Այս ամիս լրանալու է Սումգայիթի հայկական ջարդերի 30 տարին։ Իրադարձությունների մասին անչափ շատ է գրվել ու խոսվել, այնպես որ, չկրկնվեմ։ Ֆիքսենք միայն, որ Սուգայիթn ու Բաքուն հնարավոր եղան այդ թվում նրա համար, որ սովետական բանակը միջամտեց շատ ուշ, իսկ սեփական բանակ չունեինք, որ դա կաներ սովետականի փոխարեն։ Ի դեպ՝ նույն պատճառով էլ Սումգայիթյան ու Բաքվի ջարդերը չկարողացան շարունակություն ունենալ Ստեփանակերտում, Գորիսում ու Երևանում, որովհետև ինչ-որ փուլում արդեն ունեինք բանակային գոյացություններ։

Հիմա 30 տարի է անցել այդ իրադարձություններից, 26 տարի՝ ԶՈւ կազմավորումից, ու երևի մի 10-15 տարի նրանից, որ լիարժեք բանակ ունենք։ Սակայն դա էլ քիչ է՝ հաշվի առնելով մեր առաջ ծառացած հիպոթետիկ ռիսկերը։ Դուր է գալիս դա մեզ, թե ոչ, բայց մենք էլ ավելի պետք է միլիտարիզացվենք։ Դուր է գալիս դա մեզ, թե ոչ, հիմա դա արվում է։ Դուր է գալիս դա մեզ, թե ոչ, բայց դա ժամանակատար, ծախսատար ու բարդ պրոցես է, որում բացթողումներ ու թերություններ էլ կլինեն, բայց այդ ամենը պետք է արվի, ու պետք է հնարավորինս մինիմիզացնել արտաքին ցանկացած միջամտություն։

Հիմա բուն ասելիքս․ շատ վատ է, որ մեր հասարակությունը մի տեսակ իմունիտետ է ձեռք բերել այնպիսի զազրելի բաների նկատմամբ, ինչպիսին թշնամական քարոզչության կիրարկումն է՝ հանուն ներքաղաքական ինչ-ինչ խնդիրների կամ էլ բացահայտորեն արտաքին ֆինանսավորմամբ ակնհայտ հակաբանակային գործունեության իրականացումը։ Ոչ ոք չի հավատում արդեն նավթալինի հոտ ստացած արդարացումներին, թե բա՝ հանուն ազգի ենք անում, կամ էլ խոսքի ազատություն է, կամ էլ մենք իրականում լավ բան ենք անում։ Ո՛չ, մեծ մասը շատ լավ է հասկանում, որ գործ ունեն կա՛մ այսրոպեական շանտղության, կա՛մ շարունակական անսկզբունքայնության ու գրանտակերության հետ։ Հասկանում են ու ոչինչ չեն անում։ Այ հենց այս իմունիտետը պետք է վերացնել, որովհետև դա իմունիտետ էլ չէ, այլ տոլերանտություն՝ բառի բժշկական իմաստով։

Պետք է սկսենք հստակ տարբերակել ներազգային ու ներհասարակական առողջ դիսկուրսը գրանտներով կամ էլ անձնական «աբիժնիկությամբ» պայմանավորված մոտիվներով արված տեղեկատվական դիվերսիաներից։ Բացի տարբերակելուց՝ պետք է տոտալ անհանդուրժողականություն դրսևորել երևույթի ու երևույթը տարածողների նկատմամբ (իհարկե, միայն օրենքի սահմաններում)։ Ու վերջապես, պետք է վերջապես դուրս գալ մորթվող ազգի պարադիգմայից ու թույլ չտալ, որ տարբեր դեմագոգ պոպուլիստներ արժեզրկեն արժանապատիվ ու պաշտպանունակ ազգային մտածողությունը։ Դրա համար շատ բան պետք չէ, պետք է իրոք սիրել հայրենիք ասվածը, իսկ դա անելու լավագույն ձևն օրինապաշտ ու պատասխանատու քաղաքացի լինելն է, պետք է իրոք սիրել ու արժևորել բանակը, իսկ դրա ձևը միայն բանակային նկարները լայքելն ու ռազմահայրենասիրական պաթոսից խեղդվելը չէ, այլ բանակից չխուսափելն ու հակաբանակային ամեն վայնասունի մասնիկ չդառնալը, և վերջապես, պետք է ֆիքսել, որ ուժեղ ազգային բանակ ու առավել ևս՝ ազգ-բանակ ունենալու հարցում շահագրգռված չէ ոչ ոք՝ բացի մեզանից, ուստի ոչ ոք՝ լինի դա ՌԴ դեսպանատուն, Սորոսի հիմնադրամ, թե ԱՄՆ պետդեպ, ապրիորի ոչ մի լավ բան չի ֆինասավորելու ու աջակցելու՝ կապված այս թեմայի հետ, որովհետև ուժեղ բանակ ունենալն ու առավել ևս՝ ազգ-բանակ լինելը, բացի մյուս Սումգայիթը կանխել կարողանալուց, նշանակում է նաև սուվերենության հենասյուն ունենալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել