողային գործիքների՝ շվի, դուդուկ, զուռնա: Ներկայումս սովորում եմ Կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսում: Իմ առաջին քննադատը հայրս է, շատ եմ կարևորում նրա կարծքիը:
Ճիշտ չեմ համարում միայն մեկ ոճով սահմանափակվելը
Երաժշտական մարդիկ շրջապատից միանշանակ տարբերվում են թե՛ ներաշխարհով, թե՛ իրերի ու երևույթների իրենց ընկալմամբ: Երաժշտությունը զգացմունքների աշխարհ է, ու երբ ընկղմվում ես դրա մեջ, քո բոլոր զգայական համակարգերով հոգի ես տալիս: Այս ամեն նպաստել է, որ ավելի նրբանկատ ու ավելի զգայուն եմ դարձել: Այս պահին կոնկրետ ժանրային կողմնորոշում դեռևս չունեմ, ու չկա այնպիսի ոճ, որն ինձ համար գերակա է, ու ներկայանում եմ միայն դրանով: Միշտ կողմ եմ եղել փոփոխություններին և ճիշտ չեմ համարում միայն մեկ ոճով սահմանափակվելն այն պարագայում, երբ հնարավորություններդ ներում են կատարել նաև էստրադային ու դասական ստեղծագործություններ: Միաժամակ նաև գրում եմ երգեր ու երաժշտություն ու հուսով եմ՝ շուտով հանդես կգամ իմ սեփական ստեղծագործություններով: Բոլոր ստեղծագործություններս թե՛ իրենց կատարողական արվեստով ու թե՛ ոճային առումով անհամեմատելի են:
Սկզբունքային եմ երգերի ընտրության հարցում
Սկզբունքային եմ ստեղծագործության ընտրության հարցում: Եթե ինչ-որ բան պետք է անեմ, ուրեմն՝ դա պետք է լինի ամենաբարձր որակի: Պրոֆեսիոնալիզմը շատ կարևոր է, հակառակ դեպքում դու կարող ես քար նետել այն ճանապարհի վրա, որով անցել ես մինչ այդ: Սա մի ոլորտ է, որով նաև պետք է գումար վաստակես, ու հաճախ արտիստները երգում են երգեր, որոնք նրանց համար եկամտաբեր կարող են լինել: Ես չեմ մեղադրում նրանց դրա համար, դա իրենց ընտրությունն է: Բայց եթե նույնիսկ այդպես է, դա դեռ չի նշանակում, որ երգիչը պետք է անորակ ձևով անի իր գործը, օտար խաղիկներով և այլն: Չեմ բացառում, որ հնարավոր է՝ մի օր ես էլ ունենամ կոմերցիոն բնույթի երգ, բայց այդ ժամանակ չեմ անտեսի այն սկսբունքները, որոնք ունեմ: Իմ երգը պետք է ասելիք ունենա:
Երազում եմ այն օրվա մասին, որ երգերս ինչ-որ բան կփոխեն մարդկանց մեջ
Ինչքան նորովի է արվում գործիքավորումը, այնքան ժողովրդական երգը երիտասարդության կողմից ավելի է ընդունվում: Առաջին տեսահոլովակս՝ «Սիրելով»-ն ամբողջությամբ էստրադային ոճում է: Դրան հաջորդեց «Իմ Հայաստան»-ը, որի երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերինը՝ Գրիգոր Կոկչյանը: Իսկ ահա երրորդ տեսահոլովակս՝ «Մի տարի»-ն, ժողովրդական ու գուսանական մոտիվներով է: Թեման սիրային է, տրամադրող, ռիթմիկ ու հագեցած հումորով: Երգի ու երաժշտության հեղինակը գուսան Սերգեյ Կարինյանն է, ռեժիսորը՝ Կարեն Ամյանը: Գրոտեսկային սիրո պատմություն է հիշեցնում և կերպարներն էլ այնպիսին են, որ նրանց իրական կյանքում հանդիպելը դժվար է, սակայն հենց ամենահետաքրքիրն էլ այն է, որ, հանդիպելով միանգամայն տարբեր բնավորության ու խառնվածքի տեր մարդիկ, սիրահարվում են: Երազում եմ այն օրվա մասին, որ երգերս մի օր ինչ-որ բան փոխեն մարդկանց մեջ:
Ինձ հիասթափեցել միանշանակ հնարավոր է, բայց կոտրել՝ երբեք
Այս ոլորտում դժվար է միանգամից ճանապարհ հարթելը, կան մարդիկ, որոնք քեզ ոգևորում են կամ ընդհակառակը՝ քո մեջ փորձում կոտրել առաջ գնալու ցանկությունը, բայց ես կարծում եմ, որ այդ ամենն էլ ավելի պետք է ուժ ու ոգևորություն տա, որ շարունակես ու հակառակը՝ ապացուցես մարդկանց: Ինձ հիասթափեցել միանշանակ հնարավոր է, բայց կոտրել՝ երբեք: Հիմա առավել ևս, երբ արդեն այս ոլորտում եմ, վստահ շարժվում եմ առաջ, մինչև հասնեմ նպատակիս: Ես շրջապատված եմ այնպիսի մարդկանցով, ովքեր միշտ կողքիս են ու քաջալերում են ինձ ցանկացած նոր նախաձեռնության մեջ: Իմ հաջողությունների համար պարտական եմ ծնողներիս, ովքեր ինձ լույս աշխարհ են բերել ու շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ այսպիսի ձայնային տվյալներ է շնորհել:
Աստղային հիվանդությամբ միանշանակ չեմ տառապում
Հաճելի է հանրային արձագանքը, երբ քեզ փողոցում ճանաչում են: Շատերն ասում են, որ դա իրենց խանգարում է կամ կաղապարում, բայց իմ դեպքում այդպես չէ, նույնիսկ մի փոքր էլ պարտավորեցնող է, որ դու միշտ ռիթմի մեջ լինես: Աստղային հիվանդությամբ միանշանակ չեմ տառապում ու մտավախություն էլ չունեմ, որ մի օր կտառապեմ դրանով: Վստահությունս գալիս է նրանից, որ պարզապես իմ սկզբունքներն ավելի ուժեղ են: