«Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին հայտարարությունները, որ հնչում են արդեն ամիսներ շարունակ, ՀՀԿ որոշ ներկայացուցիչների, նաև մի շարք այլ ոլորտների, այսպես ասած, մտավորականության ներկայացուցիչների շուրթերից, իրականում այլ բան չեն, քան սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգությանը: Ընդ որում՝ այստեղ խնդիրն ամենևին Սերժ Սարգսյանը չէ, այլ հենց անփոխարինելիության հանգամանքը:
 
Այսինքն՝ եթե անգամ հայտարարվեր, թե անփոխարինելի է Կարեն Կարապետյանը, կամ անփոխարինելի է Արմեն Սարգսյանը, Վիգեն Սարգսյանը, կամ Պողոս Պետրոսյանը, կամ Պետրոս Պողոսյանը, միևնույն է՝ գործ էինք ունենալու ազգային անվտանգության, պետական անվտանգության սպառնալիքի հետ: Խոսել Հայաստանում որևէ մեկի անփոխարինելիության մասին, գործնականում նշանակում է մատնանշել Հայաստանի գլխավոր թիրախը, ինչպես ասենք պատերազմի ժամանակ հակառակորդին մատնացույց անել հրամանատարական շտաբը կամ հակառակորդին փոխանցել հետախուզական ջոկատի կոորդինատները:
 
Ինչպե՞ս վարվել պետության հետ, որը կախված է, այսպես ասած, մեկից՝ ինչ անուն-ազգանուն էլ ունենա այդ մեկը: Այստեղ թերևս առանձնապես մեծ երևակայություն պետք չէ պատկերացնելու համար, թե ինչպես է հնարավոր աշխատել Հայաստանը առավելագույնս խոցելի դարձնելու կամ պարզապես խոցելու համար՝ պետք է գտնել այդ մեկի թույլ տեղը, քանի որ արդեն իսկ պարզ է, որ այդ մեկը Հայաստանի թույլ տեղն է: Ու բացարձակապես կապ չունի՝ այդ մեկը լեգիտիմ է, թե ոչ:
 
Իսկ երբ պետությունը գտնվում է բարդ տարածաշրջանում, բարդ տնտեսաքաղաքական խնդիրներով ու շուրջը բառի բուն իմաստով փոթորկվող աշխարհով, երբ սուբյեկտների վարքագիծը բացարձակապես անկանխատեսելի է, իսկ ռազմուժի որևէ կիրառում դարձել է գործնականում անկասելի, անվտանգությունը մեկից կախելն այլ բան չէ, քան պարզապես բացել Հայաստանի թիկունքը:
 
Այս տեսանկյունից, Սերժ Սարգսյանի հայտարարությունները, թե այլևս անձը չէ որոշողը, այլ ինստիտուտները, կառույցները, քաղաքական ուժերը, Հայաստանի ռազմավարական անվտանգության տեսանկյունից շատ ավելի ադեկվատ են, քան նրա անփոխարինելիության մասին չարյաց փոքրագույն դեպքում քնարական, իսկ վատագույն դեպքում՝ մորթապաշտական զեղումները, որոնք կարող են Հայաստանի վրա շատ թանկ արժենալ:
 
Իհարկե, այս ամենում առանցքային է դառնում հարցը, թե Սերժ Սարգսյանն ինքը խոսքի և գործի արանքում որտեղ է: Նա, իհարկե, մարտավարական նկատառումներից ելնելով կարող է չկանխարգելել իր անփոխարինելիության մասին հայտարարություններն ու պնդումները, տվյալ պարագայում դրանք էական չեն լինի, եթե Սարգսյանը գործնականում իրականություն դարձնի Հայաստանում բազմաշերտ և բազմակենտրոն կառավարման համակարգի, հակակշիռների և այսպես ասած՝ դիվերսիֆիկացիայի վրա խարսխված համակարգի ձևավորումը: Հակառակ դեպքում, ապրիլից հետո Հայաստանը կարող է հայտնվել աչքերը կապած ականապատ դաշտում հայտնվածի կարգավիճակում»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել