Երազանքների, հուշերի ու սիրո մասին երգերը հնչում են հայկական շոու բիզնեսի ամենաքնքուշ ու նուրբ երգչուհու շուրթերով: Մեղեդային ու լիրիկական կատարումներից մինչև ռիթմիկ հնչյուններ. Քրիստինե Պեպելյանը Վալենտինի օրն իսկական տոնի վերածեց բոլոր սիրահարների համար: Սիրառատ երեկոյին ներկա է եղել նաև BlogNews.am-ը, ֆիքսել հետաքրքիր դրվագներն ու պահն օգտագործել զրուցելու երգչուհու հետ էմոցիաների ու երկար դադարից հետո հանդիսատեսի հետ հանդիպման մասին:
Վերջին շրջանում Քրիստինեն համերգներին սովորաբար լինում է հատուկ հյուրի կարգավիճում: Փոքր դադարներով բացակայությունները նպաստել էին, որ հանդիսատեսը կարոտեր երգչուհու հետ անմիջական շփմանը. «Ուրախ եմ, որ իմ հանդիսատեսը նկատում է այդ բացակայությունները: Դա նշանակում է, որ դրանք տեղին են, որովհետև եթե բացակայությունդ նկատում են, ուրեմն ներկայությունդ էլ ավելի գնահատված է: Երկար դադարից հետո երբ հանդիպում եմ մարդկանց, առաջին րոպեներից հետո էլ չեմ հիշում, որ մենք երկար ժամանակ չենք հանդիպել: Որոշ ժամանակով բաժանումն անմիջապես անհետանում է ինձ համար, կարծես եղած էլ չլինի: Երեկ բացարձակ նույն բանը ստացվեց, ինձ մոտ տպավորություն էր, որ մենք վերջին անգամ հանդիպել էինք մի քանի օր առաջ: Միջավայրը տրամադրում էր ավելի ռոմանտիկ իրավիճակների, բայց երբ տեսնում ես այդ ջերմությունը, մարդկանց ընդունելությունը, տալիս ես քո ամենավերջին էմոցիաները: Ես բացառաձակ «դատարկ» եմ լինում համերգից հետո, բայց դատարկ՝ փոխաբերական իմաստով, ես տալիս եմ իմ էմոցիաներն ու լիցքերով գնում տուն: Եթե այդ կապը լինում է, եթե մարդիկ կարողանում են քեզ հետ տալ այն էմոցիաները, ինչ որ դու տալիս ես, նշանակում է՝ երեկոն ստացվել է: Ու երեկ այդ օրերից մեկն էր, որովհետև այն, ինչ ես տվել եմ, կրկնակի ու եռակի հետ եմ ստացել»:
Ռոմանտիկ երեկոն ունկնդիրների մոտ արթնացրեց հույզեր ու զգացմունքներ: Հնչեցին երգեր, որոնք հիշեցրին և՛ առաջին համբույրը, և՛ առաջին ժամադրությունը: Երգչուհու կարծիքով՝ այն ստացված էր. «Երեկվա երեկոն շատ լավն էր, ինչ-որ տեղ՝ ինձ համար անսպասելի լուծումներով։ Պլանավորել էի ռոմանիկ երեկո, բայց արի ու տես, որ վերջում ամեն ինչ փոխվեց, դարձավ ավելի աշխույժ, պարային: Մարդիկ նույնիսկ չէին ուզում գնալ: Անգամ մի քանի գործ կրկնեցի: Ես լավ տպավորություններով ու էմոցիաներով եմ գնացել տուն, և մինչև լույս քունս չէր տանում: Այն բացառիկ երջանիկներից եմ, որ լավ հանդիսատես ունեմ»:
Երեկ հանդիսատեսի շարքում էին նաև երգչուհու լավագույն ընկերները՝ շոու բիզնեսից: Քրիստինեի խոսքով՝ երեկվա հանդիպումը նաև ամենաարդար ու մարդկային ընկերության մասին էր. «Դահլիճում ներկա էին իմ գործընկերները՝ Ավետ Բարսեղյանը՝ կնոջ հետ, Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը, Արամեն և Աննան։ Ես իմ ընկերներից ոչ մեկին չէի հրավիրել երեկոյին: Հասկանում էի, որ եթե հրավիրեմ բոլորին, ուրեմն՝ հանդիսատես չի կարող տեղավորվել ուղղակի: Բոլոր նրանք, ովքեր այնտեղ էին, եկել էին իրենց կամքով, այլ ոչ թե ստիպված, որ հրավիրել էի: Դա առավել գնահատելի էր ինձ համար: Մեր բնագավառում սա հազվադեպ հանդիպող երևույթ է: Սովորաբար նրանք գնում են այնտեղ, որտեղ հրավիրված են: Այս դեպքում չկային այդ ավելորդ ամբիցիաները: Ես երջանիկ էի, որ նրանք եկան անսպասելի, որ կարողանում են գնահատել իրենց գործընկերոջ աշխատանքը, կարողանում են սիրել մեկը մյուսի երգերը։ Այդ տեսակները դեռ չեն վերացել ու այդ տեսակներն իմ ընկերներն են»:
Ի դեպ՝ Քրիստինե Պեպելյանն իր «Պատահական» երգը նվիրեց Արամեին և Աննային, քանի որ տարիներ առաջ Արամեն Քրիստինեին խնդրել էր, որ իրենց հարսանեկան առաջին պարը հենց այդ երգի ներքո լինի։
Համերգին երգչուհին ընտրել էր իր ռեպերտուարից լավագույն ու հիթային կատարումները. «Ինձ համար, համենայն դեպս, ամենադժվար գործերից մեկն է երգացանկ ընտրելը: Բնականաբար, կան երգերի սահմանափակումներ, ու այդ սահմանափակման մեջ պետք է տեղավորել ամենանախընտրելի երգերը: Ես փորձել էի այս անգամ ինչ-որ կերպ տեղավորել, եղան երգեր, որոնք դուրս մնացին երգացանկից, բայց դա էլ՝ հաջորդ անգամ, չեմ կարող ոչինչ անել: Եթե բոլորը ներառեինք, երեկոն վերջ չէր ունենա»:
Գեղեցիկ ու սիրառատ երեկոյի վերջին ակորդը «Մայրիկ» երգն էր, որն էմոցիաների հեղեղ էր ոչ միայն երգչուհու համար, այլև՝ հանդիսատեսի. «Մայրիկը երկար տարիներ է՝ երգում եմ ու առանց այս երգի իմ ստեղծագործական կյանքը չեմ պատկերացնում: Այս երգը չէր կարող չլինել, որովհետև այն հոգեվիճակ է, առաջին սերն է մարդու կյանքում: Վալենտինի օրը, ինչքան էլ կապված չէր երգի հետ, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ առաջին հերթին մայրիկների հետ էր կապված: Մեր կյանքում առաջին սերը լինում է հենց մայրիկների հանդեպ: Դա այն սերն է, որը լինում է ոչ մի բանի համար, դու կաս, ու դա արդեն բավական է, որ քեզ սիրեն: Դրանից ավելի արդար սեր չի լինում այս կյանքում: Հանդիսատեսը սկսեց երգել ինձ հետ, իսկ դա ամենամեծ երջանկությունն է, որ կարող է ունենալ արտիստը»:
Ի վերջո, բոլորին ծանոթ զգացմունքն ինչպես է բանաձևում հենց ինքը՝ սիրո մասին անվերջ ու անդադար երգող երգչուհին՝ Քրիստինե Պեպելյանը: Ի՞նչ է սերը նրա համար. «Սերը կյանքի ու ապրելու համար ստիմուլ է՝ չնայած նրան, որ շատերը կարծում են՝ սերը սովորության նման բան է: Ամեն դեպքում ես համարում եմ, որ սերը կյանքի շարժիչ ուժն է: Առանց սիրո որևէ բան չի շարժվի տեղից, չենք կարողանա աշխատել, գնահատել, երջանիկ լինել, երջանկացնել: Ես հասկացել եմ մի պարզ իրականություն․ մարդու կյանքը չունի կոպեկի արժեք, եթե այդ կյանքը կյանք չի փոխում: Մարդը ծնվում է կյանք փոխելու համար: Եթե քո ներկայությամբ կարողացել ես փոխել ինչ-որ մեկի կյանքը, ուրեմն՝ քո առաքելությունը ստացված է: Իմ աշխատանքում, երգերում ու ասելիքի մեջ սերը շատ է»:
Այս տարի երգչուհին նախատեսում է մեծ մենահամերգ ունենալ՝ նշելով բեմական գործունեության 20-ամյակը՝ տարիներ, որոնք նա թողել է հետևում ու որոնք արդեն պատմություն են՝ լի սիրով ու սիրո մասին: