Tert.am-ը գրում է.

Մոտ օրերս մենք արդեն անունների շուրջ քննարկումներ կկազմակերպենք, և այդ մասին բոլորը կիմանան: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով նախագահի հնարավոր թեկնածուի մասին հարցին: 

Անդրադառնալով հարցին, որ այսօր արդեն իսկ նախագահի պաշտոնի համար տարբեր անուններ են շրջանառվում, ավելին՝ տեղեկություններ կան, որ հնարավոր թեկնածուն արդեն վերադարձել է Հայաստան, Բաղդասարյանն ասաց. «Եթե կոնկրետ նշում եք Արմեն Սարգսյան անունը, հնարավոր է՝ նաև այդ թեկնածությունը քննարկվի: Ինձ թվում է՝ չափորոշիչների մեջ կարելի է տեղավորել, բայց մենք դեռ անձերի չենք անդրադարձել, մոտ օրերս քննարկումներ կկազմակերպենք անունների շուրջ, և դրա մասին դուք կիմանաք: Այնպես չէ, որ պետք է լինի մեկ թեկնածու, և մենք մի թեկնածուի շուրջ այդ քննարկումը ծավալենք: Հնարավոր է` մի քանի թեկնածուներից ընտրենք մեկ թեկնածուի և ներկայացնենք, քննարկումների արդյունքում կտեսնենք»:

Սակայն, ՀՀԿ խմբակցության ղեկավարը շեշտեց, որ ՀՀ ապագա նախագահի հարցում ՀՀԿ-ն այնպիսի ընտրություն պետք է կատարի, այնպիսի անձ պետք է ընտրի, որն ընդունելի կլինի նաև բոլոր քաղաքական ուժերի համար:

«Մենք լուրջ խնդիր ենք լուծում՝ երկրի ճակատագրի, երկրի ղեկավար կազմի առաջին դեմքերի մասին է խոսքը գնում, պետք է կարողանանք այնպիսի թեկնածուի ներկայացնել, որ քաղաքական ուժերի կողմից նույնպես ընկալելի լինի: Քննարկումների և հանդիպումների արդյունքում, երբ թեկնածուն կհանդիպի նաև քաղաքական ուժերի հետ, ինձ թվում է՝ նաև քաղաքական կոնսենսուս կլինի»,- շարունակեց Վահրամ Բաղդասարյանը:

Հարցին՝ փոփոխությունների արդյունքում հնարավո՞ր է, որ իշխող ուժից նեղացած և քաղաքականությունից դուրս մնացած անձինք կրկին վերադառնան, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե ինքը չգիտի՝ ովքեր են նեղացածները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել