Հայաստանը ճանաչվել է մասամբ ազատ երկիր՝ 100 հնարավոր միավորից ստանալով 45 միավոր Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության համաձայն: Կազմակերպությունը հրապարակել է հերթական ամենամյա զեկույցը՝ գնահատելով աշխարհի 195 երկրներում քաղաքացիական և քաղաքական ազատությունները:

Հայաստանը ոչ ազատ է ճանաչվել մամուլի ազատության առումով և մասամբ ազատ՝ ինտերնետի ազատության առումով:

Մասամբ ազատ է ճանաչվել նաև Արցախը՝ 30 միավորով:

Նախորդ տարի նույնպես Հայաստանը ստացել է 45 միավոր՝ դասվելով մասամբ ազատ երկրների շարքին:

Յուրաքանչյուր երկրի տրվում է գնահատական 100 բալանոց համակարգով (0-ն լիակատար անազատության ցուցիչ է):

«Ազատությունն աշխարհում-2018. Ժողովրդավարության ճգնաժամը» անվանումով հետազոտության հեղինակները եկել են եզրակացության, որ վերջին տասնամյակում աշխարհում ազատության մակարդակը կայուն կերպով նվազել է: 71 երկրում գրանցվել է քաղաքացիական և անձնական ազատությունների սահմանափակում, և միայն 35 երկրում են գրանցվել այդ ոլորտում ձեռքբերումներ:

Տարածաշրջանի երկրներից մասամբ ազատ երկիր է ճանաչվել Վրաստանը՝ ստանալով 64 միավոր: Ադրբեջանը ճանաչվել է ոչ ազատ երկիր՝ ստանալով 12 միավոր: Իրանը և Թուրքիան նույնպես դասվել են ոչ ազատ երկրների շարքին՝ համապատասխանաբար 18 և 32 միավորներով:

Ընդհանուր առմամբ, 88 երկիր ազատ է ճանաչվել՝ զեկույցում ընդգրկված երկրների 45 տոկոսը, 58 երկիր կամ 30 տոկոսը ճանաչվել է մասամբ ազատ, իսկ 49 երկիր, կամ 25 տոկոսը՝ ոչ ազատ:

Նշվում է, որ Եվրասիայի տարածաշրջանի որոշ հատվածներում իշխանությունները փորձել են կանխել փոփոխությունները: Հայաստանում և Ղրղզստանում խիստ թերություններով աշխատող քվեարկության համակարգը ցույց է տվել ընտրությունների շուրջ գոյություն ունեցող ժողովրդավարական նորմերի շարունակական քայքայումը: Երկու երկրներում իշխող կուսակցություններն ապավինել են ընդդիմության ճնշումների, ընտրողներին ահաբեկելու և վարչական ռեսուրսներն իշխանությունը պահելու համար օգտագործելու վրա: Հայաստանի դեպքում՝ աղաղակող ընտրախախտումները հակասում են Եվրամիության հետ, որի հետ նոյեմբերին նա ստորագրել է Համապարափակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր, ավելի սերտ հարաբերություններ կառուցելու ձգտումներին, նշվում է զեկույցում:

Իրավապաշտպանները նշում են, որ Եվրասիական տարածաշրջանում ժողովրդավարության համար ամենամտահոգիչ միտումները կապված են այն դեպքերի հետ, երբ ավտորիտար ուժերը երկրի սահմաններից դուրս ջանքեր են ձեռնարկել իրենց քննադատողներին պատժելու համար: Կազմակերպությունը, որպես օրինակ, հիշեցնում է ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըին, որն առևանգվել էր Թբիլիսիում, իսկ այնուհետ տեղափոխվել Ադրբեջան: Այդ դեպքը մտահոգություններ է առաջացրել, որ Վրաստանի իշխանությունները ներգրավված են եղել լրագրողի առևանգմանը, նշում են կազմակերպությունում:

Զեկույցի հեղինակների խոսքերով՝ 2017 թվականին քաղաքական իրավունքները և քաղաքացիական ազատություններն ամբողջ աշխարհում ավելի քան մեկ տասնամյակում գրանցել են ամենացածր ցուցանիշը: «Ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ է»,- նշել են հեղինակները:

Ըստ Freedom House-ի՝ ոչ ազատ ճանաչված 49 երկրներից ամենավատ վիճակը տիրում է Սիրիայում, Հարավային Սուդանում, Էրիթրեայում, Հյուսիսային Կորեայում, Թուրքմենստանում, Հասարակածային Գվինեայում, Սաուդյան Արաբիայում, Սոմալիում, Ուզբեկստանում, Սուդանում, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում և Լիբիայում:  

Լիակատար ազատ են ճանաչվել Ֆինլանդիան, Նորվեգիան և Շվեդիան՝ 100-ական միավորներով, Կանադան ստացել է 99 միավոր, Ավստրալիան, Լյուքսեմբուրգը, Նոր Զելանդիան, Ուրուգվայը՝  98-ական միավոր: ԱՄՆ-ն ստացել է 86 միավոր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել