Հաղորդավար Արտյոմ Կարապետյանը և դերասանուհի Յուլիա Ֆինկը վերջերս են վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ, ի դեպ, առաջին անգամ էին: Մեկամսյա ուղևորությունը բավականին տպավորիչ էր զույգի համար, իսկ BlogNews.am-ի հետ զրույցում Յուլիան պատմել է տպավորությունների և մեկնելու պատճառի մասին: 

«Մենք առաջին անգամ էինք Ամերիկայում, և մեկնելու հիմնական առիթը Արտյոմի ծնողներին տեսնելն էր, քանի որ տասնութ տարի չէին տեսել իրար: Ես էլ էի առաջին անգամ տեսնում Արտյոմի ծնողներին։ Չնայած հեռախոսային կապը և Skype-ով զրուցելը միշտ եղել է, բայց բնական շփումն իհարկե ուրիշ է: Մեզ շատ լավ դիմավորեցին․ բացի Արտյոմի ծնողներից՝ Ամերիկայում բնակվում են նաև նրա բարեկամները, և բոլորս սպասում էինք այս հանդիպմանը: Ես էլ կատակով ասում էի՝ կարծես նոր հարս եմ, քանի որ ուշադրությունը, ջերմությունն այնքան շատ էին, որ ես ինձ այդ կարգավիճակում էի զգում»,- պատմում է Յուլիան։

Դերասանուհին ասում է, որ Ամերիկան որպես տուրիստական երկիր չի դիտարկել․ «Ես չեմ ձգտել Ամերիկա գնալ։ Որպես տուրիստական երկիր ինձ գրավել է, օրինակ, Իտալիան, բայց հիմա հասկանում եմ, որ հաճույքով ավելի երկար կմնայի: Ամերիկան ինքն իրենով հետաքրքիր ձգողական ուժ ունի։ Ինձ համար մեկ ամիսը քիչ էր, քանի որ շատ տեսարժան վայրերում չհասցրինք լինել, չնայած ոչ մի օր տանը չենք մնացել: Այդ ընթացքում ընկերացանք Արտյոմի հորեղբոր աղջկա և նրա ամուսնու հետ, նրանք մեզ ցույց տվեցին Լոս Անջելեսը և տարան Վեգաս»։

«Ինձ շատ տպավորել է Universal studios-ը: Շատերը մտածում են՝ փոքրերի կամ զվարճանքի համար է նախատեսված, բայց իրականում դա մի հրաշք աշխարհ է: Ես իմ աչքերին մինչև հիմա չեմ հավատում, որ տեսել եմ այդ ամենը: Տպավորված էի Լաս Վեգասից, այնքան հետաքրքիր էր, որ չեմ կարող բառերով նկարագրել: Ամենամեծ տպավորությունը «O Cirque du Soleil Las Vegas» ջրային շոուն էր: Երկու ժամ նայել եմ և այդքան արտասվել: Սարքած էր խորը լողավազան, և ամբողջ ներկայացումը կատարվում էր ջրի մեջ, տեսարաններից մեկի ժամանակ էլ դերասանը տասը մետրից թռչում էր ջրի մեջ: Հետո լողավազանը վերածվում էր բեմահարթակի, և գործողությունները կատարվում էին բեմի վրա: Այնքան տպավորիչ էր, կուզեի գոնե փոքրիկ մասնակցություն ունենալ այդ ամենի մեջ»,- իր տպավորություններով կիսվում է դերասանուհին։

Պարզվում է՝ ուղևորության ժամանակ կատարվել է դերասանուհու երազանքներից մեկը. «Երազում էի տեսնել և լինել Բադդի Վալաստրոյի ռեստորանում, երազանք էր նաև լինել հայտնի բրիտանացի խոհարար Գորդեն Ռամզիի ռեստորանում: Մեկ անգամ այցելելուց հետո սիրահարվում ես այնտեղի ուտեստներին և այլևս ոչինչ չես կարողանում ուտել»:

Դերասանուհու խոսքով՝ հետճանապարհորդական դեպրեսիան իրեն չի սպառնում, քանի որ շատ կարոտել էր Երևանը և, ինչպես խոստովանում է, Նոր տարվա օրերին ավելի շատ ձյան շունչն էր ուզում, քան շուրջը արմավենիներ տեսնելը. «Չնայած Նոր տարվա գիշերը շատ լավ անցկացրինք, բայց հասկացա, որ ես Նոր տարին սիրում եմ ձմեռային տրամադրության մեջ»։

Յուլիան չի բացառում, որ կրկին կվերադառնան ԱՄՆ։ Չնայած թռիչքը շատ երկար է տևում և հոգնեցուցիչ է, բայց շատ վայրեր կան տեսնելու և բացահայտելու»։

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները տրամադրել է Յուլիա Ֆինկը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել