Այն, որ հայաստանյան քաղաքական դաշտը որևէ քաղաքագիտական չափման չի ենթարկվում, կասկածներ չկան: Քաղաքական գործընթացները մեզանում մշտապես (չհաշված որոշ հատուկենտ դեպքերը) կրել են իմիտացիոն բնույթ, այդ գործընթացներում մշտապես բացակայել է ամենակարևորը՝ քաղաքական տարրը, քանզի հաճախ ենք ականատես լինում, որ անհատները քաղաքական դաշտ են մտնում անձնական, բիզնես, այլ ոչ թե քաղաքական-գաղափարական մղումներից ելնելով: Շատ կուսակցությունների մոտ քաղաքական գաղափարախոսությունը, պետության և հասարակության զարգացման գաղափարախոսական տեսությունը իր տեղը զիջել է սեփական կուսակցության և կուսակցության առաջնորդի անձին հյուսված անձապաշտական «գաղափարախոսությանը»: Այս խնդիրն ունի խորքային բնույթ և առնչվում է թե´ հասարակության և թե´ քաղաքական ուժերի ու նրանց լիդերների քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակով, քաղաքականության ոչ ճիշտ ընկալմամբ և քաղաքականության մեջ նրանց գտնվելու ոչ քաղաքական մոտիվացիայով: Խնդիրն ուղղակիորեն առնչվում է հայաստանյան քաղաքական էլիտայի անկենսունակության հետ: Եվ չնայած այն հանգամանքին, որ մեզանում կան որոշ, խիստ սահմանափակ թվով կուսակցություններ, որոնց առաջնորդները բավականին երիտասարդ են, բարեփոխումների հակված, այնուամենայնիվ, պետք է նշել, որ հայաստանյան քաղաքական էլիտան գտնվում է ճահճացած և անմեղսունակ վիճակում, որից դուրս գալու միակ ճանապարհը վերոնշված գործիչներին ավելի մեծ հնարավորություններ ընձեռելն է՝ նպաստելով մեր քաղաքական էլիտայում նրանց քաղաքական կշռի մեծացմանը և, մեծ հաշվով, քաղաքական էլիտայի երիտասարդացումն է, թե´ ընդդիմադիր և թե´ մյուս ճամբարներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել