Արմեն Սարգսյանը երեկ իր համաձայնությունն է տվել՝ առաջադրվել որպես ՀՀ նախագահի թեկնածու: Հիշեցնենք` երբ հունվարի 19-ին Սերժ Սարգսյանն Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու առաջարկ էր արել, վերջինս ժամանակ էր խնդրել` ասելով, թե դեռ պետք է հանդիպի հասարակական-քաղաքական շրջանակների հետ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Սփյուռքում, որից հետո նոր կայացնի չափազանց պատասխանատու որոշումը:

Ի սկզբանե պարզ էր, որ Ա. Սարգսյանն այսկերպ սեթևեթում էր. հազիվ թե առանց նրա համաձայնությունն ունենալու Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում առաջադրվելու հրապարակային առաջարկ աներ: Եվ հետո` Ա. Սարգսյանը հազիվ թե համարձակվեր մերժել Ս. Սարգսյանի առաջարկը, թեկուզ հերթական անգամ անորոշ ժամանակով երկրից վտարվելու հեռանկարից վախեցած: Իսկ ժամանակ խնդրեց` այս մեկ ամսում իր PR-ը կազմակերպելու և հասարակությանը ներկայանալու համար:

Հիմա ՀՀ նախագահին ընտրելու է ԱԺ-ն: Ընտրությունները տեղի կունենան մարտի սկզբին: Բայց արդեն իսկ որոշակի կասկածներ կան ՀՀ նոր նախագահի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելու օրինականության վերաբերյալ: Բանն այն է, որ ՀՀ նոր Սահմանադրության 125 հոդվածի համաձայն` ՀՀ նախագահն ընտրվում է ԱԺ-ի կողմից:

Սակայն Սահմանադրության այդ հոդվածը դեռևս ուժի մեջ չի մտել: Անցումային դրույթների համաձայն` Սահմանադրության 5-րդ գլուխը, որտեղ նաև 125-րդ հոդվածն է, ուժի մեջ կմտնի ՀՀ նոր նախագահի կողմից պաշտոնը ստանձնելու օրը: Ստացվում է՝ նոր նախագահը ևս պետք է ընտրվի հին ընտրակարգով՝ ժողովրդի կողմից, ուղղակի ընտրություններով: Եվ միայն իր լիազորությունները ստանձնելու օրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2015թ. ընդունված Սահմանադրությունը, այդ թվում՝ 5-րդ գլուխը: Դրանից հետո արդեն ԱԺ-ն կկարողանա ընտրել ՀՀ նախագահին»,-գրում է թերթը։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել