ՀՀ ներքաղաքական օրակարգում իրավիճակները փոխվում են երկրաչափական պրոգրեսիայի արագությամբ: Ինտրիգների սիրահները դեռ չէին հասցրել իրենց մտքի պատկերացումներին զոռ տալու և ՀՀ չորրորդ նախագահի շուրջ հերթական հնարավոր թեկնածուներն ու լեգենդները հյուսելու, երբ ժամեր առաջ նախագահ Սարգսյանը հայտարարեց ՀՀԿ նախագահի թեկնածուի անունը` Արմեն Սարգսյան:

 

Մի քանի դիտարկում Արմեն Սարգսյանի մասին: Ա. Սարգսյանը ՀՀ քաղաքական դաշտի համար նորեկ չէ. դեռևս 90-ականներին գիտնական-ֆիզիկոսը մտավ քաղաքական դաշտ` 1992-ից ստանձնելով ՀՀ դեսպանի կոչումը Մեծ Բրիտանիայում: 1996-ին Տեր-Պետրոսյանը որոշեց նրան վստահել երկրի վարչապետի պաշտոնը. վարչապետի պաշտոնից Սարգսյանը հեռացավ առողջական խնդիրների պատճառով (չնայած այդ շրջանում տեղեկատվական մի մեծ ալիք բարձրացավ, իբր վարչապետն այն ժամանակ Պնախարար Վազգեն Սարգսյանի հետ ունեցել է լուրջ հակասություններ, անգամ Վազգենը ապտակել էր վարչապետ Սարգսյանին, սակայն իրականում երկու Սարգսյանները բավականին ջերմ ընկերական, հարաբերությունների մեջ էին, ավելին` 1999-ին, երբ արդեն վարչապետ Վազգեն Սարգսյանը պատրաստվում էր պաշտոնական այցով մեկներ ԱՄՆ՝ փոխնախագահ Ալ Գորի հետ հանդիպման, դեսպան Սարգսյանը բավականին լուրջ դերակատարություն ունեցավ նախապատրաստական աշխատանքներում, նա նաև վարչապետի պատվիրակության հետ մեկնեց Վաշինգտոն): Չփորձելով դառնալ Արմեն Սարգսյանի կենսագիրն՝ առաջ անցնելով նշեմ, որ նա բավականին լուրջ կշիռ ունի բրիտանական կառավարման կուլիսներում․ արքայազն Չարլզի մերձավորներից է:

Սերժ Սարգսյանի այս քայլից կարելի է եզրակացնել, որ նա այս ժեստով Արևմուտքի հետ հարաբերություններում լուրջ դիրքավորում է անում` ամեն կերպ ներկայանալի և իրազեկ նախագահ նախատեսելով ՀՀ համար: Հարկ է նաև ընդգծել, որ Արմեն Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քաղաքական հարթակում բավականին ադեկվատ և դրական կարծիք կա, ու այս կերպ, ըստ էության, ապագա նախագահն ԱԺ կողմից հնարավոր է՝ ընտրվի լայն կոնսենսուսով․ սա նույնպես կարևորագույն հանգամանք է պառլամենտական պետության համար, ինչքան էլ ՀՀԿ-ն ունենա բացարձակ մեծամասնություն:

Դառնանք ապագա վարչապետի՝ ըստ էության, քաղաքական թիվ մեկ դերակատարի թեկնածությանը: Կարելի է եզրակացնել, որ ապագա վարչապետը նույնպես պետք է լինի քաղաքականապես գերկայացած ֆիգուր, ով կկարողանա դիմանալ ներքաղաքական և աշխարհաքաղաքական փորձություններին` ցուցաբերելով ադեկվատ և կառուցողական մոտեցումներ:

Չփորձելով որևէ մեկին վիրավորել կամ թերագնահատել՝ նշեմ, որ ՀՀ ապագա նախագահն ու վարչապետը պետք է լինեն այնպիսի անհատներ, ովքեր ՀՀ քաղաքական իրականությանը նոր որակ և քաղաքակրթական բարձր ցենզ կբերեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել