Ծխողները ոտքի են կանգնել, հադայ-բուդույ, մեր իրավունքներն եք ոտնահարում, մեզ սահմանափակում եք, մենք, մեր առողջությունը և նման սրտաճմլիկ բաներ, բայց ոչ մեկ չի ասում, որ հա, ծխում եմ ու թունավորում շրջապատին։ Իրանք մենակ իրենց մասով են ասում՝ չմտածելով, որ այդ ծուխը շատ հաճախ նաև կողքի նստածներին է վնասում։ Հիմա օրենքը որոշել է կպնել գրպաններին, ու կրկին ըմբոստության ալիք է բարձրացել, բայց նման ալիք չի բարձրանում, երբ հացը, կաթնամթերքն ու առաջին անհրաժեշտության մթերքներն են թանկանում։ Դա նորմալ է, քիչ կուտենք, կարևորը՝ ծխենք, որտեղ ուզենք, երբ ուզենք։ Դա սխալ է, տիկնայք և պարոնայք։ Ծխելն ինքնին բացասական երևույթ է, ու փոխարենը համաձայնվեք, որ այն արգելող օրենքները ինչքան շատ լինեն, այնքան ձեզ շրջապատող թթվածինն ավելի մաքուր կլինի, դեռ մի բան էլ դժգոհում եք, որ ընդհանրապես որոշում են արգելքին օրենքի ուժ տալ։ Դա նույնն է, երբ, ասենք, թունավոր նյութեր արտանետող մի գործարան դժգոհի, որ իրեն արգելում են արտանետումներ անել․ չէ՞ որ ինքը գործարանի կառուցման համար գումար է ծախսել, դա իր սեփականությունն է ու աշխատատեղեր է ստեղծել։ Գուցե օրենքն ունի շտկումների կարիք ու պետք է լրամշակվի, բայց որ «պառավոզի» պես 5 րոպեն մեկ թթվածինը վերացնողի դեմ պետք է նրա գրպանին կպնելով պայքարել, այլ կերպ հնարավոր չէ այս հասարակությունում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել