«Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած` «Երկիր ծիրանիի» կազմակերպած «մարշ-բրասոկից» հետո Երևանի մնացյալ թաղամասերում, ուր նույնպես կոյուղաջրերը տարիներով հոսում են, ու որևէ մեկը տեր չի կանգնում 2800-ամյակը մտնելու պատրաստվող, տարբեր ծրագրերով հսկա փողեր ծախսող մայր-Երևանի ծայրամասերում տիրող ահավոր վիճակին, լուրջ հույսեր ու ակտիվություն է առաջացել քաղաքապետարան-թաղապետարաններ տարաներով «արտաթորանք» տանելու, հարցը տեղից շարժելու մասով: Մալաթիա-Սեբաստիայի Հաղթանակ թաղամասի բնակիչները, որոնց ամեն ընտրություններին իշխանությունները խոստանում են` «մի բան կանեն», այս օրերին դիմել են քաղաքապետարան, որտեղից ասել են` դա իրենց գործը չէ, դիմեք «Վեոլիա ջրին» ու «ձեր անպատասխանատու թաղապետին»:
Թաղապետն էլ իր հերթին որևէ զանգի չի պատասխանում, երբեք անձամբ այդ թաղերում չի եղել: Սամվել Լիմինդրովիչի զարմիկ-թաղապետը` Արտակ Ալեքսանյանը, «ա լա հոպար», սեփական դղյակն է կառուցում թաղում, ու ասում են` փոքր-ինչ տխուր է երիտզարմիկը, քանզի տունը, որ գցել է «հոպարի ռազմերով», չի կարողանում ավարտել: Նա թաղապետարանում իրեն տեղակալ է նշանակել Շենգավիթի կադաստրի պետի որդուն` Վալերի Մանվելյանին, իսկ Կորյուն Նահապետյանի որդուն` Արթուր Նահապետյանին էլ աշխատակազմի ղեկավար է կարգել, որ գլուխ-գլխի տան` «մի բան անեն` մի բան ըլնի»: Ի դեպ, նրանք երեքն էլ, այդ թվում` ԱԺ ՊՆ, ԱԱԾ հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի որդին, չեն ծառայել բանակում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: