«Տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում»:
Սովորաբար հետևում եմ ՀՀ նախագահի վարած քաղաքականությանը և այդ շրջանակներում կատարվող աշխատանքներին: Էլ ավելի ուշադիր եմ նախագահի հայտարարություններին, որոնք, ըստ էության, գնահատականներն են քաղաքականության և իրականացվող ծրագրերի համապատասխանելիությանը, ինչպես նաև հստակ հանձնարարականներ են:

Նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում բոլորս ականատեսն էինք Տավուշի մարզի Մովսես գյուղում նախագահի կողմից կատարված հայտնի արտահայտության` «Տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում», որը բնականաբար ընդդիմադիր դաշտի կողմից բավական մեծ արձագանք ստացավ: Ինքս նույնպես չառանձնացա բոլորից և չընկալեցի նշյալ արտահայտության իմաստը, սակայն Հայելի.am-ի հրապարակած ավագանու անդամներից մեկի հարցազրույցը ինձ վերջապես լուսավորեց:

Թե որն էր պատճառը հայտնվելու ավագանիում, թերևս ավագանու անդամն է ասում, երբ իրեն առաջարկել են. «Ես ժամանակ խնդրեցի, գիշերը մտա ինտերետ, գտա օրենք Երեւանի ավագանու մասին, կարդացի, տեսա, որ ոչ մի կուսակցական, քաղաքական կշիռ չունի ավագանու գործունեությունը, նոր հաջորդ օրը համաձայնվեցի»:

Այ քեզ մոտեցում, ստեղ են ասել. «Տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում»: Իսկ ի՞նչ անել: Թերևս այս հարցի պատասխանը ավագանու անդամը ինտերնետում այդպես էլ չգտավ: Սակայն դժվար չէ հասկանալ համաձայնելու պատճառները` քաղաքապետին հաճոյանալ, անօրինական գործողություններ ու ապօրինություններ իրականացնելու համար քաղաքապետի հովանավորությունը` «կանաչ լույս», ստանալ …: Այնպես որ մեր ավագանու անդամը հեռահար նպատակներ ուներ` «տուն ա էլի, թող լինի…»` հայտնի ասածի պես:

Ու երբ կարդում ես, թե ո՞րն է Երևանի համար այս չորս տարիների ընթացքում արած ամենանշանակալի գործը, պատասխանը ուղղակի ցնցող է՝ «Մի տատիկի տան տանիքն ենք նորոգել: Ընկերներով հավաքվեցինք, այդ գործը գլուխ բերեցինք…: Շատ լուրջ զբաղված եմ գազանանոցի խնդիրներով: Սա արդեն մեծ ծրագիր է: Այս կառույցը 20 տարի շարունակ բարձիթողի վիճակում էր»:

Հարգե’լի ընթերցող, ուղղակի չեմ կարող չկրկնվել` «Տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում»: Այ խելոք, ինչպե՞ս կարող ես քո ռեժիսոր մասնագիտությամբ զբաղվել գազանանոցի խնդիրներով, վերջապես ո՞վ ես դու, որ գնահատես կառույցի 20 տարվա վիճակը:

Գազանանոցը «Մեր բակ» չի, այն օրգանիզմ է, որտեղ ամեն վայրկյան իրավիճակ է փոխվում և այդ իրավիճակը պետք է կարողանալ վերահսկել, կանխատեսել, առավել ևս առաջացած խնդիրները լուծել, ոչ թե խնդիրներով զբաղվել: Էսպես ռեժիսորներով «զբաղվեցիք», որ մեկ տարվա ընթացքում կենդանատեսակը այգում 7%-ով նվազեց, ավելի քան 200 կենդանի դարձան տգիտության ու բարբարոսության զոհ, ու համալրում տեղի չունեցավ, շուրջ 80 աշխատակիցներ դարձան գործազուրկ, որոնց մի մասն էլ արտագաղթեց:

Արդյո՞ք նախագահը պետք է մտածի խիարը ճիշտ բուսնելու մասին, չէ՞ որ դրանք հստակ հանձնարարականներ են. արդյո՞ք Տավուշի մարզպետը ընկալեց իրեն տրված հանձնարարականը Սպարտակ պապիկի հարցադրումների շրջանակում, դժվար է ենթադրել, բայց ավագանու ցուցակներից հստակ է, որ «Երևան քաղաքում խիարը շարունակելու է թարս բուսնել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել