Ուկրաինաբնակ երգչուհի Հասմիկ Շիրոյանին շատերը հիշում են անցած տարվա «Դեպի Եվրատեսիլ» նախագծից։ Այս տարի երգչուհին կրկին հայտ է ներկայացրել, և ինչպես նշում է, անցած տարվա մրցույթի փորձը նրան ոգեշնչել է: Երգչուհին այս տարի ներկայացել է «You and I» երգով, իսկ BlogNews.am-ի հետ զրույցում խոսել մրցույթի նախապատրաստության, կրկին ուժերը փորձելու մասին:

«Դեռ մեկ տարի առաջ մարդիկ ինձ սկսեցին գրել ու ոգեշնչել, որպեսզի անպայման ևս մեկ անգամ ուժերս փորձեմ այս մրցույթում, ես էլ անչափ շոյվեցի, որ իմ ելույթներն այնքան դրական արձագանքի են արժանացել, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր ինձ չէին ճանաչում նախկինում, հավանել են կատարումներս ու ինձ «Եվրատեսիլ»-ում արժանի մասնակից են համարում: Իհարկե, չեմ թաքցնի՝ ինքս էլ այդ մրցույթի երկրպագուն եմ ու կարծում եմ՝ յուրաքանչյուր արտիստ կցանկանար լինել այդ բեմում ու ներկայացնել թե´ իր հայրենիքը, թե´ իրեն, թե´ իր երգը: Դեռ անցած տարի ինձ համար ֆան էջեր բացեցին՝ նշելով, որ ես անպայման պետք է մասնակցեմ մրցույթին: Հուսով եմ՝ այս տարի նրանց հույսերը կարդարացնեմ: Ուրախ եմ, որ միջազգային ժյուրիի հետ մեկտեղ նրանք էլ քվեարկության հնարավորություն կունենան ու կկարողանան ինձ աջակցել»:

Երգչուհին բնակվում է Ուկրաինայում։ Այն հարցին՝ արդյոք լավ գիտի օտարերկրացիների երաժշտական ճաշակը, պատասխանում է. «Իմ երգերի ընտրության հարցում ես առհասարակ առաջնորդվում եմ սեփական նախասիրությամբ. երգում եմ այն, ինչ մոտ է ինձ, իմ սրտին ու տվյալ հոգեվիճակիս: Այս դեպքում լսել եմ թե´ իմ սրտին, թե´ փորձել եմ մտնել նաև «Եվրատեսիլի» ֆորմատի մեջ, ինչը, կարծում եմ, ստացվել է, քանի որ  տարբեր երկրներից ինձ շատ նամակներ են գրում՝ նշելով, որ շատ են հավանում երգս: Համոզված եմ, որ դրանում մեծ ներդրում ունեն այն հեղինակները, որոնց հետ աշխատել եմ: Ինձ համար մեծ պատիվ էր համագործակցել Marli-ի, Neil-ի ու Haj-ի հետ, որոնք արդեն իսկ ստեղծել են հիթեր Ջեյմս Արթուրի, Քելլի Քլարքսոնի, Դեմի Լովատոյի և փոփ ժանրի այլ հայտնի կատարողների համար: Հուսով եմ՝ իմ երգն էլ շուտով կհամալրի նրանց ստեղծած հիթերի շարքը:) Ի դեպ՝ իմ էջի մեկնաբանություններից մեկում նշված էր, որ «You and I» երգն արդեն հնչում է մի շարք երկրների՝ Ֆրանսիայի, Էստոնիայի ռադիոկայաններում»։

Հասմիկը նշում է, որ առհասարակ իրեն չի փորձում որևէ մրցույթում, եթե կարծում է՝ դրան պատրաստ չէ. «Ես ինձ պատրաստ եմ համարում. կարևորում եմ ոչ միայն իմ անձնական պատրաստվածությունը, այլեւ այն հսկայական աջակցությունը, որը կա իմ թիմի կողմից: Աշխատում եմ հրաշալի հեղինակների հետ, բեմադրությունս վստահել ենք համաշխարհային ճանաչում ունեցող խորեոգրաֆ Hi-Hat-ին և նրա թիմին, որոնք արդեն ելույթներ պատրաստել են այնպիսի արտիստների համար, ինչպիսիք են Ռիհաննան, Շակիրան, Ջասթին Բիբերը, Ֆարել Ուիլյամսը և այլք: Ինձ համար մեծ պատիվ է նրանց հետ աշխատելը»:

Իր մրցակիցների և այդ հարցի շուրջ չի մտածել, ավելի շատ կենտրոնացած է իր ելույթի վրա. «Մեծ պատասխանատվություն եմ զգում, քանի որ չեմ ուզում հուսախաբ անել ո՛չ իմ թիմին, ո՛չ երկրպագուներիս, ո՛չ էլ այն մարդկանց, ովքեր ինձ մեկ տարի շարունակ աջակցում են: Ես չեմ սիրում մրցակցության մեջ մտնել, ուղղակի ուզում եմ վայելել համերգային այդ օրերն ու բավականություն ստանալ այդ ամենից՝ նույնը պարգևելով նաև հեռուստադիտողին ու հանդիսատեսին: Մյուս մասնակիցների երգերը լսել եմ, յուրաքանչյուրն իր ոճի մեջ հետաքրքիր է: Անուններ դեռ չեմ կարող նշել, ավելի հստակ պատկերացում կկազմեմ, երբ արդեն պատրաստ լինեն բոլորիս բեմադրությունները: Ըստ իս՝ երգն ամբողջական ու հետաքրքիր է դառնում, երբ այն ներկայացվում է բեմի վրա: Չեմ կարծում՝ կա մասնակից, որը չունի շանսեր… Մարդկանց ճաշակները տարբեր են, և դա շատ լավ է. նշանակում է՝ մեզանից յուրաքանչյուրն էլ ունի լսարան ու հավասար հնարավորություն»:

Շատ արտիստներ այս շրջանում զբաղված են իրենց երգերը տարածելով։ Ինչպես Հասմիկը նշեց, չէր ցանկանա արհեստական միջոցներով «հավաքել» ձայներ: «Սա երգի մրցույթ է, և կարծում եմ՝ իմ երգն ու բեմադրությունը պետք է դա անեն:) Առհասարակ, ցանկացած որոշում կայացնում եմ՝ լսելով սրտիս ու առաջնորդվելով սեփական բանականությամբ: Ինձ համար լավագույն PR-ն իմ աշխատանքի արդյունքն է, որը ցույց կտամ բեմում :)»

Հասմիկը նշում է, որ ցանկանում է աշխատել նաև հայկական երաժշտական ասպարեզում և հայ հանդիսատեսի հետ կիսվել իր արվեստով. «Իմ առջև ևս մեկ նպատակ եմ դրել՝ Հայաստանը ներկայացնել միջազգային մասշտաբներով և հայկական երգարվեստը հասցնել մեկ այլ մակարդակի»:

 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել