Այս օրերին համացանցը լի է սիրային նկարներով, տեսանյութերով ու կարմիր գույնով. այո, կարմիր, որովհետև այն սիրո խորհրդանիշ գույնն է։ Հայկական շոու բիզնեսից շատերը սիրո տոնը նշում էին մեր քաղաքի գեղեցիկ սրճարաններում․ նրանց թվում էին նաև մեր երգարվեստի ամենասիրառատ, ամենաընտանեկան զույգերից մեկը՝ Արամեն ու Աննան։ Թեև նկարների ու տեսանյութերի պակաս չկար համացանցում Աննայի ինստագրամյան էջում, այնուամենայնիվ, BlogNews.am-ը զրուցել է Աննայի հետ և պարզել, թե ինչպես է նշել Վալենտինը։
Աննայի խոսքով՝ իրենք հրաշալի երեկո են անցկացրել. ամեն ինչ շատ գեղեցիկ էր ու ռոմանտիկ։ Հարցին՝ ո՞ր տոնն է նախընտրում՝ մեր հայկական Սուրբ Սարգի՞սը, թե՞ Վալենտինը, Աննան պատասխանեց. «Հիշում եմ, որ դեռ դպրոցական տարիներից սկսած տոնել ենք Վալենտինն ու վալենտինկաներ նվիրել միմյանց, բայց, միևնույն է, Սուրբ Սարգիսը մեր հայկականն է, և շատ ենք կարևորում»։
Երեկ մայրաքաղաքում տիրող վալենտինյան աժիոտաժը, պարզվում է, վրդովվեցրել է Արամեին. «Սուրբ Սարգիսը եկավ-անցավ, ոչ մեկ այդքան ոգևորությամբ չհիշեց. մեծ կարևորություն չեն տալիս մեր հայկականին, այլ տոնում են ուրիշինը»։
Երգիչը կնոջ համար գեղեցիկ անակնկալ է մատուցել և հրավիրել Քրիստինե Պեպելյանի համերգին․ «Քանի որ ես Քրիստինե Պեպելյանին շատ եմ սիրում և՛ որպես մարդու, և՛ որպես երգչուհու, ասել էի նրան, որ մեծ հաճույքով կգնամ նրա համերգին, Արամեն էլ ծաղիկների հետ միասին այդ անակնկալն էր արել»: Աննան շնորհավորեց բոլոր սիրահարներին՝ մաղթելով, որ ամուր պահեն ու պահպանեն իրենց սերը։
Պահն օգտագործելով՝ Աննայից հետաքրքրվեցինք նաև աղջկանից ու մայրական առօրյայից։ Երգչուհին նշեց, որ ամեն բան անում է մեծ հաճույքով, 8 ամսական բալիկին խնամում է ինքնուրույն, երբեմն էլ օգնում է Արամեն։
Նյութը՝ Կիմա Միրզոյանի