«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար Սաիդա Օհանյանը հայտարարել է, որ կազմակերպությունը Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի թեկնածությունն առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի:

Ըստ Ermenihaber-ի՝ կազմակերպության նպատակը կանանց իրավունքների, հայ ժողովրդի նկատմամբ նրա բնօրրանում` Արևմտյան Հայաստանում, Համշենում, իրականացված ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, ինչպես նաև մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունն է, որը նրանց տրված է միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի համաձայն:

«Այսօր Փայլանն այն քչերից է, ով պատասխանատվություն է վերցրել պաշտպանելու մարդասիրական իրավունքները, բնիկներին, ազգային ու կրոնական փոքրամասնություններին: Նրա ցանած` խաղաղության սերմերը՝ տարբեր ազգությունների ու դավանանքների պատկանող մարդկանց միջև հանդուրժողականության ու փոխըմբռնման վերաբերյալ, տալիս են դրական արդյունքներ Թուրքիայի Հանրապետության հանրության շրջանում: Դիմում ենք բարի կամքի տեր բոլոր մարդկանց, կանանց իրավունքների, ինչպես նաև մարդկային իրավունքների պաշտպան բոլոր կազմակերպություններին ու միություններին` միանալ մեր նախաձեռնությանը և ձայնը տալ Կարո Փայլանին»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Սաիդա Օհանյանը խնդրում է նաև ինքնուրույն կերպով դիմել Նոբելյան կոմիտե՝ Կարո Փայլանին 2018 թ. Նոբելյան խաղաղության մրցանակի արժանացնելու համար:

Հայտը ներկայացնելու եզրափակիչ օրը 2018 թ. հունվարի 30-ն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել