Վերջին մի քանի օրերին բոլորիս հայացքներն ուղղված են եվրոպական արենաներում կատարվող իրադարձություններին, որոնց իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաև ՀՀ նախագահը և վարչապետը. նախագահը մեկնեց Ֆրանսիա, նաև  մասնակցեց ԵԽԽՎ աշխատանքներին, իսկ վարչապետը մասնակցում է Դավոսում տեղի ունեցող ամենամյա տնտեսական ֆորումին:

Բավականին հետաքրքիր և ուշագրավ էր նախօրեին նախագահ Սարգսյանի ԵԽԽՎ ամբիոնից հնչեցրած ելույթն ու մեսիջները:

Նախագահ Սերժ Սարգսյանը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից հայտարարեց, որ վաղուց հասունացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ժամանակը: ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի ընթացքում ՀՀ Նախագահն ընդգծեց, որ դրա համար անհրաժեշտ է խստագույնս պահպանել հաստատված հրադադարի ռեժիմը և կատարել նախկինում ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները:

Սերժ Սարգսյանը բավականին սառնասիրտ և դիպուկ պատասխանեց ղարաբաղյան խնդրի, հայկական իբրև թե ագրեսիայի և Խոջալուի իբրև թե ցեղասպանության վերաբերյալ ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության բավականին էմոցիոնալ և «բոցաշունչ» հարցին՝ խորհուրդ տալով Խոջալուի «ցեղասպանության» հեղինակներին փնտրել Ադրբեջանում և հայտարարելով, թե Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում:

Այլ բնորոշմամբ` նախագահ Սարգսյանը բավական հստակ ու փաստարկված ներկայացրեց ՄԱԿ Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերի խնդիր, որոնց իբրև թե չկատարման համար Բաքուն մեղադրում է Հայաստանին: Սարգսյանի պատասխանում կարևոր էր այն, որ նա փորձեց հայկական դիրքերը կամրջել այդ հարցում և մատնանշեց նախկին իշխանության դիվանագիտական հմտության հանգամանքը, ինչը, անկասկած, կարևոր ազդակ էր առաջին հերթին միջազգային հանրությանն ու լսարանին որպես Արցախի խնդրում հայկական պետականության որոշակի կուռ առանցքի արձանագրում, անգամ կարգավորման մոտեցումների վերաբերյալ տարբերության պարագայում:

Կարող ենք փաստել, որ միջազգային հանրությանը հղված ազդակների մասով Սերժ Սարգսյանը նվազագույն անհրաժեշտության մասով դիպուկ էր ու բավականին ամուր: Այստեղ թերևս խնդիրը, որ ուշադրության է արժանի, այլ տեղ է: Հարկ է ընդգծել, որ ՀՀ առաջին դեմքերը միջազգային հարթակներում բավական դիպուկ, հանգամանալից և փաստարկված հակադարձել են ադրբեջանական հարցադրումները, և որ ամենակարևորն է, դա արվում է յուրահատուկ հանգստությամբ ու մի տեսակ ներքին ինքնաբավությամբ:

Իր ելույթում Սարգսյանը մի կողմից բավական նուրբ քողարկված մեղադրանքներ ներկայացրեց ԵԽԽՎ-ին՝ հիշեցնելով խավիարային դիվանագիտության խայտառակությունը, ինչպես նաև ՄԻԵԴ որոշ վճիռներ, որ այս կամ այն կերպ առնչվել են Ղարաբաղյան խնդրին, քանի որ վերաբերել են Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացիների հայցերին: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՄԻԵԴ-ը պետք է զգույշ լինի այդ հարցերում՝ խաղաղ կարգավորման համար խնդիրներ չստեղծելու համար:

Միաժամանակ նախագահն, իհարկե, նրբորեն ակնարկեց նաև իր հաջողության մասին՝ ասելով, որ 2013-ին ՀՀ՝ ԵՏՄ անդամ դառնալուց հետո Եվրոպայում շատերն էին թերահավատ Հայաստանի հարցում, սակայն Հայաստանը ցույց տվեց, որ հնարավոր է, լինելով ԵՏՄ անդամ, նաև համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ և լինել այդ առումով օրինակելի մոդել: Սրանով Սարգսյանը բավական նուրբ տողատակով «հաշիվները մաքրեց» ԵԽԽՎ-ի հետ, բայց դուռը վերջնական չփակեց, այլ թողեց կիսաբաց` հայտարարելով, որ ԵԽԽՎ-ն ունի արդիականացման, վերաիմաստավորման կարիք, և Հայաստանը պատրաստ է ներգրավվել այդ գործընթացում:

Դա թերևս Սերժ Սարգսյանի ելույթի համարձակ և մասնակցային առանցքային հանգամանքն էր, ինչն անկասկած թե՛ քաղաքական, թե՛ քաղաքակրթական ողջունելի դիրքորոշում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել