Փետրվարի 15-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չիլիի նորանշանակ դեսպան Ռոդրիգո Նիետոյին (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, շնորհավորելով դեսպան Նիետոյին նշանակման կապակցությամբ՝ արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2014թ. Չիլի կատարած պաշտոնական այցը նոր լիցք հաղորդեց երկու երկրների հարաբերություններին։ Արտգործնախարարը հույս հայտնեց, որ դեսպան Նիետոն իր գործունեությամբ կնպաստի Նախագահի այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը՝ ուղղված Հայաստանի եւ Չիլիի միջեւ հարաբերությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ շնորհավորանքների համար՝ Ռոդրիգո Նիետոն վստահեցրեց, որ Չիլին հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ՝ հավաստիացնելով, որ նա իր բոլոր հնարավոր ջանքերը կներդնի այդ ուղղությամբ:

Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց դեսպան Նիետոյին՝ 2007թ. Չիլիի Սենատի եւ 2015թ.՝ Խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձեւերի համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանը, արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցությունների անցկացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, միջխորհրդարանական ձեւաչափով շփումների ակտիվացման, առեւտրատնտեսական կապերի խթանմանն առնչվող հարցեր։

Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել