Ի՞նչ է տալիս մեկ մարդը մյուսին: Նա տալիս է իրեն, ամենաթանկագինը նրանից, ինչ ունի` իր կյանքի մասնիկը: Բայց սա չպետք է տառացիորեն հասկանալ: Նա նրան տալիս է իր կենսական էներգիան, իր ուրախությունը, իր հետաքրքրությունը, իր հասկացումը, իր գիտելիքը, իր հումորը, իր տրտմությունը` բոլոր ապրումներն ու բոլոր դրսևորումներն այն բանի, ինչը նրա հոգևոր հարստությունն է: Եվ այդ ձևով նա հարստացնում է մյուս մարդուն` ավելացնելով նրա ստեղծագործական ուժերը, կենսունակության զգացումը: Նա այն բանի համար չի տալիս, որպեսզի փոխարենը ստանա, նվիրումի անշահախնդրությունն ինքնին բավականություն է նվիրողի համար: Բայց տալով նա մյուս մարդու մեջ չի կարող բարության պատասխան շարժում չառաջացնել, որի էներգիան հետ է վերադառնում` տվողին հոգով ավելի հարուստ դարձնելով: Տալը մյուս մարդուն մղում է տվող դառնալու, և նրանք երկուսն էլ ավելացնում են ուրախությունը, որը ներմուծել են իրենց կյանք: Իրեն նվիրելու մեջ էլ հենց այն ուժն է, որը սեր է ծնում, իսկ անզորությունը սեր առաջացնելու անհնարությունն է: 
Այս միտքը սքանչելի է արտահայտել Կ. Մարքսը: Պատկերացրեք, ասում էր նա, մարդուն` որպես մարդ և աշխարհի նկատմամբ նրա վերաբերմունքը` որպես մարդկային վերաբերմունք, և միայն այդ դեպքում դուք կարող եք սերը միայն սիրով փոխանակել, վստահությունը` միայն վստահությամբ և այլն: Եթե դուք ցանկանում եք արվեստից բավականություն ստանալ, ապա դուք պետք է գեղարվեստորեն կրթված մարդ լինեք: Եթե դուք ցանկանում եք ազդել մարդկանց վրա, ապա պետք է ուրիշներին առաջ տանելու ընդունակ մարդ լինեք: Մարդու և բնության նկատմամբ ձեր վերաբերմունքներից յուրաքանչյուրը պետք է լինի որոշակի, ձեր կամքի առարկային համապատասխանող, ձեր անհատական կյանքի դրսևորում լինի: Եթե դուք սիրում եք փոխադարձություն չհարուցելով, այսինքն՝ ձեր սերը պատասխան սեր չի առաջացնում, եթե դուք ձեր զգացմունքի կենսական դրսևորումներով պատասխան սեր չեք հարուցում ձեր նկատմամբ, ուրեմն ձեր սերն անզոր է, ուրեմն այն չի ստացվել: 

Էրիխ Ֆրոմմ «ՍԻՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել