Մեր օրերում չափազանց դժվար է աշխատանք գտնելը: Հաճախ կարևոր չի լինում, թե ինչպիսի հատկանիշներ ունի մարդը կամ աշխատանքային ինչպիսի փորձ ունի. այս խնդրին բախվում են շատերը: Սակայն հին աշխարհում ամեն ինչ այլ էր. գոյություն ունեին այնպիսի ոչ պահանջված աշխատանքներ, որոնք ստանձնել համաձայնում էին հասարակության անգամ «ամենաանպետք» և «ցածր» անդամները: Ձեզ ենք ներկայացնում 5 մասնագիտություններ, որոնք առաջիններից և ամենատարածվածներից են եղել հին աշխարհում:

Ստրկավաճառներ

Ստրկավաճառը, բնականաբար, զբաղվում էր ստրուկների առքուվաճառքով: Նա, որպես կանոն, ճամփորդում էր կռվող զորքերի հետ, որպեսզի ընթացքում պարտվողներին որպես ստրուկների վաճառի հարուստ հույներին կամ էլ ճանապարհին ծնողներից գնի «անցանկալի» զավակներին՝ հարուստ ջենտլմեններին վաճառելու համար: Չնայած այն հանգամանքին, որ նման աշխատանքով զբաղվելը բավական շահութաբեր էր ֆինանսական առումով, գոյություն ուներ մի կարևոր թերություն. ստրկավաճառները հաճախ սպանվում էին «վաճառվող» մարդկանց ձեռքերով:

Վարսահարդարներ

Հնում էլ կանայք սիրում էին ներկել մազերը, հարդարել դրանք, սակայն ժամանակակից վարսահարդարների գործը շատ ավելի հեշտ ու թեթև է: Պատկերացրեք, որ ձեր հաճախորդուհին շիկահեր թագուհի է, իսկ նորաձևությունն ասում է, որ միայն թխահերներն են հեղինակություն վայելում: Այսօր այդպիսի փոփոխություն անելը դժվար չէ. մազերը հնարավոր է ներկել յուրաքանչյուր գույնով, սակայն հնում շեկ մազերը մուգի վերափոխելու համար վարսահարդարները գործ էին ունենում մարդկային լեղիի, փտած տզրուկների և թանաքի խառնուրդի հետ:

Սակայն սա դեռ ամենը չէ: Երբեմն էլ նորաձևությունը պահանջում էր թուխ մազերից շեկ մազեր ստանալ: Ջրածնի պերօքսիդ, բնականաբար, այն ժամանակ դեռ գոյություն չուներ: Վարսերին ոսկեգույն երանգ հաղորդելու համար անհրաժեշտ էր իրար խառնել աղավնիների համար նախատեսված կերը մոխրի հետ: Հարկ է նշել նաև, որ նախկինում գեղեցիկ վարսերով ստրուկ լինելը հանգեցնում էր այդ ստրուկի մահվանը: Վերջինիս վարսերը խուզում էին գլխի մաշկի հետ միասին և օգտագործում ազնվական կանանց համար կեղծամներ պատրաստելու համար:

Ատամնաբույժներ

Պատկերացրեք այն հռոմեացիների բերանները, որոնք երբեք չէին լվանում ատամները, փտած ձուկ էին ուտում, շատ ալկոհոլ էին օգտագործում և հաճախ փսխում էին: Իսկ հիմա պատկերացրեք այդպիսի մի հռոմեացու, ով ատամնացավ ու բերանի խոռոչի թարախակալում ունի և դիմել է ատամնաբույժին, ում գործը կապված էր այսպիսի երևույթների հետ: Շատ դեպքերում որպես ցավազրկող օգտագործվում էր գինին, սակայն երբ ամեն ինչ ծայրահեղ աստիճանի վատ էր լինում, ատամնաբույժները կտրուկ միջոցներ էին ձեռնարկում. շիկացած մկրատի օգնությամբ նրանք հեռացնում էին ատամը և յուրաքանչյուրն իր մեթոդներով փորձում էր բուժել այն վնասված և ուռած անցքը, որը մնում էր հեռացված ատամի տեղում:

Գինեգործներ

Շատերն այսօր մտածում են, որ չկա առավել լավ ու հաճելի աշխատանք, քան գինեգործինն է. վաղ առավոտյան հավաքում է բերքը, երգելով ճզմում է խաղողը, իսկ երեկոյան ճոխ ընթրիքի հետ վայելում է պատրաստված խմիչքը: Սակայն հռոմեացիները տեղյակ չէին, թե իրենք իրենց ինչպիսի վնաս են պատճառում գինու հետ կապար խառնելով: Նրանք գինին ըմպում էին անգամ կապարե գավաթներից, որի արդյունքում էլ միջին հռոմեացին օրական «ընդունում էր» մոտավորապես մեկ գրամ կապար:

Համտեսողներ

Գինու հետ համադրում էին, իհարկե, սնունդը: Ո՞վ կհրաժարվեր աշխատանքից, որի համար մեծ գումարներ էին ստանում «ոչինչ չանելու դիմաց»: Աշխատանքի էությունն այն էր, որ համտեսողները պարտավորվում էին կայսերական ուտելիքը փորձել այն բանից առաջ, երբ դեռ կայսրը չէր համեցել ընթրելու: Համեղ սիրամարգեր, հրաշալիորեն պատրաստված հավ, վայրի խոզ. ուտեստների ցանկը զարմացնում էր իր բազմազանությամբ: Սակայն մի նյուանս կար այս աշխատանքում․ շատ կայսրեր կոպիտ, դաժան ու ոչ միշտ արդար մարդիկ էին, այդ պատճառով էլ շատերը նրանց մահն էին կամենում: Եվ հնում սպանություն իրագործելու ամենապարզ եղանակը թունավորումն էր:

Դժբախտ համտեսողները պարտավոր էին ուտել ամենը, ինչը պետք է ուտեր նրանցից հետո կայսրը: Ավելորդ է խոսել այն մասին, որ շատ համտեսողներ մահանում էին շատ ավելի վաղ, քան իրենց կայսրերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել