Երեկ երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանը և Սպիտակցի Հայկոն ներկայացրին իրենց համատեղ «Մամ ջան» երգը: Համացանցում այն արագ տարածվեց, և կարծիքները բավականին դրական էին: Երգի հեղինակը Գրիգորն է, տեսահոլովակը նկարահանել է Արթուր Մանուկյանը, գործիքավորումն արել է Մարտին Միրզոյանը: BlogNews.am-ի հետ զրույցում Գրիգորը մանրամասներ է պատմել Հայկի հետ համագործակցության և այն մասին, թե ինչու նախապես անոնս չէին ներկայացրել:

«Այս երգը գրել եմ երկու տարի առաջ։ Նոր թողարկեցինք, քանի որ այդպես ստացվեց: Ես առհասարակ չէի ուզում, որ որևէ մեկն իմանար այս համագործակցության մասին, որովհետև պետք էր լսել, նոր կարծիք կազմել այս աշխատանքի մասին: Եթե նկատել եք, անգամ նախնական անոնս չենք արել, որովհետև ուզում էինք՝ մարդիկ միանգամից լսեին, և այս դեպքում կարևոր չէ, թե ովքեր են կատարում, կարևոր էր, թե ինչպես են երգում և ինչ անկեղծությամբ: Հայկի հետ համագործակցությունը հենց այդ պատճառով էլ եղավ, քանի որ շատ անկեղծ է երգում և ազնիվ, և պետք էր այդպիսի մարդ, ով իսկապես նման մոտեցում ցույց կտար երգին»,- պատմում է Գրգորը:

Հայկի և Գրիգորի համագործակցության գաղափարի հեղինակը երգի երաժշտության պրոդյուսեր Մարտին Միրզոյանն էր. «Նա ասաց, որ լավ կստացվի, եթե Հայկի հետ համագործակցություն լինի: Հայկն էլ, երբ լսեց, միանգամից համաձայնեց, ինչի համար շնորհակալ եմ թե՛ Մարտինին, թե՛ Հայկին, որովհետև կարծում եմ՝ այն երգերից է, որ ամբողջությամբ շատ անկեղծ էր: Ես՝ որպես հեղինակ, շատ էի ուզում, որ երգի անկեղծությունը և պարզությունը տեղ հասնի մարդկանց»:

Երգից հետո դրական մեկնաբանությունների տեղատարափ է, չնայած ավելի շատ շեշտվում է Հայկի անունը, ինչը Գրիգորին չի մտահոգում. «Բնական է, որովհետև Հայկն ավելի մեծ մասսայականություն է վայելում: Ես ավելի շատ ուրախ եմ երգի հաջողությունից, և կարևոր չէ, թե ինչ են գրում, կարևորը՝ հուզել է մարդկանց»:  

Երգիչը նշում է, որ սա այն դեպքն է, երբ աշխատանքն արվել է ոչ կոմերցիոն քայլերից ելնելով. «Պարզապես ինձ համար լավ երգ է, և ես շատ եմ սիրում: Ուզում էի անել, որ հետո ինձ չմեղադրեի, թե ինչու տեսահոլովակ չնկարահանեցի: Այս երգի մասին առհասարակ շատ չեմ ուզում խոսել, քանի որ շատ թանկ է ինձ համար և արժեքավոր: Թանկ բաների մասին շատ չեն խոսում: Եթե կհուզի մարդկանց, ապա մենք հասել ենք մեր նպատակին»,- եզրափակեց Գրիգորը։

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել