Այսօրվանից Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում կմեկնարկի նոր հեռուտանովել՝ «SOS. փրկեք մեր հոգիները»: 25 մասանոց ֆիլմը ֆանտաստիկ և սարսափ ժանրերի  միաձուլումն է: BlogNews.am-ի հետ զրույցում գլխավոր դերակատար Արման Նշանյանը բացահայտել է սյուժետային որոշակի մանրամասներ ու պատմել կերպարային գծերի մասին:

«Առաջարկը ստացել եմ «Արմենիա» հեռուստաընկերության տնօրենից դեռ անցյալ տարի: Նրա խոսքով՝ կերպարն իմ ոճի մեջ էր, և կարծում էր, որ կկարողանամ լավ մարմնավորել այն»:

Արմանը մարմնավորում է 38-ամյա Վանին, ով անցել է Սիրիայի պատերազմի բովով: Սփյուռքահայ երիտասարդը պատերազմի ընթացքում կորցնում է ամեն ինչ` տուն, ընտանիք, առողջություն. «Գալիս է Հայաստան և ստիպված է լինում կյանքը զրոյից սկսել՝ փորձելով գոյատևել։ Ավտոբուսի վարորդ է աշխատում, բայց նրա աշխատանքային առաջին օրը ճակատագրական է լինում թե՛ իր, թե՛ Վորոնեժ մեկնող ուղևորների համար։ Վանի վարած ավտոբուսը վթարի է ենթարկվում, ուղևորներից ոմանք մահանում են, մյուսներն էլ նրան են մեղադրում կատարվածի համար։ Անհասկանալի ձևով կտրվում է կապն արտաքին աշխարհի հետ, անտառից դուրս գալու բոլորը փորձերն ապարդյուն են լինում։ Վանն ու ուղևորները պարզում են, որ իրենք ծուղակի մեջ են ընկել և հայտնվել «Սատանի ձոր» կոչվող տարածքում, որտեղ, ըստ տեղացիների հյուսած առասպելի, խորհրդավոր ու անբացատրելի  երևույթներ են տեղի ունենում»։

26238835_1566168876807459_8315183892240254299_n26694188_1727140540640906_1394432620_n

Արմանի համար սցենարը շատ կարևոր է: Նրա խոսքով՝ ինքը փորձում է խուսափել անորակ աշխատանքներից ու ինքն է ընտրում իր դերերը. «Ես չեմ ուզում ընկնել այն վիճակի մեջ, որ օրեցօր մի բան անեմ, այնքան որ, օրվա եթեր լցնելու համար: Բարեբախտաբար, այս ֆորմատով ֆիլմերը, որոնք ստեղծում է «Արմենիա Պրեմիում» ալիքը, ավելի բծախնդիր ու մանրակրկիտ աշխատանք է պահանջում: Իհարկե, այսպիսի բարդ հոգեբանական կերպար մարմնավորելն այնքան էլ հեշտ չէր․ դա նույն  բանն է, ինչ, ասենք, ուրիշ մի կյանք, ուրիշ մի անձնավորության հասկանալն ու նորովի շունչ տալը, բայց ես փորձել եմ իմ ներսից հանել բնավորության այն գծերը, հատկանիշներն ու սկզբունքները, ցավերը, որոնք ունի կերպարը»: 

Ինտրիգներով լի հեռուստանովելը խոստանում է չձանձրանացնել: Դերասանը նշում է՝ չեն խնայել ռեսուրս, որպեսզի ստանան այն, ինչ ուզում են. «Բոլորս էլ մեր գործին մոտեցել ենք շատ պրոֆեսիոնալ, ու վստահ եմ՝ կունենանք նաև սպասված արդյունքը: Նկարահանումների 90 տոկոսն անտառում է եղել, ինչը, բնականաբար, տարբերվում է սենյակային տեսարաններից։ Բավականին բարդ ու երկար նկարահանումներ ենք ունեցել, սակայն դրան զուգահեռ փորձել ենք նաև գեղեցիկ տեսարաններ ստանալ»։

26229728_1566169026807444_4250197827113278845_n26229307_1566169160140764_5601522331521204263_n

Արմանը հիացած է նաև թիմային աշխատանքից ու այն ստեղծագործական մթնոլորտից, որը տիրել է նկարահանման հրապարակում. «Ունեցել եմ շատ լավ խաղընկերներ․ մի մասին մինչ այդ ճանաչում էի, մյուսներին էլ, ֆիլմը առիթ դարձավ, որ ճանաչեմ: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա նրանց հետ աշխատելու, բոլորն էլ պրոֆեսիոնալներ են ու իրենց գործի վարպետները: Ես միշտ ասում եմ՝ հեշտանում է դերասանի գործն այն ժամանակ, երբ կան լավ սցենար, պրոֆեսիոնալ խաղընկերներ և լավ ռեժիսոր»: 

«Ucom-ի հեռուստատեսային բաժանորդների համար աշխատանքային շաբաթն սկսվում է նոր հեռուստաֆիլմի հեռարձակմամբ, որը թույլ կտա ավելի սահուն անցնելու աշխատանքային ռեժիմի՝ վայելելով երեկոն մտերիմների հետ: Այս տարի կշարունակենք աջակցել որակյալ հեռուստաբովանդակության ստեղծմանը և տարածմանը: Հրաշալի է, որ Արմենիա Պրեմիումի շնորհիվ կարողացել ենք նոր նշաձող սահմանել հայրենական հեռուստաշուկայում և ստանալ իսկապես որակյալ հեռուստաարտադրանք»,- նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

26230789_1566168870140793_560550914496577912_n26195889_1566169153474098_2266312678967618383_n26195398_1566169170140763_4785090738673254360_n26648031_1727140547307572_1366611173_n

Նյութը՝ էմմա  Վարդանյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել