shamshyan.com -գրում է

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի (բաժնի պետ Արթուր Մկրտչյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Ազատ Դանիելյանի գլխավորությամբ պարզել են փետրվարի 4-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանում ամբողջովին մերկ, մահացած վիճակումմ հայտնաբերված տղամարդու ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Երևան քաղաքի բնակիչ, 64-ամյա Նորայր Մելքոնյանն էր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա նախկինում դատապարտված է եղել, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունում և 2017 թ.-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում կողոպուտ կատարելու համար գտնվել է հետախուզամն մեջ, իսկ այս օրերին էլ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում տեղի էր ունենում նրա նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:  Դատարանը նրա նկատմամբ բնակության վայրը չհեռանալու որոշում էր կայացրել: Քանի որ նրան հայտնաբերել են մահացած, իսկ մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, դատարանը գործը կկարճի:

Մնում է նաև առեղծված, թե նրա դին ինչ պայմաններում է մերկ վիճակում հայտնվել ամայի այդ տարածքում: Ի դեպ՝ մարմնի վրա կային բազմաթիվ դաջվածքներ, այդ թվում՝ հանցագործ աշխարհում հայտնի՝ ութանկյուն աստղ:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 4-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Նորքի 8-րդ զանգվածում ԽՍՀՄ տարիներին կառուցված անվադողերի արտադրամասին հարակից դաշտում տղամարդու դի կա: Ժամանել էր Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկացվել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել էին մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել էին ամբողջովին մերկ, 50-55 տարեկան տղամարդու դի: Դին անվտանգ վայր տեղափոխելու համար ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 17 ջոկատի փրկարարները՝ հրամանատարի տեղակալ Վահե Պետրոսյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում էր նաև, քանի որ դին անճանաչելի էր և սառած, դատաբժշկի հորդորով այն տեղափոխվել էր դիահերձարան՝ հետագայում մահվան հանգամանքները պարզելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել