Հայտնի է, որ մեր պետությունը հսկայական վարկային միջոցներ է վերցնում տարբեր միջազգային կազմակերպություններից և բանկերից՝ հյուսիս-հարավ ավտոմայրուղին կառուցելու և դրանով իսկ Հայաստանի շրջափակումը մեղմելու համար: Չնայած դանդաղ ընթացքին` այդ շինարարությունը սկսվել է: Աշխատանքներ են իրականացվում նաև Աշտարակ-Թալին ճանապարահատվածում:

Բնակվում եմ կառուցվող ճանապարհի Աշտարակի հատվածի մոտակայքում և ամեն օր ականատես լինում այն թալանին, որ իրականացնում են մեր «սիրասուն» ճանապարհային ոստիկանները:

 Այսպես, ընդամենը 2-3 կմ-ոց հատվածում կարելի է հանդիպել դարանակալած կամ առանց թարթիչները միացրած ծառայություն իրականացնող պետավտոտեսուչների 4-5 մեքենաներ, որոնք, իրար հերթ չտալով (չնայած ասում են, որ տարածքը բաժանված է նրանց միջև), այսպես ասած երթևեկության կարգն են պահպանում: Բայց դե ի՞նչ կարգ, ի՞նչ բան: Ասես մրցավազքի մեջ լինեն, թե ով ավելի շատ «կաշխատի»: Օրը ցերեկով, հատկապես թեժ ժամերին, տարբեր պատճառաբանություններով թալանում են մեր վարորդներին: Դե իհարկե բացառություններ էլ են լինում, երբ մեծ արագությամբ այդ հատվածով սլանում են «ախպեր  տղերքը»: Հո՞ ձեռք չեն քաշել իրենց «պաշտոններից» այդ վայ-ոստիկանները, որ կարգի հրավիրեն կարգազանցներին: Նրանց ուժը միայն հասարակ ժողովրդի վրա է պատում: Այս հոդվածը չէր գրվի, եթե վստահ լինեի, որ վարորդներից շորթած գումարները գնում են պետական բյուջե: Բազմիցս ականատես եմ եղել, թե ինչպես միավոր ժամանակում պետավտոտեսուչների մեկ մեքենան, օրինակ 10 րոպեի ընթացքում 6-7 մեքենա է կանգնեցնում, այսպես ասած տուգանում և բաց թողնում: Փաստորեն, ոչ մի ակտ էլ չի կազմվում, իսկ եթե կազմվում էլ է, ապա չնչին մասը միայն, այն էլ շոուի համար և գումարների զգալի մասը մտնում է նշված ավտոտեսուչների ու նրանց հովանավորների գրպանը: Ամենապարզ հաշվարկներով անգամ կարելի է համոզվել, թե ինչ կարգի գումարներ են շորթվում ժողովրդից մեկ օրվա ընթացքում: Եվ եթե նշված գումարները մտնեին պետական բյուջե ու ծառայեին հենց այդ ճանապարհի կառուցմանը, ապա որքա՜ն կթեթևանար պետության բեռը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել