Մերձավոր Արևելքի իր ազդեցության տարածքներ դիտարկվող հատվածներից մրցակիցներին և հակառակորդներին դուրս թողնելու Թեհրանի չափազանց նուրբ քաղաքականությունն ուղղակի կարելի է օրինակելի որակել։

Ընդամենը մի քանի ամիս առաջ գրեթե խաղաղ միջոցներով հարթելով իրավիճակը Իրաքի Քրդստանի տարածաշրջանում` իրանցիները փաստացիորեն կանխեցին թուրքական բանակի՝ այս տարածք մուտք գործելու իրական վտանգը և սահմանափակեցին ամերիկյան ազդեցությունը, ինչից հետո առնվազն տարօրինակ էր թվում Սիրիայի հյուսիսի քրդաբնակ Աֆրինի շրջանում թուրքական բանակի և դրա դաշնակիցների գործողությունների հանդեպ Թեհրանի ինչ-որ առումով մեղմ դիրքորոշումը։

Իրականում աստիճանաբար պարզ է դառնում, որ Իրանը թուրքական ներխուժումը Սիրիայի հյուսիսն օգտագործում է սիրիաբնակ քրդերին Միացյալ Նահանգների ազդեցությունից դուրս բերելու նպատակով՝ որպես հեռահար թիրախ դիտարկելով Դամասկոսի և սիրիական քրդերի միջև հաստատուն դաշինքի ձևավորումը, ինչի առաջին նախանշանններն արդեն կան առնվազն հռետորաբանության մակարդակում։

Եթե Իրանին հաջողվի թուրքական վտանգին դեմ հանդիման նման համագործակցություն ձևավորել, ապա ոչ միայն կապահովվի Սիրիայի տարածքային ամբողջականության խնդիրը, ինչի առաջին ջատագովը հենց Թեհրանն է, այլ նաև, ըստ էության, այդ երկրի հյուսիսի քրդաբնակ շրջաններից կրկին դուրս կմնան թե՛ Վաշինգտոնը և թե՛ Անկարան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել