Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է անգլիական մեկ այլ ակումբ` Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն:

«ArmSport.am»-ն իր ընթերցողներին է ներկայացնում տրանսֆերային վերջին թարմացումները հայ ֆուտբոլիստի տեղափոխության հետ կապված.

15:10. Չիլիացի լրագրող Ֆաբիան Մորալեսը «Թվիթերի» իր միկրոբլոգում ուշագրավ հրապարակում է կատարել այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մասնավոր ինքնաթիռ է պատրաստել թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Լոնդոն ճանապարհելու, և այնուհետև Ալեքսիս Սանչեսին Մանչեսթեր բերելու համար:

«Manchester Evening News»-ն էլ գրում է, որ Մխիթարյանին այսօր առավոտյան տեսել են ՄՅՈւ-ի «Քերինգթոն» մարզաբազայում.

15:00. «Standard»-ի լրագրող Ջեյմս Օլին նոր մանրամասներ է ներկայացրել Ալեքսիս-Մխիթարյան փոխանակման հետ կապված: Աղբյուրի փոխանցմամբ, «Արսենալը» Սանչեսի դիմաց բացի Մխիթարյանից ցանկանում է նաև 10 մլն ֆունտ ստանալ «Մանչեսթեր Յունայթեդից»: Մանկունիացիները ցանկանում են միայն փոխանակում: Բանակցությունները շարունակվում են:

14:50. Միջազգային մարզական մամուլի ուշադրության կենտրոնում Սանչես-Մխիթարյան հավանական փոխանակումն է, իսկ քիչ առաջ չիլիացին «Instagram»-ի էջից հեռացրել է այն փաստը, որ ինքը հանդիսանում է «Արսենալի» ֆուտբոլիստ:

14:00. Բրիտանական հեղինակավոր «Independent» պարբերականը գրում է, որ Մխիթարյանը կարող է արդեն շաբաթ` հունվարի 20-ին իր նորամուտը նշել «Արսենալի» կազմում: Այդ օրը «զինագործներն» ԱՊԼ-ի հերթական տուրի շրջանակում սեփական հարկի տակ կընդունեն «Քրիսթալ Փելասին»:

13:14. «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հաստատեց, որ Սանչես-Մխիթարյան փոխանակումը մոտ է իրականալուն:

«Զինագործների» ֆրանսիացի գլխավոր մարզիչը նաև նշեց, որ իրեն դուր է գալիս հայ ֆուտբոլիստի խաղը, և որ նրա ֆինանսական պահանջները չեն կարող խոչընդոտել տրանսֆերի կայացմանը: 

«Փոխանակումը կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում: Բայց այն նաև կարող է տեղի չունենալ: Ես արդեն 30 տարի` աշխատում եմ տրանսֆերային շուկայում, և այստեղ ցանկացած պահի կարող է ինչ-որ բան փոխվել: Ոչինչ երաշխավորված չէ»,- նշեց մանսագետը:

11:00. Բրիտանական մամուլում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Մխիթարյանն իր գործակալ Մինո Ռայոլայի հետ արդեն ժամանել է Լոնդոն: Հաղորդվում է, որ հայ ֆուտբոլիստը հրաժեշտ է տվել թիմակիցներին ու արդեն այսօր կարող է կնքել պայմանագիրն «Արսենալի» հետ:

 

10:37. Երեկ գիշերվանից«Transfer news»-ը «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտնեց, որ Մխիթարյանը համաձայնեցրել է պայմանագրի պայմաններն «Արսենալի» հետ և որ «զինագործների» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի հետ փոխանակումը շատ մոտ է:

Աղբյուրի տեղեկություններով, Մխիթարյանն «Արսենալի» հետ 4 տարվա պայմանագրի շուրջ է համաձայնության եկել, իսկ նրա աշխատավարձը կկազմի շաբաթական 130 հազար ֆունտ սթեռլինգ` գումարած բոնուսները: Այս կերպ, հայ ֆուտբոլիստը պետք է դառնա «զինագործների» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել